
Մոլդովայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել

Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դուպուն հայտարարել է, որ Մոլդովայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել:
Այդ մասին հունիսի 8-ին հաղորդել է TVR հեռուստաալիքը: Ռումինիայի խորհրդարանը 2009 թվականին օրենք է ընդունել, որը դյուրացնում է Մոլդովայի բնակիչներին քաղաքացիություն տալու կարգը: Պրուտ գետի ձախ ափի բնակիչներին ռումինական անձնագիր ստանալու համար հարկավոր չէ անցնել ռումիներեն լեզվի իմացության պարտադիր հարցազրույց: Միաժամանակ Ռումինիայի քաղաքացիության իրավունք են ստացել մինչեւ 1940 թվականը Մոլդովայի տարածքում ապրող բոլոր բնակիչները, երբ Բեսարաբիան, որը ռումինական զորքերի կողմից գրավվել էր 1918 թվականին, միացվեց ԽՍՀՄ-ին:
Այդ նորման տարածվել է «Մեծ Ռումինիայի» նախկին հպատակների ե՛ւ զավակների, ե՛ւ թոռների վրա: Նրանք, ինչպես կարծում են օրենսդիրները, «քաղաքացիությունը կորցրել են իրենցից անկախ հանգամանքներով»: Ռումինական օրենքը թույլ է տալիս պահպանել Մոլդովայի եւ երրորդ երկրների իրենց քաղաքացիությունը: «Պրուտ գետի ձախ ափի գրեթե մեկ միլիոն բնակիչներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել: Նրանք ռումինացիներ են, եւ փաստաթղթերի հիման վրա ապացուցում են դա: Քաղաքացիության գործերի ազգային վարչությունում ներկայում քննարկվում են եւս 100 հազար հայտեր:
Համավարակը մտցրել է իր ճշտումները. գործընթացը դանդաղ է ընթացել: Վերջին ժամանակներս տեմպն արագացել է, բայց հարցումները շատ-շատ են»,-ասել է Դուպուն՝ հանդես գալով հանրային հեռուստատեսության հատուկ թողարկման ժամանակ: Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Բուխարեստն աշնանը Քիշնեւում 30-ից ավելի նախագծեր կգործարկի մշակույթի, ԶԼՄ-ների ազատության եւ կրթության բնագավառում: Դրանք կֆինանսավորվեն բացառապես Ռումինիայի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: