Կառավարության ուշացած խոստովանությունը
Կառավարությունը որոշել է հրաժարվել մետաղների արտահանման պետտուրքից։ Արդեն հաջորդ տարվա սկզբից այն կդադարի գործել։ Արտահանման ժամանակ այլևս լրացուցիչ հարկ չի գանձվի։
Արտահանման տուրքը, որը գործում է ընդամենը մի քանի ամիս, հասցրել է վտանգել տնտեսության այդ առանցքային ճյուղի զարգացումները։ Չնայած միջազգային շուկաներում պահպանվող մետաղների բարձր գներին՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը հետընթաց է արձանագրել։ Նվազել են արտադրության ծավալները։ Թեև թվում է, թե հակառակը պիտի լիներ։ Մետաղների բարձր գները լավ նախադրյալներ են ստեղծել արտադրության ակտիվացման համար։ Սակայն հակառակն է եղել։
Քաղաքական նկատառումներից ելնելով և ոլորտում գործող որոշ ընկերությունների պատժելու նպատակով՝ անցած տարի կառավարությունը որոշեց մետաղների արտահանումը հարկել լրացուցիչ հարկով։ Սահմանվեց արտահանման 15 տոկոս տուրք։ Դեռ այն ժամանակ շատերը զգուշացնում էին, որ դա խնդիրներ է ստեղծելու հանքարդյունաբերության զարգացումների համար։ Սակայն կառավարությունը չլսեց ու օգոստոսից սկսեց պետտուրք կիրառել։ Դրանից հետո հանքարդյունաբերությունը, որը վերջին տարիներին երկնիշ աճեր էր արձանագրում և հատկապես համավարակի ու ճգնաժամի պայմաններում դարձել էր տնտեսության ու կառավարության հիմնական փրկօղակը, աստիճանաբար սկսեց նահանջել։ Տարեսկզբի բարձր աճերից հետո, տարեվերջին հանքարդյունաբերության մեջ անկում արձանագրվեց։
Այս տարի անկումն ավելի է խորացել։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ արտադրության ծավալները կրճատվել են գրեթե 13 տոկոսով։
Մարտին անկումը, նախորդ տարվա համեմատ, հասել է 29 տոկոսի։
Նվազել է նաև ոլորտի հիմնական արտադրատեսակի արտադրությունը։ Խոսքը պղնձի խտանյութի մասին է, որի արտադրության ծավալները տարեսկզբի առաջին 3 ամիսներին կրճատվել են 20 տոկոսով։ Թեև նույնիսկ այդ պայմաններում արտահանման բավական բարձր աճ է գրանցել։ Անցած տարվա առաջին եռամսյակում հանքահումքային ապրանքների արտահանումը կազմել էր շուրջ 220 մլն դոլար, այս տարի անցնում է 246 միլիոնից։ Դրա հիմնական մասը, բնականաբար, պղնձի խտանյութն է։
Պղնձի խտանյութի արտադրությունը 20 տոկոսով կրճատվել է, իսկ ոլորտի արտահանումը նույնիսկ 12 տոկոսով աճել է՝ միջազգային շուկայում հաստատված բարձր գների արդյունքում։
Վերջին տվյալներով, պղնձի տոննայի արժեքը 9,3 հազար դոլարի սահմաններում է։ Մարտի համեմատ այն բավականաչափ ընկել է, բայց շարունակում է գտնվել բարձր դիրքում։
Մարտի սկզբին պղնձի գինը հասել էր ընդհուպ 10,8 հազար դոլարի։ Երկու ամսվա ընթացքում այն 1,5 հազարով կամ գրեթե 14 տոկոսով նվազել է։
Անկումը սկսվեց խորանալ ապրիլի կեսերից։ Փոփոխական դրսևորումներով այն դեռևս շարունակում է պահպանվել՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության ու պատժամիջոցների կիրառման հետևանքով համաշխարհային տնտեսության աճի դանդաղումով։
Դժվար է ասել, թե առաջիկայում ինչպիսի վարքագիծ կդրսևորեն պղնձի գները, բայց դրանց ցանկացած փոփոխություն անարձագանք չի մնում ոլորտի հայաստանյան ընկերությունների գործունեության վրա։ Հատկապես նրանց, որոնք որոշակի խնդիրների առաջ են հայտնվել մետաղների արտահանման տուրքի, այսպես ասած, համահարթ կիրառումից հետո։
Առանց հաշվի առնելու գործող ընկերությունների շահութաբերության մակարդակը, կառավարությունը բոլորին դրեց նույն հարթության մեջ և արտահանման ժամանակ բոլորից սկսեց նույն քանակությամբ պետտուրք գանձել։ Պետտուրքի սահմանումը ոչ մի ձևով չկապվեց տնտեսական գործունեության հետ։ Ընկերությունը շահույթով թե վնասով է աշխատում, ստիպված է վճարել արտահանման 15 տոկոս տուրք։
Տուրքի մեծությունը կախված չէ մետաղների գների փոփոխություններից: Դրանք հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա:
Հաշվի չառնվեցին հանքարդյունաբերության կազմակերպություններում կատարվող ծախսերի հնարավոր փոփոխությունները, հետևաբար նաև՝ տնտեսական գործունեության շահութաբերության աստիճանը։ Եվ շահույթով, և վնասով աշխատող ընկերությունները միևնույն չափի հարկային լրացուցիչ բեռ էին ստանձնում։
Շըփ-թըփ անելով օրենքն ընդունելուց առաջ, անտեսվել էր ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք՝ հանքաքարի մեջ պղնձի խտանյութի պարունակությունը։ Ոչ բոլոր հանքերում է հանքաքարի մեջ պղնձի պարունակությունը նույնը։ Մի դեպքում բարձր է, մյուս դեպքում՝ ցածր։ Ըստ այդմ՝ երբեմն էապես տարբեր են նաև դրանց շահութաբերության մակարդակները։
Բայց կառավարությունը բոլորին դրեց նույն հարթության մեջ ու պարտադրեց, տնտեսական գործունեության արդյունավետության մակարդակից անկախ, նույկերպ վճարել։
Սա բերել է նրան, որ չնայած համաշխարհային շուկայում հաստատված մետաղների բարձր գներին, հայկական ընկերությունների մի մասի շահույթներն էապես ընկել են, նույնիսկ սկսել են վնասներ կրել՝ ստիպված լինելով կրճատել արտադրության ծավալները։
Արտահանման տուրքի կիրառումը բերել է նաև ներդրողների հետաքրքրությունների նվազման։
Տարիներ շարունակ հանքարդյունաբերությունը հանդիսացել է տնտեսության այն հիմնական հատվածներից մեկը, որտեղ արտաքին կապիտալի առաջարկը միշտ էլ մեծ է եղել։ Տուրքի կիրառումից հետո փոխվել են ներդրողների մտադրությունները։
Այլ խաղեր են սկսվել ոլորտի վերաբաշխման առումով, որին մասնակցում է նաև կառավարությունը։ Անհասկանալի «նվիրատվություններ» է ստանում, հետո պարզվում է, որ «նվիրատվություն» ասվածն այնքան էլ «նվիրատվություն» չէ, որ դրա դիմաց կառավարությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել։
Պետտուրքի կիրառումն էլ այդ խաղերի շրջանակներում էր։ Վերաբաշխումն ավարտվել է, և կառավարությունը որոշել է 2023թ. հունվարի 1-ից պետտուրքը հանել։ Ուզում են ռոյալթիի նոր համակարգ դնել, ըստ որի՝ 10 տոկոսից բարձր շահութաբերության դեպքում համակարգի ձեռնարկությունները հավելյալ հարկ կվճարեն։
Հիմա միջազգային գները բարձր են, ու դա նպատակահարմար է թվում. պետական բյուջե լրացուցիչ մուտքեր են ապահովվում, կառավարությունն էլ հպարտանում է, որ հարկային եկամուտները գերակատարում է։ Իսկ թե ի՞նչ է անելու այն պարագայում, երբ միջազգային գները նվազեն, ու ընկերությունները սկսեն վնասով աշխատել, կտեսնենք հետագայում։ Ի վերջո, նման իրավիճակներ մեկ անգամ չէ, որ եղել են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ