Վճռաբեկ դատարանի միջոցով Փաշինյանը մաքրում է իրեն ծառայություններ մատուցող նախկին դատապարտյալներին, Արման Բաբաջանյանի դատավճիռը բեկանվել է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Վճռաբեկ դատարանն օգտագործել՝ իրեն ծառայություններ մատուցող նախկին դատապարտյալներին «մաքրելու» համար, այժմ հերթը հասել է Արման Բաբաջանյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

Մասնավորապես, բանակից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար 2006թ մեղավոր ճանաչված և չորս տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի վերաբերյալ քրեական գործով նոր քննություն կիրականացվի։ Պարզվում է, 2022թ մայիսի 20-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Բաբաջանյանի բողոքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով բեկանելով վերջինիս վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006թ. սեպտեմբերի 8-ի դատավճիռն ու ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007թ. հունվարի 12-ի դատավճիռը մասնակիորեն՝ գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Գործը նոր քննության ուղարկվելուց հետո մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին։

Հիշեցնենք, որ 2006թ սեպտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Արման Բաբաջանյանին՝ բանակից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ Դատարանը փաստաթղթեր հափշտակելու մասով առաջադրած մեղադրանքում Բաբաջանյանին մեղավոր չի ճանաչել։ Նշենք, որ մեղադրող դատախազ Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր Բաբաջանյանին դատապարտել ազատազրկման՝ 4.5 տարի ժամկետով։ Արման Բաբաջանյանն ընդունել է, որ խուսափել է զինվորական ծառայությունից և զղջացել դրա համար։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը։ Արման Բաբաջանյանն ազատ է արձակվել 2009թ օգոստոսի 4-ին՝ պայմանական վաղաժամկետ՝ պատիժը 3.5 տարի կրելուց հետո։

Ա.Բաբաջանյանը կեղծել էր ընկերոջ փաստաթղթերը, որի շնորհիվ «սեփականաշնորհել էր» վերջինիս ընտանիքը, այսինքն ներկայացրել էր, թե, իբր, ամուսնացած է եւ ունի երեխաներ ու այդ հիմքով ազատվել բանակից։

Տեսանյութեր

Լրահոս