«Ի՞նչ «միջանցք», մենք ո՞ւմ հետ ենք գնում խաղաղության՝ թուրքի՞». Գորիսի փոխհամայնքապետ
Մայիսի 23-ին Բրյուսելում Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը զանգահարել է Թուրքիայի նախագահին և տեղեկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Նիկոլ հետ կայացած բանակցությունների մասին։
Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման հետ, որն այդ կապակցությամբ ներկայացվել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ սկզբունքներով, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմամբ, տրանսպորտային միջանցքների բացմամբ, սահմանների սահմանազատմամբ: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, այդ թվում՝ ինչպես երկաթուղու, այնպես էլ՝ մայրուղու կառուցման։
Հիշեցնեմ, որ մայիսի 5-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր Ալիևի հերթական հայտարարարությանը՝ կրկին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, և ասել. «Սյունիքում կամ ընդհանրապես Հայաստանի տարածքում ոչինչ չի փոխվել, և եթե Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, դա նկատի ունի, ապա կարելի է ասել, որ նման իրողությունը մեզ համար ընդունելի է»։
168.am-ի հետ զրույցում խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, և հարցին՝ արդյո՞ք Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը կարող էր քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարց, Գորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը նշեց. «Ինքս վստահ եմ, որ կարող էր «միջանցքի» հարց քննարկվել, բայց այնպես չէ, որ իրենք կարող են սյունեցու մեջքի հետևում գաղտնի որոշեն՝ «միջանցք» տալի՞ս են, թե՞ չեն տալիս։ Սյունեցին այդ ամենին դեմ է, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ «միջանցք»։ Մենք ո՞ւմ հետ ենք գնում խաղաղության՝ թուրքի՞»։
Գորիսի փոխհամայնքապետը վստահեցրեց՝ ինքն ու իր շրջապատը՝ սյունեցիները, չեն պատրաստվում ինչ-որ «միջանցք» տալ թշնամուն։
«Տպավորություն է, որ բացի մեզանից՝ որևէ մեկին այս իրավիճակը չի հետաքրքրում։ Երևի ժողովուրդը դեռ չի պատկերացնում, թե իրականում մեկ տարի անց մենք ինչ ենք ունենալու։ Եթե այսպես շարունակվեց, ոչինչ չենք ունենալու՝ ո՛չ անկախություն, ո՛չ անկախ Հայաստան, Արցախի մասին էլ առհասարակ չեմ խոսում։ Արցախն այս իշխանության և որոշ մարդկանց կողմից լրիվ մոռացվել է։
30 տարի ինքս ապրել եմ ազատ, անկախ Հայաստանում, Արցախում, բայց այսօր խայտառակ վիճակ է։ Ես չգիտեմ, էլ ի՞նչ պետք է անեն, որ մարդիկ արթնանան քնից, հաջորդ քայլն ի՞նչ պետք է լինի, որ մարդիկ հասկանան, որ կործանվում ենք, Հայաստանը բացահայտ տանում են կործանման։ Ո՞ւմ են հող տալիս, ինչո՞ւ են տալիս, ինչի՞ գնով են տալիս։ Այսօր յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, թե մենք վաղն ի՞նչ ենք ժառանգելու մեր երեխաներին ու թոռներին, արդյո՞ք ինչ-որ բան ունենալու ենք ժառանգելու, թե՞ ոչ»,- եզրափակեց Արտյոմ Աղաջանյանը։