Բաժիններ՝

Հայոց լեզվից քննություն հանձնողների թիվը տարեցտարի պակասում է, և վաղը մենք կունենանք ոչ ազգային մտավորականություն. Ատոմ Մխիթարյան

«Գյումրիում և Վանաձորում մաթեմատիկայի ուսուցիչ 4 տարի հետո չենք ունենալու. սա շատ մտահոգիչ է: Առանց այն էլ քիչ էին, հիմա կունենանք զրո մասնագետ»,- մեզ հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Շիրակի Մ. Նալբանդյանի անվան և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարաններում մաթեմատիկա մասնագիտությամբ դիմորդ չունենալու հարցին:

Նրա խոսքով՝ մանկավարժական կրթության հանդեպ հետաքրքրության նվազումը հիմնականում պայմանավորված է ուսուցչի ցածր աշխատավարձով:

«Չնայած, ինչքան խոսում են մանկավարժի աշխատավարձի բարձրացումից, դա ձևական բան է, շոուի է նմանվում, մարդիկ չեն դիմում: Հաստատ և՛ Շիրակում, և՛ Լոռիում այդքան դպրոցներ կան, ու մաթեմատիկայի ուսուցչի պահանջ շատ պետք է լինի: Փաստորեն, փաստն ունենք, որ գայթակղիչ չի, մարդիկ չեն դիմում, որովհետև  աշխատավարձը բարձր չէ: Դրա փոխարեն կգնան, ուրիշ մասնագիտություն ձեռք կբերեն, ոչ թե կդառնան մաթեմատիկայի ուսուցիչ: Այնպես չէ, որ ֆիզիկայի և քիմիայի դեպքում վիճակը լավ է, այնտեղ էլ են մի քանի հոգի դիմում: Շատ քիչ են, և պահանջարկը հաստատ չի բավարարելու, առանց այն էլ 100-ից ավելի դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքներ կան, հատկապես բնագիտամաթեմատիկական ուղղություններով: Տրադիցիոն մենք ունեցել ենք մաթեմատիկայի ուժեղ դպրոցներ: Մրցույթներում միշտ շահող տեղեր ենք ունեցել, այսինքն, դա չի հաստատ պատճառը, և այն ուսուցիչները, որոնք սրանից 5-10 տարի առաջ շատ լավ արդյունք էին տալիս, նրանք հո չփոխվեցի՞ն. աշակերտներին նույն ձևով գիտելիքները փոխանցում են: Սակայն, ցավոք, այդ մասնագիտությունը չեն ընտրում: Իսկ մարդը մասնագիտությունն ընտրելուց հաշվի է առնում, որ ավարտելուց հետո ունենա աշխատանք և հնարավորության դեպքում՝ բարձր վարձատրվող»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ անգլերենով քննություն հանձնողների թիվն ավելին է, քան հայերենով հանձնողներինը, կրթության փորձագետը դա բացատրեց այն հանգամանքով, որ անգլերենն ավելի հեշտ է:

«Բոլորն անգլերեն են ընտրում, ինչ է թե՝ հեշտ է, բարձր գնահատականներ կստանան, բայց դա բերում է նրան, որ մարդիկ չեն սովորում հայոց լեզու: Իսկ մենք բուհերում ոչ միայն մասնագետներ ենք պատրաստում, այլև վաղվա մտավորականներ, որոնք հայկական լեզվամտածողություն պետք է ունենան:  Հայոց լեզվից քննություն հանձնողների թիվը տարեցտարի պակասում է, և վաղը մենք կունենանք ոչ ազգային մտավորականություն, այսպես ասած, գլոբալիստական մտածողությամբ մարդիկ, որոնց համար այդքան էլ կարևոր չի լինի հայոց լեզուն, գրականությունը և այլն: Պետք է պետական քաղաքականությունը 180 աստիճանով փոխել»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը:

Հավելենք, որ  ընդունելության քննություններ հանձնողների ամենամեծ թիվը գրանցվել է անգլերեն առարկայից՝ 5587 հոգի: Երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 5429, իսկ երրորդ տեղում հայոց լեզու և հայ գրականությունն է: Մնացած բոլոր առարկաները 1600 և պակաս թվեր են: Այս մասին մայիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Ինձ համար զարմանալի էր, որ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում մաթեմատիկա մասնագիտությամբ որևէ մեկը չի դիմել: Նույնը՝ նաև Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում»,- հավելել էր ԳԹԿ փոխտնօրենը:

Կարո Նասիբյանը նշել էր. «Երբ նայում ենք միասնական քննությունների ցանկը, տեսնում ենք, որ չնչին բացառությամբ անգլերեն քննությունն ընտրված է համարյա բոլոր մասնագիտություններում՝ լինեն հումանիտար, տնտեսագիտական, թեկուզև բնագիտամաթեմատիկական հոսքի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս