
Լեհաստանում եւ Բալթկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները

Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը:
Հաղորդվում է, որ վարժանքները տեղի կունենան մայիսի 30-ից մինչեւ հունիսի 12-ը չորս երկրների եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային տարածության օգտագործմամբ: Զորավարժությունների ընթացքում կկատարվեն իրական թռիչքներ: Զինավարժանքները պլանավորվում է անցակացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ: «Զորավարժություններին մասնակցում են դաշնակիցների ռազմա-օդային ուժերը եւ ցամաքային հրթիռային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում եւ կառավարում են ՆԱՏՕ-ի կառույցները»,- տեղեկացրել է Լեհաստանի հրամանատարությունը:
Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Իսպանիայից: «Զինավարժանքները, որոնք կանցկացվեն Եվրոպայի տարբեր երկրներում, պլանավորվել են՝ ելնելով զանազան եւ իրական իրավիճակային պայմաններից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Այս տարի զորավարժությունների նպատակն է «ստորաբաժանումների փոխգործակցության եւ պատրատականության ամրապնդումը, ինչն արդյունքում կուժեղացնի դաշնային երկրների տարածքների, ուժերի եւ բնակչության պաշտպանությունը սպառնալիքներից, հրթիռային կամ օդային գրոհներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: