«Էլի կգաք, կխոսենք, բայց ոչ թե զորքով, զենքով. ուզում եք՝ 100 հոգով եկեք, բայց միայն դուք… Արծվիկ Մինասյանին դիպլոմ տվողներից մեկն էլ ես եմ եղել». Գագիկ Ջհանգիրյան
Երեկ շուրջ երկու ժամ բանակցելուց ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենք՝ ղեկավարության մոտ ու հետադարձ՝ դեպի զոհված զինծառայողների մերձավոր հարազատներ գործուղվելուց հետո, ի վերջո, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ 4 անդամների հետ միասին ընդունեց Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների մերձավոր հարազատներին, ծնողներին՝ թվով 30 հոգու:
Հիշեցնենք, նրանք պահանջում էին, որպեսզի չեղարկվի նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի կողմից կայացված որոշումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության գործով դատական նիստերն այսուհետ պետք է անցնեն դռնփակ ռեժիմով:
Թեպետ հանդիպմանը թույլ չտվեցին, որ որևէ լրատվամիջոց մասնակցի, բայց ասացին, որ ԲԴԽ լրատվական ծառայությունը տեսագրելու է ողջ հանդիպումը, որը հասանելի կլինի ինչպես ծնողների, այնպես էլ ԶԼՄ-ների համար: Ավելի ուշ ԲԴԽ լրատվական ծառայությունը հրապարակեց հանդիպման տեսագրությունը, ինչպես և խոստացել էին:
Հանդիպման սկզբում Գագիկ Ջհանգիրյանը նախ ասաց, որ 10 տարի զինդատախազ է եղել, և իր համար երբեք խնդիր չի եղել զոհված զինծառայողի ծնողի ընդունելը:
«Բայց ցավոք սրտի, որոշ քաղաքական ուժեր ձեր ցավը, ձեր վիշտն օգտագործում են իրենց կարիքների համար, իսկ ես չեմ ուզում, որ ձեր վիշտը, ցավը գործիք դառնա ուրիշի ձեռքում»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանին հակադարձեց Արցախի հերոս, նահատակված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը՝ պահանջելով չօգտագործել «քաղաքականություն» բառը, իրենք մոլորված չեն ու այստեղ են գտնվում իրենց ցավի համար:
Կարին Տոնոյանը նույնպես վրդովվեց Գագիկ Ջհանգիրյանի այդ արտահայտությունից:
«Երբևէ խնդրում եմ չօգտագործել այն արտահայտությունը, որ փորձում են օգտագործել: Մենք հաստատ օգտագործվելու մարդիկ չենք, մեզ երբեք չեն կարող օգտագործել: Ընդհակառակը, մենք կարող ենք օգտագործել բոլոր քաղաքական ուժերին, որովհետև, ի վերջո, բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր գործում են Հայաստանում, գործում են մեր զավակների շնորհիվ: Եվ որևէ մեկը մտքով չանցկացնի, որ որևէ քաղաքական ուժ մեզ կարող է օգտագործել»,- ասաց Կարին Տոնոյանը:
Հաջորդիվ Կարին Տոնոյանը ներկայացրեց իրենց պահանջը, այն է՝ նշյալ դատական գործընթացում իրենց ներգրավել՝ որպես շահագրգիռ կողմ:
Գագիկ Ջհանգիրյանն անմիջապես օգտվեց վերջինիս ոչ ճշգրիտ «երրորդ անձ» իրավաբանական եզրույթի ձևակերպումից ու տևական ժամանակ բացատրում էր, որ քրեական գործերով երրորդ անձի հասկացություն չկա, դա քաղաքացիական, վարչական և սնանկացման գործերով կիրառվող եզրույթ է, ցավ հայտնեց, որ ծնողներին ուղեկցող իրավաբաններն այդ պրիմիտիվ բանը նրանց չեն բացատրել: Մինչդեռ դատական նիստերի ժամանակ «երրորդ անձի» ձևակերպում չի օգտագործվել, ասվել է դրա ճշգրիտ ձևակերպումը՝ շահագրգիռ կողմ, տուժողի իրավահաջորդ, և այդ մասին Գագիկ Ջհանգիրյանը վստահաբար շատ լավ գիտեր, սակայն շարունակում էր «կառչել» աներևույթ փրկօղակներից, միայն թե չանցնի բուն հանդիպման առարկայի քննությանը:
Ապա շատ երկար ծնողներին պատմում էր՝ ինչպես եղավ, որ առգրավվեց դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, հետո ոնց եղավ, որ գործը մակագրվեց Կարեն Բիշարյանին, ինչքան արդարամիտ են իրենք և դատարանների նախագահները, տվյալ դեպքում՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ինչպես եղավ, որ համակարգը, ի վերջո, վերագործարկվեց, բայց, ցավոք սրտի, այդ ընթացքում նոր դատարաններ էին ստեղծվել, մասնավորապես՝ կալանքի հարցերով, և որ, օրինակ, Վերաքննիչում կալանքի վերաբերյալ որոշումներ ընդամենը 6 դատավոր կարող են կայացնել: Այդ ընթացքում չմոռացավ ծնողներին տվյալ դատական գործով «հանդիսատես» անվանել:
Զրույցն ակնհայտորեն չէր ստացվում. ծնողները պնդում էին, որ այս գործն ակնհայտորեն ՀՀ-ում քննվող կարևորագույն գործն է, և 38-րդ հանդիպման 13-րդ րոպեին դա լսած Գագիկ Ջհանգիրյանը դեռ փորձում էր պարզել՝ որ գործի մասին է խոսքը: Հետո էլի խոսեց իրավական ընթացակարգերից, փորձեց որոշ իրողոություններ բացատրել ծնողներին:
«Մենք երկու պահանջ ունենք՝ իրավահաջորդի և Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու: Ես հասկանում եմ՝ դատավորները ձեր կոլեգաներն են, դուք հնարավորություն ունեք արդարացնելու նրանց, պաշտպանելու, և դա բնական է: Բայց մեր խնդիրը, Դուք ընդհատում եք, չեք թողնում, որ ներկայացնենք, մեր միտքն արտահայտենք: Մենք կոնկրետ երկու պահանջ ունենք՝ իրավահաջորդի և վարչապետին իր հայտարարության հիման վրա ազգի դավաճան համարելու: Մենք խնդիր չունենք դատարանի, ոստիկանի և ծնողների, մեր խնդիրն այդ երկուսն են: Մենք ուզում ենք, որ դատարանը խոչընդոտ չդառնա մեր պահանջների համար, մենք ուզում ենք, որ օրենքը գործի: Պարոն վարչապետը «գարանտ» չի կանգնում սահման պահող ոչ մի զինվորի համար, ինքը պատճառ է դարձել մոտ 5000-ից ավելի զոհվածների, 7-8000 վիրավորների: Մենք արդար դատավոր ենք ուզում»,- Գագիկ Ջհանգիրյանին դիմելով՝ ասաց ծնողներից մեկը:
«Արդար դատավորի» մասին հիշատակումը Գագիկ Ջհանգիրյանին հնարավորություն տվեց դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից խոսել, ապա ասաց՝ իրենք դատախազ չեն, նախաքննական մարմին չեն, խնդրեց տալ իրենց իրավասությանը վերաբերող հարցեր:
Կարին Տոնոյանը Գագիկ Ջհանգիրյանին ներկայացրեց վերջին դատական նիստին ստեղծված իրավիճակը, խոսեց դատավոր Կարեն Բիշարյանի՝ ծնողների նկատմամբ քամահրական վերաբերմունքից, ի վերջո, դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ նրա անտրամաբանական որոշումից, ասաց՝ եկել են միջնորդելու, որ այդ որոշումը չեղարկվի:
«Ես խոստանում եմ այդ տեսաձայնագրությունը մանրամասն դիտել, և եթե Ձեր ասածներն այնտեղ ամրագրված են, ես դա ուղարկեմ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի նրա կարգապահական պատասխանատվության հարցը բարձրացնեն ԲԴԽ-ում»,- Կարին Տոնոյանին ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
ԲԴԽ նախագահի ժ/պ-ն նաև ասաց, որ ըմբռնումով է մոտենում, որ զոհվածի ծնողը կարող է բորբոքվել, վրդովվել, անգամ հայհոյել, և իր ամբողջ կյանքում ինքը դրանով է առաջնորդվել:
«Դուք այստեղ միանշանակ ոչ թե իրավական, այլ բարոյական հարթության մեջ ճիշտ եք: Այդ տեսաձայնագրության մի մասը ես նայել և տեսել եմ՝ առաջին շարքում նստած հարազատը ինչպես էր իրեն պահում դատավորի հարաբերակցության ժամանակ և ինչպես դահլիճից դուրս չէր գալիս, երբ դատավորը սանկցիա կիրառեց, ու ստիպված դատավորը թողեց, գնաց»,- փորձեց Կարեն Բիշարյանի գործողությունների տրամաբանությունը ներկայացնել Գագիկ Ջհանգիրյանը:
Ապա ասաց, որ ինքը չունի այնպիսի լիազորություն, որ գործը վերցնի, տա մեկ ուրիշի, դա Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորվող գործընթաց է:
«Բացի դրանից, տիկին Տոնոյան, դուք՝ ծնողներդ, այդ գործով կողմ չեք: Այդ գործով կողմը Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանն են»,- ասաց ԲԴԽ նախագահի ժ/պ-ն: Ծնողները հակադարձեցին՝ մենք կողմ ենք, մեր երեխաներն են զոհվել: Գագիկ Ջհանագիրյանը կրկին ասաց, որ ծնողները, իհարկե, տուժել են այդ դեպքերի արդյունքում, բայց այս գործով նրանք սոսկ հանդիսատես են: «Հանդիսատես» բառի երկրորդ անգամ կիրառումը դահլիճում կրքերը բորբոքեց:
Ծնողներից ոմանք այդ խոսքերից հետո դուրս եկան դահլիճից՝ համարելով, որ իրենց այդտեղ գտնվելն անիմաստ է:
Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, բացատրում էր իրավական ճիշտ ընթացակարգը, ասում էր՝ որպեսզի նիստը կրկին դռնբաց անցնի, պետք է Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը հաջորդ նիստի ժամանակ հանդես գան նման միջնորդությամբ:
«Ես ձեզ միայն մի բան կարող եմ խոստանալ, որ ոչ միայն այդ գործը, որով դուք առայժմ դատավարական կարգավիճակ չունեք, և չգիտեմ՝ կունենա՞ք, թե՞ ոչ, այլև այն գործերը, որոնցով ունեք կարգավիճակ, եթե գան-հասնեն դատարան, դատաքննությունը կընթանա ոչ միայն օրենքի տառը, այլև ոգին պահելով: Բոլոր քննարկված հարցերը բազմակողմանի կնայվեն: Այ դա կարող եմ խոստանալ»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Կարին Տոնոյանը Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ է լինելու, եթե գործով ներկայացուցիչները ներկայացնեն նիստը դռնբաց անցկացնելու միջնորդություն, սակայն դատավորն այն չընդունի:
«Էլի կգաք, էլի ես ձեզ կընդունեմ: Ես հո Հայաստանից չփախա՞… Կգաք, կխոսենք, բայց դա դատարանի լիազորությունն է… Առավոտյան 8:15-ից մինչև երեկոյան ուշ ես այստեղ եմ, էլի կգաք, բայց ոչ թե զորքով, զենքով: Ուզում եք՝ 100 հոգով եկեք, բայց միայն դուք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ ևս մեկ անգամ հիշելով «երրորդ կողմի» թեման, ասելով, որ Արծվիկ Մինասյանն իրենց իրավիճակը ճիշտ չի ներկայացրել:
«Ցավոք սրտի, Արծվիկ Մինասյանին դիպլոմ տվողներից մեկն էլ ես եմ եղել»,- ասաց Ջհանգիրյանը:
Ծնողների դիտարկմանը, թե դա կարո՞ղ է ասել Արծվիկ Մինասյանի երեսին, Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ կասի, ինչպես նաև Արամ Վարդևանյանի երեսին կասի, թե ինչո՞ւ նա ծնողներին թույլ չէր տալիս միայնակ հանդիպել իր հետ:
Մանրամասները՝ տեսանյութում