ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսել
Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ փաստաթուղթն էր հրապարակել՝ առանց որևէ մեկնաբանության:
Փաստաթղթում ԲԴԽ անդամին (Ռուբեն Վարդազարյան,- Գ.Ս.) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի կազմի վերաբերյալ Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանին հղված գրությունն է՝ անհասկանալի է՝ ում կողմից ստորագրված:
Ինչևէ, հանձնախմբի կազմում են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը:
Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, Ռուբեն Վարդազարյանը ևս մեկ գրառմամբ էր հանդես եկել, որից պարզ է դառնում այսօր հրապարակած փաստաթղթի ու դրա ներքո եղած գործընթացների տրամաբանությունը:
«Ջհանգիրյան` առաջարկդ մերժում եմ»,- գրել էր նա:
Եվ թեպետ Ռուբեն Վարդազարյանը ոչ այդ օրը, ոչ էլ հետագա օրերին որևէ մեկնաբանություն չտվեց գրառման վերաբերյալ, մամուլում որոշակի տեղեկություններ, այնուամենայնիվ, եղան:
168.am-ի տեղեկություններով՝ դրանք անհիմն չէին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խնդիրը Ռուբեն Վարդազարյանի՝ armdaily.am-ին տված հարցազրույցում ԲԴԽ կասեցված լիազորություններով նախագահի կատարած արտահայտությունն էր Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ, որով Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ԲԴԽ անդամի պաշտոնում համարվել էր Սահմանադրությանը համապատասխանող:
«Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ… Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»,- ասել էր նա կայքի հետ զրույցում:
Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ-ում համարել են, որ Ռուբեն Վարդազարյանը խախտել է դատավորի էթիկայի կանոնները, ու Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ մեկ այլ անդամի միջոցով Ռուբեն Վարդազարյանին առաջարկել է ինքնակամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե ոչ, ապա նրա նկատմամբ կսկսվի գործընթաց:
Այս առաջարկն է մերժել Ռուբեն Վարդազարյանը նշված գրառման համատեքստում:
Ավելի ուշ՝ մայիսի 14-ին, Ռուբեն Վարդազարյանը oragir.news-ին տված հարցազրույցում ասել էր՝ «Ես ՍԴ որոշումը մեկնաբանելու ո՛չ իրավունք, ո՛չ առաքելություն, ո՛չ ցանկություն չունեմ։ Բայց գտնում եմ, որ ՍԴ-ն դուռ բացեց, որ այս կամ հաջորդ իշխանությունները գտնեն 95-ամյա զառամյալ ծերունի և ասեն, որ մենք ցանկանում ենք, որ այս ծերունին դառնա ԲԴԽ անդամ, ինչո՞ւ չէ՝ նաև նախագահ։ Սա բնական իրավունքի խախտում եմ համարում, որովհետև օրենսդիրը արգելում է բոլորին 65 տարեկանից հետո աշխատել պետական համակարգում։ Այսինքն՝ անձը չի կարող աշխատել ուսուցիչ, չի կարող աշխատել բժիշկ, անձը չի կարող աշխատել սոցիալական ծառայող, բայց ԲԴԽ անդամ և ԲԴԽ նախագահ կարող է․ դա բնությանը և ֆիզիոլոգիային դեմ մոտեցում է»: