Բաժիններ՝

Կին արտիստների համար լավ լուր ունեմ. ուրախ եղեք, որովհետև մեր ժամանակն է. Լուիզա Գալստյան

Մեր շուրջը բազմաթիվ են երիտասարդ ստեղծագործողները. երաժիշտներ, գրողներ, լուսանկարչներ և իլյուստրատորներ: Նրանք ապրում են ստեղծագործելու համար և ստեղծագործում են, որ ապրեն, իսկ արանքում ժամանակ են գտնում այդ ամենի մասին կիսվելու: Երիտասարդ նկարչուհի, իլյուստրատոր Լուիզա Գալստյանը մեզ հետ զրույցում պատմել է ճանապարհի մասին, որն անցել է և որով շարունակում է առաջ շարժվել:

Մի քանի տարի լինելով ոլորտում՝ հասկացել եմ…

«Անցել եմ բավականին դժվար ճանապարհ, կարելի է ասել, նույնիսկ հույս էլ չեմ ունեցել երբևէ կայանալու։ Չեմ ունեցել հնարավորություն ավարտելու համալսարանը: Թողնելով ուսումս կիսատ՝ ստիպված եմ եղել աշխատել արվեստից անկախ ոլորտում՝ գումար վաստակելու համար (սրճարանում՝ որպես մատուցող): Ընթացքում սկսել եմ սովորել՝ փորձելով զարգացնել ունակություններս դիզայնի ու անիմացիայի ոլորտում, սովորել ծրագրեր, որոնք կարող էի օգտագործել ինչ-որ բան սկսելու համար։ Շատ դժվար էր համատեղել աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ, բավականին ժամանակ ու էներգիա էր պահանջվում արդյունքի հասնելու համար։ Անցել եմ թվային նկարչության, մեծամասամբ նկարազարդում եմ մանկական գրքեր։ Մի քանի տարի լինելով ոլորտում՝ հասկացել եմ՝ ինչքան հետաքրքիր է նկարներով պատմություն ստեղծել»:

Կարդացեք նաև

Միջավայրը չի, որ պետք է թելադրող լինի…

«Եթե նայենք միջավայրին, ուրեմն ունեցածս անհաջողությունները պետք է ազդած լինեին ստեղծագործական կյանքի վրա, բայց հակառակն եղավ։ Միշտ մտածել եմ, որ միջավայրը չի, որ պետք է թելադրող լինի ցանկացած արտիսի ինքնադրսևորման համար։ Ցանկացած ստեղծագործ անհատ ունակ է ենթարկել միջավայրը իր իսկ պատկերացումներին։ Իրականում արտիստներն են թելադրում ոճ, թեմատիկա, ուղղվածություն, կարևորը, թե որ դերում լինել` թելադրողի, թե թելադրվողի»:

Մեր ժամանակն է

«Կին արտիստների համար լավ լուր ունեմ (ծիծաղում է,- Ա.Գ.). ուրախ եղեք, որովհետև մեր ժամանակն է։ Երբևէ չեմ ունեցել ոչ մի խնդիր, կարծում եմ նույնիսկ ավելի շատ զգացել եմ նախապատվություն կին արվեստագետների հանդեպ։ Այն կանայք, որ դեռ կարծում են, թե դժվարությունների առաջ են կանգնելու կամ հիասթափվելու են, ուղղակի պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա ու առաջ շարժվել»:

Արտասահմանյան համագործակցությունների մասին՝

«Ցանկացած պարագայում կարևորվում է աշխատանքի որակը, ճկունությունը, հեշտ ռեալիզացվելու, նախագծերում նվիրվածություն ու մաքսիմալ ուշադրություն ցուցաբերելը։ Թվում է, թե ընդամենը աշխատանք է, որ նկարազարդում ես որևէ հեղինակի գիրք, միևնույն է դրա դիմաց վճարվում ես։ Սակայն արտասահմանյան հեղինակների արձագանքը, երբ տեսնում են արդյունքը, հնարավոր չի համեմատել»:

Ամեն ինչ պետք է բալանսի մեջ լինի

«Արտիստ լինելը մասնագիտություն չի միայն, այլ կենսակերպ, վարք, ճաշակ․ ամեն դեպքում ինչ նախասիրություն էլ ունենա արտիստը երաժշտության, հագուստի ընտրության կամ այլ հարցերում, ամենակարևորը ամուր հիմք ունենալն է մասնագիտական հմտությունների մեջ։ Ամեն ինչ պետք է բալանսի մեջ լինի»:

Արտիստն է թելադրում

«Եթե փոխվել, ապա ավելի լավը դառնալու համար։ Երբեք չեմ մտածել հիասթափվելու կամ գործն անիմաստ համարելու մասին։ Ինչպես ասեցի, արտիստն է թելադրում…»:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս