«Այս պահին հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ չի բխում ՀՀ շահերից, մեզ համար լավագույն տարբերակն այս պահին հակամարտության կարգավորման սառեցումն է». Ռոման Կարապետյան

Արցախի շուրջ ընթացող գործընթացների, սկզբունքների, Արցախի ինքնորոշման իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս կարգավիճակի շուրջ 168.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Ռոման Կարապետյանի հետ։

– Պարոն Կարապետյան, Արցախի հիմնախնդրի շուրջ այսօր բանակցություններ, որպես այդպիսին, չեն ընթանում, կան միայն քննարկումներ։ Ըստ Ձեզ, այդ քննարկումներն ի՞նչ սկզբունքների շուրջ են ընթանում։

– Ճիշտ նկատեցիք, որպես այդպիսին, բանակցային գործընթաց չկա, որովհետև բանակցությունները ենթադրում են բանակցող կողմերի միջև բանավեճ, փոխզիջում և այլն։ Իսկ այս դեպքում մենք ընդամենը ականատես ենք ադրբեջանական կողմից հաղթողի դիրքերից պահանջների ներկայացման, իսկ հայկական կողմից էլ՝ շատ զգուշավոր քաղաքականության։ Չգիտեմ, այդ զգուշավոր քաղաքականությունը ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց ամեն դեպքում նաև շատ թույլ դիրքերից բանակցություններում հանդես գալը ևս ընդունելի տարբերակ չէ։ Ամեն դեպքում ֆիքսենք մեկ բան, որ Ադրբեջանը փորձում է չկրկնել այն սխալները, որ մենք արել ենք 1990-ականների պատերազմից հետո, այսինքն՝ այսօր Ադրբեջանը հաղթելուց հետո փորձում է հարցին տալ ամբողջական փաթեթային կարգավորման տարբերակ։

Մենք կողմ էինք հակամարտության փաթեթային տարբերակով կարգավորմանը, հիմա Ադրբեջանն է այդ ճանապարհով գնում, այսինքն՝ փորձում է միանգամից լուծել և Արցախի կարգավիճակի հարցը, և, որպես այդպիսին, նա կարգավիճակ չի տեսնում, տեսնում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Նաև փորձում է լուծել Հայաստանի հետ սահմանային խնդիրները, արդյունքում՝ ամբողջական հարցի կարգավորում։ Բոլոր տեղերում Ադրբեջանը հանդես է գալիս այն մաքսիմալիստական դիրքերից, որոնց մասին մինչև պատերազմը խոսում էր, այն ժամանակ զիջման տեղ թողնում էր, իսկ այսօր առհասարակ չի թողնում։

– ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական ձևաչափ, այս քննարկումներում առհասարակ ներկա՞ է։

– ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես այդպիսին, միշտ էլ եղել է որպես գործիք՝ պատերազմական գործողությունները հետաձգելու կամ ռազմականացման փուլն ինչ-որ չափով զսպելու համար։ Իսկ որպես արդյունավետ գործիք՝ կողմերի միջև բանակցային գործընթացում չէ, այսինքն՝ Մինսկի խումբը չունենալով որևէ մանդատ հակամարտող կողմերի վրա ազդելու՝ մշտապես առաջարկներ է արել, որոնք կողմերը մերժել են։ Բնակցությունների մեջ Մինսկի խմբի արդյունավետության գնահատման միակ մեխանիզմը պատերազմական գործողությունները զսպելու կամ հետաձգելու ֆունկցիան է եղել։ Այսօր առավել ևս այն չի աշխատում, որովհետև Մինսկի խմբի ֆորմատն այդ ձևաչափով չի գործում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների պատճառով։ Իսկ այս պահին, փաստորեն, հակամարտության կարգավորման գործընթացը հետևյալն է՝ երեք թևի է բաժանված՝ ռուսական, եվրոպական և ընդհանուր արևմտյան թևեր։ Այդ կողմերից այս պահին ակտիվ է եվրոպական թևը և հարաբերականորեն պասիվության փուլ է մտել ռուսական թևը՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով։ Սակայն փորձում են միմյանց բալանսավորելով առաջ տանել՝ բնականաբար, ամեն մեկն իր շահերի օրակարգից ելնելով։

– Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, միայն հայտարարում են, որ Արցախում ապրում են մարդիկ, նրանք ունեն իրավունքներ, և այդ իրավունքներից պետք է բխեցնել կարգավիճակը։ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ չտանելն ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ Արցախի և առհասարակ արցախահայության համար։

– Այս հարցը կարող եմ դիտարկել երկու տեսակետից՝ զգուշավորության և ռեալ պոլիտիկի։ Եթե նայենք զգուշավորության տեսակետից, բնականաբար, այս պահի դրությամբ, անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության, ՀՀ ազգային շահերից ենթադրող բանակցային ձևաչափը պետք է ենթադրի, որ հակամարտությունը դեռ պետք է տանենք սառեցման։ Այս պահին հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ չի բխում մեր շահերից, մեզ համար լավագույն տարբերակն այս պահին հակամարտության կարգավորման սառեցումն է։ Այս տրամաբանությունից ելնելով՝ զգուշավորությունը տեղին է։ Սակայն եթե դիտարկենք ռեալ պոլիտիկի տեսանկյունից, ապա հարց է առաջանում՝ այսօր իշխանություններն առաջնորդվում են զգուշավորությամբ, թե՝ անում է այն, ինչից մարդկանց մեջ շատ փոքր պատասխանատվություն կլինի, քանի որ այդ քայլին գնալը կնշանակի՝ հայկական պետականության թուլացում։

– Եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանին, իրատեսակա՞ն եք համարում, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի որևէ խնդիր լուծել, այդ թվում՝ Արցախի ու Հայաստանի անվտանգության խնդիրները։

– Առհասարակ դժվար է բանակցել հաղթող կողմի հետ, եթե նա առաջնորդվում է ոչ թե խաղաղության օրակարգով, այլ ճնշման օրակարգով։ Դիվանագիտությունը շատ կարևոր գործիք է բանակցային և հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Սակայն, բնականաբար, չի կարող հայկական դիվանագիտությունն արդյունավետ գործի, եթե ռազմի դաշտում հաղթանակներ չունի, իհարկե, կարող է որոշ չափով բալանսավորել, ճնշումը թուլացնել, սակայն չի կարող հօգուտ հայկական կողմի ամբողջությամբ աշխատել։ Միջազգային հարաբերություններում նման պրակտիկա չի եղել, կամ եղել են եզակի դեպքեր, քանի որ աշխարհաքաղաքական իրողություններն են տարբեր եղել։ Տվյալ պարագայում շատ դժվար է պատկերացնել՝ բանակցային գործընթացով հավասարակշռել այն, ինչը կորցրել ենք ռազմի դաշտում։ Ամեն դեպքում դիվանագիտությունը կարող է ծառայել գործիք, որպեսզի գոնե թուլացվի այն ամենը, ինչը մեզ պարտադրվում է։

– Դուք նշեցիք, որ այս իրավիճակում լավ կլինի, որ հակամարտությունը որոշ ժամանակով սառեցվի, հայկական կողմի դիվանագիտությունն արդյո՞ք ուղղված է խնդիրը որոշ ժամանակով սառեցնելուն։

– Տվյալ դեպքում ես հետաքրքիր տարբերություններ եմ տեսնում ԱԳՆ-ի և կառավարության գործելաոճում։ Օրինակ, ինչ-որ իրավիճակի տեսնում ենք, որ ԱԳՆ-ն հանդես է գալիս խիստ հայտարարություններով՝ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, նշելով, որ չեն կարող առաջնորդվել միայն Ադրբեջանի թելադրած օրակարգով, պետք է բանակցություններն ընթանան երկու կողմերի առաջարկների հիման վրա, իսկ Կառավարության ղեկավարն ասում է՝ դե, սա է իրավիճակը, ի՞նչ կարող ենք անել։ Այստեղ ես դիսբալանս եմ տեսնում, հուսամ, որ սա հստակ պայմանավորվածություն է, հուսամ, որ մեր դիվանագիտությունը վերջնականապես չի մեռել, և կան մեխանիզմներ, որոնք օգտագործվում են՝ մի կողմից՝ թույլ չտալու, որ Ադրբեջանը գնա պատերազմի, մյուս կողմից՝ սառեցնելու գործընթացը, քանի որ, եթե այս պահին գնան հակամարտության կարգավորման, նշանակում է՝ իրականացնել Ադրբեջանի թելադրած օրակարգը։

Տեսանյութեր

Լրահոս