2021 թվականին աշխարհում գրեթե 580 մարդ է մահապատժի ենթարկվել․ Amnesty International
Անցած տարի աշխարհում մահապատիժների թիվը 2020 թվականի համեմատությամբ 20 տոկոսով աճել է դատավարությունների եւ դատավճիռներն ի կատար ածելու վերսկսման ֆոնին, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասված է Amnesty International ոչ կառավարական կազմակերպության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցում։
Ինչպես նշված է ամենամյա հետազոտությունում, ընդամենը 2021 թվականին 18 երկրներում մահապատժի է ենթարկվել առնվազն 579 մարդ: Համեմատության համար նշենք. մեկ տարի առաջ հաղորդվել էր 483 մահապատիժների մասին, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը վերջին10 տարվա ընթացքում:
Ոչ կառավարական կազմակերպությունը Չինաստանը նշում է որպես այն երկիրը, որտեղ իրականացվում են ամենից շատ մահապատիժներն աշխարհում: Amnesty International-ը նշում է, որ ՉԺՀ-ում մահվան դատավճիռների կատարման մասին ստուգված տվյալներ չկան. այդ տեղեկատվությունը պետական գաղտնիք է: Դրա հետ մեկտեղ զեկույցում, ինչպես եւ նախորդ տարիներին, ասված է, որ Չինաստանում ի կատար ածված մահվան դատավճիռների հաշիվը կատարվում է հազարներով:
Նաեւ հավաստի տեղեկատվություն չկա ԿԺԴՀ-ում եւ Վիետնամում մահապատժի ենթարկված մարդկանց թվի մասին: Այն երկրների թվում, որոնցում մահապատիժների մասին տեղեկատվության հավաստիությունը կարելի է ստուգել, մահվան դատավճիռների կատարման գծով առաջատարը դարձել է Իրանը: Իրավապաշտպանների տեղեկատվությամբ այդ երկրում մահապատժի է ենթարկվել 314 մարդ՝ 2020 թվականի 246-ի դիմաց:
Դա դարձել է ամենամեծ ցուցանիշը 2017 թվականից ի վեր, իսկ աճի պատճառը պատժի առավելագույն չափի ավելի հաճախակի նշանակում է թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար: Amnesty International-ի հաշվարկներով՝ երկրորդ տեղում է Եգիպտոսը (ավելի քան 83), երրորդում՝ Սաուդյան Արաբիան, որտեղ 2021 թվականին մահապատժի ենթարկված մարդանց թիվը կրկնապատիկ աճել է՝ մինչեւ 65: Այնուհետեւ հաջորդում են Սիրիան (ավելի քան 24), Սոմալին (ավելի քան 21), Իրաքը (ավելի քան 17), Եմենը (ավելի քան 14), ԱՄՆ-ը (11), Հարավային Սուդանը (ավելի քան 9), Բանգլադեշը (5), Բոտսվանան (3), Ճապոնիան (3), Բելառուսը (առնվազն 1), Արաբական Միացյալ Էմիրությունները (առնվազն 1), հաղորդել է ՏԱՍՍ-ը: