«Նիկոլը զզվում է ոստիկանի համազգեստից և պատժում է ոստիկաններին». Դավիթ Գրիգորյան
«Մենք անդունդի եզրին չենք, մենք անդունդի մեջ ենք՝ մեզ վրա հող են լցնում վերջնական: Ուղղակի այդ հողը արդեն որոշ մարդկանց է հասել, զգում են և փորձում են իրենք էլ մասնակցել փողոցային պայքարին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ նախկինում բարեխիղճ, պետությանը ծառայող մարդիկ քարը քարի վրա դնելով՝ պետություն են ստեղծել, բայց նաև եղել են մարդիկ, որոնք միայն իրենց անձնական խնդիրներն են լուծել և խանգարել պետության կառուցմանը.
«Այսօր միայն մի տեսակ կա՝ քանդողներ, որովհետև սրանք իրենց կյանքում անգամ մի ծառ չեն տնկել: Դրա համար, այսօր պայքարի այն մարդիկ են, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ աշխատել են՝ պետական ինստիտուտներ են կառուցել, պետական ծառայողի դաստիարակություն են ստացել, պետության նշանակությունն ու դերը գիտակցել են և այսօր պայքարում են պետությունը չկորցնելու համար: Իսկ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ էլ եղել են ու դրա մասին չեն մտածել, այսօր շարունակում են ծառայել»:
Դավիթ Գրիգորյանն ընդգծեց, որ իրենց պայքարը քաղաքական չէ. «Այսօր որևէ քաղաքական խնդիր չի լուծվում, լուծվում է մեր պետության լինել-չլինելու խնդիրը: Եվ ընդհանրապես, այսօր անունը խաղաղության պայմանագիր դնելով՝ մարդիկ ուզում են կտրել հայի աորտան: Օրգանիզմի աորտան երբ կտրեն՝ մյուս բոլոր օրգանները կդադարեն գործել: Որ ասում են՝ նախկին թալանչիներ. նախկին թալանչիները բոլորն այսօր իրենց հետ թալանի մեջ են»:
Նա դիմեց այն մարդկանց, ովքեր ասում են, թե այսինչ կամ այնինչ մարդու պատճառով չեն միանում պայքարին. «Տարիներ շարունակ այդ մարդկանց դռների դիմաց հերթ եք կանգնել, քծնել, որ ձեզ աշխատանք տան: Ձեր կանանց հանում էիք՝ իրենք կողքը իրենց միջոցառումներին պարացնում էիք, հիմա նստել՝ այդ մարդկանց մասին խոսո՞ւմ եք: Այդ մարդիկ այսօր հրապարակում գիտակցելով պայքարում են մեր երկրի, պետության ու ազգի համար, նստել եք տները՝ անկապ ասում եք՝ որ սա այնտեղ է, չենք գնում: Դո՛ւք գնացեք այնտեղ»:
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա ընդգծեց. «Նիկոլը զզվում է ոստիկանի համազգեստից և պատժում է ոստիկաններին: Թուրքերին հաճոյանալու համար դարձրել է Դեր Զորը, հա՞. Մենք քայլում ենք, կողքից էլ՝ ոստիկանները: Տպավորություն է, թե Եղեռնի ժամանակ թուրք ոստիկանները ձիերով քայլում էին, մեր հայրենակիցներին էլ մեջտեղով տանում էին Դեր Զորի անապատ՝ կոտորելու: Չի՛ ստացվելու, որովհետև հայի աչքերը բացվել են, և գիտակցում է, որ իր փրկությունը միայն իր ձեռքերում է, ոչ թե՝ օտարների մոտ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում