Փաշինյանի իշխանությունն ուժեղ ճնշման տակ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. կգնա համագործակցության. Արման Մելիքյան

Այսօր Արցախի ապագան կախված է նրանից, թե աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում Հայաստանի իշխանությունն իրեն ինչպե՞ս կպահի, ուստի, հիմա խնդրահարույց է այն, որ ընդամենը իր իշխանության պահպանման մասին մտածող Փաշինյանի իշխանությունը Հայաստանի և Արցախի անվտանգության համար շատ կարճ ժամանակահատվածի կտրվածքով է կարողանում ինչ-որ բան անել, մինչդեռ, մենք կարիքն ունենք երկարաժամկետ ռազմավարությունների։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տարածաշրջանային զարգացումների համատեքստում խոսելով Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումների մասին, նման պնդում արեց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը՝ ուժային առումով, ուստի հիմա շարունակում է իր միջազգային գործընկերների հետ բարձրացնել ընդամենն Արցախի հետ փոխկապակցված խնդիրներ։

Սա սպասելի էր, որովհետև Փաշինյանի Կառավարությունն իր ծրագրում չէր էլ նախատեսում Արցախի տարածքային ամբողջականության անվերապահ պաշտպանություն, հետևապես, ի սկզբանե Փաշինյանի Կառավարությունն այդ ծրագրով է եկել, և դա է պատճառը, որ Արցախի տարածքի պաշտպանության համար որևէ քայլ չի կատարել, և տեսանելի էլ չէ, որ հիմա գոնե մշակված ծրագիր ունեն այս իրավիճակից դուրս գալու համար։

Ավելին, հիմա Փաշինյանի իշխանությունն ուժեղ արտաքին ճնշման տակ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. չունի նաև ձևակերպված շահեր, ուստի կարող է, թերևս, միայն ժամանակ շահել սահմանագծման և սահմանազատման անվան տակ»,- ասաց Արման Մելիքյանը՝ ընդգծելով, որ ժամանակն օգտագործելու և ռազմավարություն մշակելու փոխարեն, ՀՀ իշխանությունը խոսում է ընդամենը Արցախին տրվող սոցիալական աջակցության ծրագրերի մասին:

«Ինչ ունեն, դրա մասին էլ խոսում են. չունեցած ռազմավարական ծրագրերի մասին ինչպե՞ս կարող են խոսել։ Հատկապես դատելով Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի կողմից «Ղարաբաղի էթնիկ բնակչության իրավունքների» մասին ասվածից, կարելի է ենթադրել՝ հիմա խոսքը գնում է Արցախի ինքնորոշման և ինքնիշխանության խնդիրը քաղաքական օրակարգից հանելու մասին։ Ուշագրավ է, որ այս հարցի վերաբերյալ Եվրոպայի համար բացարձակ մեկ է, թե Արցախն ի՞նչ կարգավիճակ կունենա, Եվրոպան միայն շահագրգռված է, որ ադրբեջանական նավթն ու գազը Թուրքիայի տարածքով հասնեն իրենց, ու կարևոր էլ չէ՝ Արցախը ո՞ր պետության կազմում կլինի»,- ասաց Արցախի նախկին արտգործնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Արցախն այսօր հայտնվել են 92 թվականի վիճակից էլ վատ վիճակում՝ պատերազմի աղետալի հետևանքներով ու նաև նրանով, որ այժմ Հայաստանի իշխանությունները չեն էլ կարողանում Հայաստանի շահը ձևակերպել ու առաջնորդվել դրանով։

«Այս իշխանություններն ունակ չեն Հայաստանի շահերը ոչ միայն ձևակերպել, այլ նաև հետամուտ լինել դրանց. այս իշխանությունները կոլաբորացիոնիստներ են, որովհետև պարտված են, ուստի հիմա պետք է գնան համագործակցության՝ նաև Թուրքայի և Ադրբեջանի հետ, եթե, իհարկե, դրա պահանջը լինի Մոսկվայի և Բրյուսելի կողմից»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով՝ Հայաստանն ինքնիշխանությունը կորցրած պետություն է, իսկ դա վերագտնելու համար ոչ ստանդարտ մոտեցումներ են պետք, որը ո՛չ իշխանությունը, ո՛չ փողոցում հանրահավաքներ իրականացնող ընդդիմադիր ուժերը չեն ցուցաբերում։

«Մինչդեռ ինքնիշխան լինելը բացառապես մեր ազգային խնդիրն է, և որևէ մեկը մեր փոխարեն դա չի անելու»,- ասաց Արցախի նախկին արտգործնախարարը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս