30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա մեծ ճոխություն է

Այնպես է դարձել, որ 8-9 տոկոս գնաճն իշխանություններն արդեն ֆանտաստիկ լավ արդունք են համարում։ Չեն հասկանում, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա չափազանց մեծ ճոխություն է։ Եթե մինչև 8-9 տոկոսանոց գնաճի պատճառով բնակչության կեսի եկամուտները ցածր էին աղքատության վերին գծից, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ ունենք նման բարձր գնաճից հետո։

Ամերիկայի հետ են համեմատվում։

«Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 տոկոսից ավելի, որն աննախադեպ է, մոտ 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ՝ Եվրոպայում: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական, այլ գլոբալ ֆենոմենի մասին, և այդ ներկապնակում կամ լանդշաֆտում ունենալ 8,5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8,5 տոկոս, ֆանտաստիկ լավ արդյունք է»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։ Ինչպե՞ս կարելի է Հայաստանում ու Ամերիկայում գնաճի ազդեցությունները համեմատել։

Ամերիկայում մարդկանց գնողունակությունը, նույնիսկ 8 կամ 8,5 տոկոս գնաճի պայմաններում, մի քանի անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Ամերիկայում բնակչության կեսն աղքատ չէ, ինչպես Հայաստանում։ Ամերիկայում մարդկանց եկամուտներն ավելի արագ են աճում, քան գնաճը։

Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում։

Վիճակագրությունը, ճիշտ է, միջին աշխատավարձի աճեր է արձանագրում, նույնիսկ ավելի շատ, քան գնաճն է, բայց հաշվե՞լ եք, թե դա բնակչության քանի տոկոսին է վերաբերում։

Միայն 500 հազարից ավելի թոշակառու ու 80 հազարից ավելի նպաստառու ունենք, որոնց թոշակներն ու նպաստները վերջին անգամ բարձրացել են 2020թ.։ Դրան հաջորդող տարում գնաճը Հայաստանում կազմեց 7,7 տոկոս։ Այս տարվա մայիսին էլ հասել է 9 տոկոսի՝ անցած տարվա գնաճի վրա։ Ու այդ ընթացքում շուրջ 600 հազար մարդու եկամուտ որևէ փոփոխություն չի կրել։ Չհաշված այն քաղաքացիներին, ովքեր ընդհանրապես չեն աշխատում կամ գործազուրկ են։

Ամենաթարմ տվյալներով, Հայաստանում աշխատունակ բնակչության 15-16 տոկոսը կամ շուրջ 180 հազար մարդ գործազուրկ է, չի աշխատում ու եկամուտ չի ստանում։ Ու դեռ ինչքան աշխատողներ կան, որոնց աշխատավարձը 75-80 կամ թեկուզ 100 հազար դրամ է և վերջին երկու տարիների բարձր գնաճի պայմաններում որևէ փոփոխություն չի կրել։

Այսպիսի սոցիալական պատկերի պարագայում, ինչպե՞ս կարելի է համեմատվել Ամերիկայի հետ։

Գնաճը սարսափելի չէ, երբ գոնե դրան համարժեք ավելանում են մարդկանց եկամուտները։ Այն, ինչից զրկված է մեր հասարակության մեծ մասը։ Կան մարդիկ, որոնց եկամուտները, անշուշտ, ավելացել են, նույնիսկ ավելի շատ, քան գնաճն է, բայց այդ մարդկանց քանակը Հայաստանում շատ քիչ է։ Նրանք մեծ տոկոս չեն կազմում հասարակության մեջ։

Հասարակության հիմնական մասի դեպքում եկամուտները չեն հասցնում գնաճի հետևից։

Սա է ամենամեծ խնդիրը, որին այսպիսի բարձր գնաճի պայմաններում բախվում են շատերը։ Հատկապես որ, գործ ունենք գնաճի տարբեր դրսևորումների հետ։

Հայտնի է, որ առավել շատ են թանկացել լայն սպառում ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ասենք՝ սննդամթերքը։

Սննդամթերքի գնաճը պաշտոնապես մեկ տարում հասել է 14,5 տոկոսի։ Այն 5,5 տոկոսային կետով բարձր է միջին գնաճից։ Ու երբ գնաճի մասին դատողություններ են արվում, առաջին հերթին պետք է հաշվի առնել դրա ազդեցությունը սննդամթերքի շուկայի վրա։ Թեև նույնիսկ դա բավարար չէ լիարժեք պատկերացնելու թանկացումների իրական հետևանքները։

Սննդամթերքի շուկան ևս բազմաշերտ է։ Երբ բացում ենք դրա շերտերը, տեսնում ենք, որ հետևանքներն անհամեմատ ավելի մեծ են, քան նույնիսկ 14-15 տոկոս գնաճի պարագայում է երևում։

Պաշտոնական տվյալներով, մայիսին բանջարեղենի գնաճը Հայաստանում անցել է 51 տոկոսից։

Եթե մի քիչ ավելի ենք տարրալուծում բանջարեղենի շուկայի պատկերը, տեսնում ենք, որ կաղամբը մեկ տարվա ընթացքում թանկացել է գրեթե 134 տոկոսով, վարունգը՝ 102 տոկոսով, կարտոֆիլը՝ 101 տոկոսով, կանաչին՝ ավելի քան 49 տոկոսով, լոլիկը և սմբուկը՝ շուրջ 25 տոկոսով, և այսպես շարունակ։

Սննդամթերքի բազմաթիվ այլ և ավելի հաճախ օգտագործվող տեսակների դեպքում ևս թանկացումների տեմպն անգամներով գերազանցում է գնաճի այն միջինացված ցուցանիշները, որոնք տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ։

Համոզվելու համար բերենք ևս մի քանի օրինակներ. այս տարի հնդկացորենի համար սպառողները ստիպված են գրեթե 42 տոկոսով ավելի վճարել, քան վճարում էին անցած տարի, ոսպի համար՝ 34 տոկոսով ավելի, բրնձի համար՝ գրեթե 16 տոկոսով ավելի, ալյուրի համար՝ 13,5 տոկոսով ավելի, ձկնամթերքի համար՝ 17 տոկոսով ավելի, մսի համար՝ 10 տոկոսով ավելի։

Գնաճն առաջին հայացքից ցածր է շաքարավազի և յուղերի դեպքում. առաջինի գինը վերջին մեկ տարվա ընթացքում բարձրացել է՝ 8,6, երկրորդինը՝ 5,8 տոկոսով։ Բայց դա տեղի է ունեցել այդ ապրանքների անցած տարվա չափազանց կտրուկ թանկացումներից հետո։ Անցած տարվա մայիսին շաքարավազի գնաճն անցնում էր 43 տոկոսից, իսկ յուղերինը՝ 33 տոկոսից։ Միայն արևածաղկի բուսական յուղը թանկացել էր 84 տոկոսով։

Դժվար չէ պատկերացնել, թե այսպիսի թանկացումներից հետո, նոր թանկացումներն ինչպիսի ազդեցություն են ունենում սպառողների գրպանի պարունակության վրա։ Հատկապես որ, այդ պարունակությունը չի ավելանում կամ այնքան չի ավելանում, որքան գնաճն է, առավել ևս՝ առաջին անհրաժեշտության նշված ապրանքների գնաճը։

Գնաճի հետ կապված ամբողջ խնդիրը սրանում է, որն իշխանությունները չտեսնելու են տալիս ու համարձակվում են անգամ համեմատություններ անել զարգացած երկրների հետ, որտեղ մարդկանց եկամուտներն ու գնողունակությունն անհամեմատ ավելի բարձր են, քան Հայաստանում։

Նույն Վրաստանում մայիսին գնաճն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Բայց այստեղ հացամթերքի գները մեկ տարվա ընթացքում բարձրացել են 4,8 տոկոսով, ծովամթերքինը՝ 1,8 տոկոսով, յուղերինը և ճարպերինը՝ 1,6 տոկոսով, և այլն։

Գնաճը միայն այն ցուցանիշը չէ, որը հրապարակվում է։ Այն բազմաթիվ շերտեր ունի, որոնց տակ էլ թաքնված է թանկացումների իրական ազդեցությունը։ Դա է, որը կարող է թույլ տալ գնահատել գնաճի ուղղակի և անուղղակի հետևանքները մարդկանց սոցիալական վիճակի վրա։

Այստեղ է, որ մեր հասարակությունը՝ ուրախանալու, իսկ իշխանությունները՝ հպարտանալու ոչ մի առիթ չունեն։ Գնաճի հետևանքները հետո կտեսնենք, երբ կհրապարակվեն աղքատության ցուցանիշները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս