Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը
Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հրավերով (խմբ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) հունիսի 2-ին և 3-ին կլինեմ Հունաստանի հետ բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապեր ունեցող Հայաստանում: Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կունենամ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հետ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոս Խարդալիասը՝ տեղեկացնելով, որ հանդիպումներ են նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին:
Նախատեսված են նաև այցեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ինչպես նաև, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: