Բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը. այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալՀաշվի առնելով հանրային քննարկումներում հայ-ադրբեջանական բանակցությունների և դրա բովանդակության շուրջ առկա մտահոգությունները ցանկանում ենք արձանագրել, որ.

1. 2020թ.-ի պատերազմը արտաքին միջամտության արդյունքում դադարեցվեց այնպիսի իրավիճակում, որում կողմերից որևէ մեկը լիակատար հաղթանակի կամ պարտության փաստը արձանագրել չի կարողացել։

2. Վերլուծելով խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական  սուբյեկտների դիրքորոշումները, կարծում ենք, որ այժմ ընթացող բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ոչ խնդրի վերջնական լուծմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։ Ավելին՝ ստատուս քվոն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ։

3. Նոր ստատուս-քվոն պիտի սահմանի կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և դրանք պաշտպանելու օրինական միջոցների ձևն ու ծավալը։

Այսպիսով ստեղծվել է իրավիճակ, որում  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կուրսի վտանգավորությունը ոչ թե այն է, որ իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով, այլ այն, որ նրանք կսառեցնեն հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով։ Եվ հաջորդ էսկալացիան տեղի կունենա մի պայմաններում, երբ հայերը ստիպված կլինեն պաշտպանել սեփական կյանքը այնպիսի տարածքների վրա, որոնց նկատմամբ բոլոր քաղաքական իրավունքները զիջել են Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքական գիծը և դրա հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա` առաջինից երկրորդ պատերազմն ընկած ընթացքում։

Ըստ այդմ հայկական դիվանագիտության խնդիրը, իսկ դրա անկարողության դեպքում հանրության խնդիրը պիտի լինի նոր գծագրվող ստատուս-քվոյի շրջանակներում Արցախի նկատմամբ արցախցիների իրավունքի հնարավորության պահպանումը։

Մյուս խնդիրը սեփական իրավունքները պաշտպանելուն ունակ արդյունավետ պետության կազմակերպումն է, որի անվտանգային բաղադրիչն այսօր, պետք է արձանագրենք, որ գտնվում է լիակատար անտեսման վիճակում։

Պետությունը առհասարակ իրար նկատմամբ պարտավորություններ ունեցող և այդ պարտավորությունները պաշտպանող մարդկանց միավորում է։ Հայաստանը անկախության հռչակագրով, սահմանադրությամբ և Գերագույն Խորհրդի օրենքի ուժ ունեցող որոշումով պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով։ Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի։
Չճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը Հայաստանը չի կարող հանդես գալ դրա միջազգային ճանաչմանն աջակցողի դիրքերից, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի ներկա և նախկին կառավարող շրջանակները իրենց պաշտոնական դիրքորոշումներում որևէ կերպ այդ իրավունքին չեն վերաբերվել ավելի վճռականորեն, քան համանախագահող երկրները, որոնք ևս պնդում են, որ տեսականորեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, սակայն, այս պահին Արցախի հայերի այդ իրավունքի իրացման փաստը չեն ճանաչում։

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր Մարմին

 

Տեսանյութեր

Լրահոս