Հայկական HealthTech ստարտափը՝ EMERGE 2022-ի հաղթող
EMERGE 2022-ն այս տարի անցկացվում էր Հայաստանում՝ ընդունելով գրեթե 3000 մասնակից ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:
EMERGE-ը միջազգային տեխնոլոգիական համաժողով է, որը միավորում է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, ԱՊՀ և Բալթյան երկրների ամենահեռանկարային ստարտափներին, տեխնոլոգիական տաղանդներին, ներդրողներին և էկոհամակարգի խաղացողներին:
Այն հիմնադրել են երկու երիտասարդ կին ձեռներեցներ՝ Մարգո Լազարենկովան և Ալինա Նիլսոնը, 2018 թվականին Մինսկում: 2021 թվականին համաժողովը համաճարակի պատճառով անցկացվեց առցանց և ներգրավեց ավելի քան 6500 համախոհների՝ ստարտափների, տեխնոլոգիական տաղանդների, ներդրողների, լրատվամիջոցների և կորպորատիվների: 2022 թվականին առաջին անգամ EMERGE-ը տեղի ունեցավ Հայաստանի մայրաքաղաքում։
EMERGE Challenge մրցույթն անցկացվում է 2018 թվականից, երբ հիմնադրվեց EMERGE համաժողովը։ Այս տարի EMERGE-ին ներկա էին 250-ից ավելի ստարտափներ, իսկ նրանցից մոտ 140-ը մասնակցեցին ոլորտային pitching մրցույթին: Հաղթողները որոշվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝ աշխատանքային պրոտոտիպ (միայն deeptech/hardware startup-ների համար), ներգրավում (օգտատերեր/հաճախորդներ), տարբեր երկրներում հասանելիություն և նախորդ 5 տարում մինչև 5 մլն եվրո ստացված ֆինանսավորում։ Ի դեպ, մրցող ստարտափները կարող էին գործել ցանկացած վայրում, սակայն նրանց հիմնադիրները պետք է ծագումով լինեին Նոր Արևելքի տարածաշրջանից:
Այս տարի Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Բալթյան երկրներից մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափները Amazon Web Services-ից (AWS) ստացան 5000 դոլար, իսկ Anania-ն և OxygenTech-ը Fourth Ventures-ը նրանց պարգևատրեցին 1597 դոլարով։
Մրցույթի հաղթողներն ընտրվել են 9 տարբեր կատեգորիաներում, այդ թվում՝ HealthTech, EdTech, B2C և Marketplaces և այլն։
Հայկական Way2AR ստարտափը հաղթող ճանաչվեց HealthTech կատեգորիայում։ Ստարտափը բժշկական տվյալները AR/VR տեխնոլոգիայի միջոցով տեսանելի է դարձնում դեղագործական մարքետինգի, բժիշկների կրթության և հիվանդների բուժման համար։
EdTech-ում հաղթեց LiveBoard-ը (ԱՄՆ)՝ ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար: DeepTech-ում՝ OxygenTech-ը (Մեծ Բրիտանիա)՝ իրական ժամանակում AI-ի վրա հիմնված ռենտգենային դասակարգիչ։ B2C և Marketplaces-ի հաղթողը Միացյալ Նահանգները ներկայացնող Brickit հավելվածն է, որն օգնում է Lego-ի առկա մասերից կառուցել նոր առարկաներ։
Մյուս կատեգորիաների հաղթողներն են՝
B2B. Anania (ԱՄՆ)՝ AI-ի վրա աշխատող ինքնասպասարկման վերլուծական հարթակ, որը թույլ է տալիս վերլուծական հարցեր տալ պարզ անգլերենով և ակնթարթորեն ստանալ պատասխաններ:
E-commerce․ CopyMonkey (Լատվիա)՝ SaaS, որն օգնում է Amazon-ում վաճառք իրականացնողներին ստեղծելու պրոդուկտների օպտիմիզացված բովանդակություն AI-ի միջոցով։
FinTech. Enty (Էստոնիա)՝ մեկ կառավարման վահանակ՝ գրասենյակային բոլոր մեխանիկական գործառնությունների համար։
HRTech. HintEd (ԱՄՆ)՝ հարթակ, որն օգնում է ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը՝ արդյունավետ դարձնելով ընկերություններում ծրագրավորողների ուսուցումը։
Creative Tech և Marketing Tech․ NeuroDub (Նիդեռլանդներ)՝ տեխնոլոգիա, որը ավտոմատ ձայնային թարգմանում է տեսանյութի բովանդակությունը։
Բացի հիմնական մրցանակից՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները AWS Startup Business Development-ից ստացան մենթորության, ինչպես նաև, իրենց ոլորտին համապատասխան, վենչուրային կապիտալներին կամ Amazon-ի բաժիններին (Amazon Pay, Amazon Devices, Amazon Alexa, Amazon Prime և այլն) ներկայացում:
Սիրարփի Աղաբաբյան