«Իրենց գործը փաստաբանությամբ զբաղվելն է, այլ ոչ թե Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Եվրոպայում քարոզելը». Տարոն Սիմոնյանը՝ CCBE-ին Ադրբեջանի փաստաբանների անդամակցության ու հեռահար նպատակների մասին

Մայիսի 13-ին Դուբլինում կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Եվրոպայի իրավաբանական համայնքների ու փաստաբանների խորհրդի (CCBE) անդամ:

Այս մասին հունիսի 3-ին ադրբեջանական գլխավոր քարոզչամեքենայի՝ haqqin.az-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի անդամ Իսմայիլ Կենգերլին:

«CCBE-ի անդամություն ստացած ադրբեջանցի փաստաբանների վրա կարևորագույն խնդիր է դրված՝ անել այնպես, որ Ադրբեջանի ճշմարիտ դիրքորոշումը լսելի դառնա եվրոպական իրավական հարթակներում, իսկ Ղարաբաղի և Զանգեզուրի իրողությունները դառնան միջազգային իրավունքի մակարդակի քննարկվող հարցեր»,- ասել է Իսմայիլ Կենգերլին:

Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի խորհրդի անդամի խոսքով՝ CCBE-ին անդամակցությունը եվրոպական իրավաբանական հարթակը բացում է ոչ միայն կազմակերպությունների, այլև ադրբեջանցի բոլոր իրավաբանների համար:

«Իսկ դա նշանակում է, որ նախագահ Իլհամ Ալիևի կողմից հանրահռչակված «երկաթյա բռունցքի» քաղաքականությունը պետք է շարունակվի իրավական դաշտում, իսկ ադրբեջանցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանան նաև միջազգային իրավունքի դաշտում»,- ասել է Կենգերլին:

Ադրբեջանում CCBE-ին անդամակցումը համարում են միջազգային հարթակներում վերջին 4 տարիներին այդ երկրի ամենանշանակալից ձեռքբերումներից մեկը, համարում, որ այդ հաջողությունը դրականորեն է ազդում Ադրբեջանի վարկանիշի վրա, քանի որ շատ տարիների ընթացքում Ադրբեջանի և CCBE-ի միջև եղել է որոշակի լարվածություն և անհասկացվածություն: Իսկ հիմա, ըստ ադրբեջանական կողմի, որպես Ադրբեջանի որդեգրած մտածված արտաքին քաղաքական կուրսի հետևանք, իրական հնարավորություններ են ստեղծվել ակտիվ գործունեություն ծավալել նաև միջազգային հարթակում, ինչպես նաև սեփական դիրքորոշումն արտահայտել չհիմնավորված պահանջների դեմ:

Կայքը հիշեցրել էր նաև, որ CCBE-ն Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ կազմակերպություններից մեկն է:

Երեկ 168.am փորձեց կապ հաստատել Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ՝ ցանկանալով ճշտել՝

1. Արդյո՞ք Հայաստանի փաստաբանների պալատը նշված միջազգային կառույցի անդամ է:

2. Արդյո՞ք Հայաստանի Փաստաբանների պալատն արձագանքել է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի անդամի այս հայտարարությանը, երբ փաստացի իրավական հարթակում փորձ է արվում առաջ տանել քաղաքական գործընթացներ:

Պալատի նախագահի հետ, սակայն, մեզ կապ հաստատել չհաջողվեց: Հարցերը մենք նրան փոխանցեցինք խոսնակի միջոցով, ով ասաց՝ Պալատում որակավորման քննություններ են, զբաղված են, բայց անպայման հնարավորինս կարճ ժամանակում կպատասխանեն մեր հարցերին: Փաստաբանների պալատի արձագանքը ստանալուն պես մենք այն անպայման կհրապարակենք:

Թեմայի վերաբերյալ լսեցինք նաև Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդի նախկին անդամ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, միջազգային իրավական հարցերից քաջատեղյակ Տարոն Սիմոնյանի տեսակետը:

«Այն, որ Ադրբեջանը վերջին տասնամյակներում հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնելու է իր քաղաքական դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ, գաղտնիք չէ: Սա ևս մեկ առիթ է, որ Ադրբեջանն օգտագործի իր ապատեղեկատվությունը նաև այս հարթակում առաջ տանելու հնարավորությունը: Բայց միանշանակ փաստաբանական համայնքը մասնագիտական համայնք է, և նա իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել՝ որպես իր մասնագիտական գործունեության ուղղություն»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ որպես անհատներ, իհարկե, բոլորն էլ կարող են քաղաքական դիրքորոշում ունենալ, բայց վերցնել CCBE-ի միջազգային հարթակն ու այն օգտագործել քաղաքական քարոզ իրականացնելու համար, բնականաբար, անթույլատրելի է:

«Թե՛ մեր փաստաբանական կառույցները, թե՛ ՀՀ Փաստաբանների պալատը, և թե՛ մեր եվրոպական գործընկերները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանկարծ այդ հարթակը ևս չքաղաքականացվի»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա հույս ու նաև ինչ-որ առումով վստահություն հայտնեց, որ մեր բոլոր փաստաբանները, ովքեր կապ ունեն ՀՀ Փաստաբանների պալատի հետ, նաև Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում ու այլ երկրներում ապրող ու փաստաբանական գործունեություն ծավալող մեր հայրենակիցները կօգտագործեն իրենց ձայնը, որպեսզի թույլ չտան՝ ադրբեջանական ապատատեղեկատվությունը հնչի ու տարածվի նաև այդ հարթակից:

«Պարզ է, որ վերջին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը պետք է ոգևորվեր և յուրաքանչյուր հարթակում էլ ավելի ինքնավստահ ձևով հանդես գար: Սա դրա դրսևումներից հերթականն է, բայց մենք պետք է ադրբեջանցի բոլոր փաստաբաններին հիշեցնենք, որ իրենց գործը փաստաբանությամբ զբաղվելն է, այլ ոչ թե Ադրբեջանի պատերազմական հանցագործություններ Եվրոպայում քարոզելը»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս