Բաժիններ՝

Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից. քաղաքապետ

«Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել:

«Այս պահին, որպես այդպիսին, արձանագրում չկա, որ շինարարի մեղքով է եղել այդ ամենը: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Շինարարն իր միջոցներով վերականգնում է այդ ճանապարհը: Կարծում եմ, որ այդ հատվածում ցանկացած շինարարի հետ հնարավոր էր, որ կարող է տեղի ունենալ: 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի, երկու հերթափոխով աշխատանք են անում»,- հավելել է Հրաչյա Սարգսյանը:

Հավելենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ավելի վաղ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ստուգումներ իրականացվում են, և եթե՝ այո, ապա ե՞րբ կավարտվեն: Հարցին ի պատասխան՝ ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնեց, որ տեսչական մարմինը չափագիտական ստուգումներ է իրականացնում, և այն կավարտվի մեկ շաբաթից:

Քաղաքաշինական փաստաթղթերը կստուգեն, ու եթե շեղումներ հայտնաբերեն՝ վարչական պատասխանատվության կենթարկեն:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց՝ բազմիցս է խոսել Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին, քանի որ առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու՝ կառուցվում է հայաստանյան միջին մեծության քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս