Բացահայտումներ, որոնք կարող են ուղղակի կապ ունենալ «ատկատների» հետ․ Ո՞րն է եղել պետական մարմինների և պաշտոնատար անձանց հակամրցակցային գործունեության շարժառիթը

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր իշխանության գալուց հետո Հայաստանում մենաշնորհները վերացել են, ստեղծվել են ազատ գործելու և բիզնես անելու բոլոր հնարավորությունները։

Իհարկե, դրան քչերը կարող են հավատալ, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների, նաև ծառայությունների առանձին շուկաներում։ Կան իշխանություններին մոտ կանգնած գործարարներ, որոնք իրենց կամքն են թելադրում՝ ինչպես շուկայի մյուս մասնակիցներին, այնպես էլ՝ սպառողներին։ Կարող են բարձրացնել գները կամ իջեցնել՝ կիրառելով դեմպինգային երևույթներ։ Նման դեպքերում կարևոր չէ՝ դրանք կկոչվեն մենաշնորհնե՞ր, գերիշխող դիրք զբաղեցնողնե՞ր, թե՞ պարզապես շուկայի հասարակ մասնակիցներ։

Հաճախ էլ տեսնում ենք, թե ինչպես են միջազգային շուկաներում գները նվազում, իսկ Հայաստանում՝ ոչ։ Բարձրանալու դեպքում բարձրանում են, իսկ իջնելու դեպքում չեն իջնում կամ համարժեք չեն իջնում։

Թե ինչքանո՞վ է մրցակցային միջավայրը Հայաստանում արդյունավետ գործում, տեսանք նաև համավարակի ժամանակ, երբ Քովիդ հետազոտության թեստավորումն իրականացվում էր ինքնարժեքից մի քանի անգամ բարձր գներով, ու դրա դեմն առնելու համար պետական կառույցներն այդպես էլ ոչինչ չարեցին։

Հայտարարությունների մակարդակում Հայաստանում մենաշնորհներ չկան, բոլորի համար ստեղծվել են ազատ մրցակցության հնարավորություններ, բայց մրցակցային միջավայրի խախտման դեպքերը չեն նվազում։ Դա հաստատում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի օրերս հրապարակված անցած տարվա գործունեության հաշվետվությունը։

Հայտնաբերվել են հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման, պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից մրցակցության սահմանափակման բազմաթիվ դեպքեր։

Հանձնաժողովի հարուցած վարույթներից մեկով պարզվել է, որ տարբեր երկրներից բեռների առաքման ծառայություններ իրականացնող 3 ընկերություններ՝ «Գլոբալ Շիփփինգ», «Օնէքս» ՍՊ և «Շիփէքս» ՓԲԸ-ն, եկել են հակամրցակցային համաձայնության, բարձրացրել են և կիրառել ծառայությունների մատուցման միևնույն գները։

Գերիշխող դիրքի չարաշահում է արձանագրվել ձվի շուկայում։ Տեղի է ունեցել ձվի գների չհիմնավորված բարձրացում։ Ընդ որում՝ որոշ դեպքերում ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել իրացման գինը, այլև իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են գների բարձրացման։

Իշխանությունները մեկ անգամ չէ, որ խոսել են իշխանափոխությունից հետո պետական գնումների ոլորտում առկա չարաշահումների ու «ատկատների» վերացման մասին։ Չնայած դրան՝ Հանձնաժողովն անցած տարի գնումների ոլորտում մի շարք բացահայտումներ է արել, որոնք կարող են ուղղակիորեն կապ ունենալ նշված երևույթների հետ։

Ուսումնասիրելով A4 ձևաչափի թղթի գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերը, Հանձնաժողովը եզրակացրել է, որ մրցույթի մասնակիցներին ներկայացվել են մի շարք պահանջներ (խտություն, սպիտակություն, խոնավություն, թափանցելիություն, կոշտություն, հղում ապրանքային նշանին և այլն), որոնց սահմանման պարագայում տնտեսվարող սուբյեկտների համար կարող են չապահովվել հավասար մրցակցային պայմաններ։ Ելնելով դրանից, վարույթներ են հարուցվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, Էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Դատական դեպարտամենտի, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Կադաստրի կոմիտեի նկատմամբ։

Վարույթի արդյունքներով նշված պետական կառույցների գործունեությունը որակվել է՝ որպես «պետական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանում»։

Մեկ այլ դեպքում վարույթ է հարուցվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նկատմամբ՝ կապված վարչությունում գործող մեքենաների համար գլոբալ ցանցի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի իրականացման հետ։ Արձանագրվել է, որ տեխնիկական բնութագրերում սահմանվել են խտրական պայմաններ, ինչը հանգեցրել է Ոստիկանության կողմից կազմակերպված գնման ընթացակարգերին տնտեսվարող սուբյեկտների մասնակցության, ըստ այդմ՝ նաև վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության սահմանափակման։

Առողջապահության նախարարությունում ավելի հեռու են գնացել և մրցակցությունը խրախուսելու փոխարեն, խոչընդոտներ են ստեղծել դրա համար։

Դեղերի շուկայում գործող «Վան Ֆարմ» ընկերությունը 2020թ. դիմել է Առողջապահության նախարարությանը՝ ՌԴ-ից Հայաստան 40 անուն դեղ ներմուծելու թույլտվություն ստանալու նպատակով։ Առողջապահության նախարարությունը թույլատրել է ներկայացված 40 անուն դեղերից 19-ի ներմուծումը։ Մնացած 21-ի ներմուծման թույլտվությունը մերժել է՝ պատճառաբանությամբ, որ «Գեդեոն-Ռիխտեր» ԲԲԸ-ն, արտադրող գործարանից ներմուծել է «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության մեծածավալ քանակությամբ դեղեր՝ վեց ամսվա վաճառքի անխափան ապահովման նպատակով։

Մերժումը հիմնավորվել է այդ դեղերի բավարար քանակի առկայության մասին «Գեդեոն Ռիխտեր» ընկերության ներկայացուցչության գրության հիմքով։

Ազատ մրցակցության պաշտպանության տեսանկյունից սա ուղղակի զավեշտ է. մի ընկերության գործունեությունը սահմանափակել են, մյուսինը՝ օժանդակել կամ հովանավորել։

Մնում է պարզել, թե ո՞րն էր եղել դրանում Առողջապահության նախարարության հետաքրքրությունը։

Թվում է, թե այն պիտի մի բան էլ շահագրգռված լիներ, որպեսզի շուկայում նոր մասնակիցների ներգրավման միջոցով՝ մրցակցությունը մեծանար։ Ի վերջո՝ մրցակցությունն է նպաստում գների նվազեցման։ Բայց նախարարությունն անհայտ պատճառներով նախընտրել է սահմանափակել շուկայի մրցակցությունը։

Սա եզակի դեպք չէ, երբ պետական մարմինների կողմից առանձնահատուկ մոտեցում են դրսևորել այս կամ այն ընկերության նկատմամբ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դիմած «Գեոտեխ» ընկերությունը հայտնել է, որ ինքը և «Գեոէկոնոմիկա» ընկերությունը գործունեություն են ծավալում միևնույն ապրանքային շուկայում և հանդիսանում են մրցակիցներ։ Երկուսն էլ կատարում են հանքավայրերի մանրամասն կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումների և պաշարների գնահատման մշակման աշխատանքներ: Իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ընդերքաբանական ուսումնասիրությունների ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտները կազմում են հաշվետվություն և ներկայացնում հաստատման՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից հաստատված կազմով և կանոնակարգի համաձայն գործող պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովին: Հանձնաժողովն իրականացնում է ընդերքաբանական փորձաքննությունների շրջանակներում մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկում, դրանց ճշգրտում և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով, հանձնաժողովի «կորիզը» կազմել են 2 մրցակիցներից մեկի՝ «Գեոէկոնոմիկա» ընկերության հետ փոխկապակցված անձինք։ Այս դեպքում էլ հայտնի չէ, թե ո՞րն է եղել նախարարի կամ նախարարության հետաքրքրությունն այդ ընկերության նկատմամբ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բավարարվել է նրանով, որ նման գործունեությունը որակվել է որպես պետական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանում և կիրառում, ինչի համար նախազգուշացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս