«Նախապես մշակված սցենար է». կազմակերպված սադրանքի պատմություն
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել էր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննությունը։ Նախորդ նիստին դիմող կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Կարեն Բիշարյանին, ով մերժել էր այն:
Այդ օրը դատական նիստն ընդհատվեց. ըստ Կարեն Բիշարյանի՝ կապված աշխատանքային օրվա ավարտի հետ, իսկ իրականում ծնողների ընդվզումից հետո, երբ դատավորը մերժեց զոհված զինծառայողների ծնողներին այդ գործով շահագրգիռ կողմ ճանաչել: Այն մասին, որ հաջորդ նիստը պետք է կայանար այսօր, դատավորը հայտարարեց հապշտապ, աղմուկ-աղաղակի մեջ:
Ինչևէ, այսօրվա դատական նիստը սկսվեց հենց զոհված զինծառայողների հարազատներին այս գործով ներգրավելու՝ դիմող կողմի միջնորդության ներկայացմամբ: Միջնորդությունը ներկայացրեց Հակոբ Մարտիրոսյանը:
«Հարգելի դատարան, խոսքս ուղղում եմ դատախազ Մուրադյանին: Պարոն Մուրադյան, Դուք դրսևորել եք առերևույթ հանցավոր անգործություն, որի արդյունքում տուժողների իրավահաջորդներն իրենց չիմացածության արդյունքում չեն կարողացել դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փորձեց իր ասելիքը ձևակերպել Հակոբ Մարտիրոսյանը, սակայն դատավոր Բիշարյանն ընդհատեց նրան՝ ասելով՝ միջնորդության ընթացքում կողմին խոսք ուղղելու հնարավորություն դիմող կողմը չունի, խնդրանքը կարող է հասցեագրված լինել բացառապես նախագահող դատարանին, հետևաբար՝ խոսք ուղղելը չի կարող կազմել միջնորդության մաս:
Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրեց բացատրել՝ Քրեական դատավարության օրենսգրքի որ հոդվածով է Կարեն Բիշարյանի ասածը սահմանված:
Դատավորը թեպետ կոնկրետ հոդվածը չհիշեց, բայց փորձեց հիմնավորել իր միջամտության էությունը:
Այնուամենայնիվ, դիմող կողմը խնդրեց գնահատել դատախազի գործողությունները:
«Նկատի ունեցեք, որ նմանատիպ հարցադրումներով հանրությանը կարող եք մոլորության մեջ գցել, և հանրության մեջ կարող է ստեղծվել տպավորություն, որ դատավորը նման հարցադրումներ չի ուղղում: Բայց հիշեցնում եմ, որ նման հարցադրում ուղղելու որևէ իրավական և փաստական հիմք դատարանը չունի այն պարզ պատճառով, որ քրեական գործը չի քննվում Վերաքննիչ քրեական դատարանում: Այստեղ քննվում է Ձեր և մյուս դիմող Արծվիկ Մինասյանի կողմից ենթադրյալ հանցագործության հաղորդման կապակցությամբ Ձեր գնահատմամբ դատախազության կողմից անգործություն դրսևորելու վերաբերյալ ներկայացված բողոքի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ձեր կողմից ներկայացված բողոքը: Եվ հետևաբար, ինչպե՞ս եք պատկերացնում, որ այդ բողոքը քննող դատավորը հանկարծ ինչ-որ մի պահի շուռ գա և դատախազներին հարցնի, թե ինչու որևէ քրեական գործով, որն այս դատարանի վարույթում չի գտնվում, անձինք ժամանակին տուժող չեն ճանաչվել»,- ասաց դատավորը՝ Հակոբ Մարտիրոսյանին հորդորելով նման մերկապարանոց հայտարարություններ այլևս չանել և միջնորդությունն անել առարկայական:
Դիմող կողմը մեջբերեց օրենքի պահանջը տուժողի իրավահաջորդներին ներգրավելու ընթացակարգերի մասով:
«Զոհված զինծառայողների հարազատները մեղավոր չեն, որ դատաքննության և քննիչի կողմից ժամանակին քրեական դատավարության ընթացակարգով և առերևույթ հանցավոր գործողությունների կամ անգործության արդյունքում զրկվել են տուժող կամ տուժողի իրավահաջորդ լինելու հնարավորությունից»,- ասաց Հակոբ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով միջնորդության էությունը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մերձավոր ազգականներին ճանաչել այս գործով որպես շահագրգիռ անձ:
Դատավորի հարցին՝ ինչո՞ւ այս հարցն Առաջին ատյանի դատարանում չեն բարձրացրել, Հակոբ Մարտիրոսյանը պատասխանեց՝ սպասել են, որ նախաքննական մարմինն անաչառություն կունենա և կլուծի այս հարցը, ու խնդիրը չի հասնի դատարան:
Այս միջնորդության կապակցությամբ դատավորի՝ դիմող կողմին հերթական հարցից հետո դահլիճում ներկա զոհված ու անհետ կորած հարազատ ունեցող «Լույսի ճրագ» ՀԿ-ի հիմնադիր Արսեն Ղուկասյանը որոշեց միջամտել դատական նիստին՝ տեղից բարձրաձայն ինչ-որ բաներ ասելով: Դատավորը դիտողություն արեց՝ Դուք իրավունք չունեք տեղից խոսել:
«Ես ամեն ինչի իրավունք ունեմ, Դուք իմ իրավունքները չսահմանափակեք»,- տեղից բղավեց Արսեն Ղուկասյանը՝ անտեսելով դատավորի դիտողություններն ու նրան մեղադրելով իրենց ձայնի իրավունքից զրկելու ցանկության մեջ:
Դատական նիստին ներկա այլ մերձավոր հարազատներ փորձում էին հանդարտեցնել իրավիճակը, որ նիստը շարունակվի, սակայն Արսեն Ղուկասյանը պահանջում էր՝ անել այնպես, որ այս ամեն ինչն իրենց սրտով լինի:
Դատավորի առարկությանը, թե սրտով չի առաջնորդվելու դատարանը, այլ օրենքով, նա շարունակում էր տեղից պնդել՝ իրենք շատ փաստեր ունեն: Այդ ընթացքում դատարանը նրան հորդորում էր չխանգարել դատական նիստի կարգը:
Ի վերջո, դատարանը որոշեց Արսեն Ղուկասյանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ նիստերի դահլիճից հեռացման ձևով:
– Չեք կարա ինձի հեռացնեք,- ասաց Արսեն Ղուկասյանը:
– Հեռացեք,- պնդեց դատավորը:
– Չեմ հեռանում,- առարկեց Արսեն Ղուկասյանը:
Դատարանի որոշումն ի կատար ածելու համար ստիպված եղան միջամտել դատական կարգադրիչները, և սկսվեց իրարանցում. Հարազատներից ոմանք՝ կանայք, թույլ չէին տալիս կարգադրիչներին հեռացնել Արսեն Ղուկասյանին:
Սկսվեց բախում, հայհոյանքների տարափ: Դատավորը հեռացավ նիստերի դահլիճից, սակայն դատախազները կարգադրիչների հետ միասին փորձում էին հանդարտեցնել իրավիճակը:
«Թուրքի լամուկին ասեք՝ գա ստեղ… «Արա»-ով ա խոսում հետս»,- ցույց տալով դատավորի դատարկ աթոռը՝ գոռում էր Արսեն Ղուկասյանի ընկերը՝ զոհված զինծառայողի հայր Արմեն Գալստյանը:
«Դուք գողական ե՞ք, թե՞ օրենքի մարդ»,- նրան երկրորդեց Արսեն Ղուկասյանը:
Ի վերջո, նրանք դուրս եկան նիստերի դահլիճից. մնացին հիմնականում կանայք և լրագրողները:
Կանայք, հասկանալի պատճառներով, գերէմոցիոնալ էին, ոմանց ինքնազգացողությունը վատացավ:
Կանանցից մեկն արտասվում էր ու գոռում՝ բերեք իմ երեխային, իմ երեխան ողջ է:
Տևական դադարից հետո նիստը վերսկսվեց: Արսեն Ղուկասյանը դահլիճում չէր, սակայն Արմեն Գալստյանը վերադարձել էր դատական նիստերի դահլիճ:
Դատարանի դահլիճ վերադարձած դատավոր Կարեն Բիշարյանը, սակայն, հայտարարեց՝
«Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով նիստին ներկա գտնվող անձանց կողմից նիստերի դահլիճում խախտվում է հասարակական կարգը, որպիսի փաստ արձանագրվեց նաև այսօրվա դատական նիստի ընթացքում, ուստի ղեկավարվելով ՀՀ Քրդատ օրենսգրքի 16-րդ և ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը որոշում է սույն գործով դատական նիստերն անցկացնել դռնփակ»:
Դատավորը նիստերին ներկա գտնվող անձանց և ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրեց ազատել նիստերի դահլիճը:
Սա նշանակում էր, որ նիստերի դահլիճից դուրս պետք է գային նաև զոհված ու անհետ կորած զինծառայողների մերձավոր հարազատները:
Ու մինչ նրանք քննարկում էին իրավիճակը, մեկ այլ դահլիճում շարունակվում էր այս գործով դատական նիստը, որն արդեն, բնականաբար, չէր հեռարձակվում: Այդ մասին հարազատներին ու ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրեցին նիստի ավարտից հետո վերադարձած Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ նիստը սկսվել ու հետաձգվել է հասկանալի պատճառներով:
Արծվիկ Մինասյանն ասաց՝ այս պահին դատավորի որոշումը նույնն է, մայիսի 30-ին կլինի քննարկում դիմող կողմի և հարազատների մասնակցությամբ:
«Դատավորն իրավունք ունի նման որոշում կայացնել, բայց այնպես չէ, որ այդ որոշումն անբեկանելի է: Նկատի ունենալով իրավիճակը՝ պետք է վերանայվի: Միջնորդություն ներկայացրել ենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հակոբ Մարտիրոսյանը երկարամյա իր պրակտիկայի ընթացքում նման դեպք չէր հիշում:
«Դատարանը կարգը խախտողի նկատմամբ կիրառում է դատական սանկցիա և դուրս հրավիրում կարգադրիչների օգնությամբ դատարանի դահլիճից: Բայց դա առիթ դարձնել ու դրա հիման վրա դատաքննությունն իրականացնել դռնփակ, դիտում եմ՝ որպես դիտավորյալ մտածված գործողություններ: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նախապես մշակված սցենար էր, ում կողմից, ում միջոցով՝ չեմ կարող ասել: Սա պատճառ դարձնել դատական նիստը դռնփակ անելու, մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել սույն գործով պետական դավաճանության փաստերի ուսումնասիրությունից տեղյակ լինելուց»,- ասաց Հակոբ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում