«Առաջիկա 1-2 տարիներին դոլարը կտրուկ կարժևորվի մնացած արժույթների նկատմամբ». փորձագետ
ֆինանսական շուկաների մասնագետ Նարեկ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չնայած այն հանգամանքին, որ գնաճի հիմնական պատճառներն առաջարկի պակասուրդներից են առաջացել (օրինակ, մեքենաների գների բարձրացում չիպերի բացակայության պատճառով կամ ավիաթռիչքների գների բարձրացում վառելիքի գնի բարձրացման և օդաչուների պակասի պատճառով), այնուամենայնիվ իրենք պատրաստվում են գնաճը զսպել պահանջարկի վրա ազդելու միջոցով։ Սա նշանակում է, որ տոկոսի կտրուկ բարձրացումները և դոլարի առաջարկի կրճատումը կարող են հանգեցնել համաշխարհային ճգնաժամի, սակայն դա իրենց չի խանգարելու շարունակել քաղաքականությունը։
Այսպիսով առաջիկա 1-2 տարիների ընթացքում դոլարը կտրուկ կարժևորվի մնացած արժույթների նկատմամբ, ոսկու գինը կնվազի, ապրանքանյութային շուկայում գները կնվազեն, անշարժ գուքի գները կնվազեն, ֆինանսական շուկաները կլինեն շատ տատանողական և անկայուն, զարգացող երկրներից կսկսվի դոլարի մեծ արտահոսք, որը կհանգեցնի ֆինանսական համակարգի անկայունության, կտեսնենք մեծ թվով դեֆոլտներ, կրիպտոարժույթների գները իրենց պիկի համեմատ առնվազն 80-90 տոկոսով կնվազեն»,- կանխատեսում է նա:
Անդրադառնալով կրիպտոարժույթներին, Զաքարյանը նշում է՝ առաջիկա տարիները բացասական կլինեն դրանց համար.
«Կրիպտոարժույթները աշխարի ամենառիսկային և հիմք չունեցող ակտիվներն են: Այդպիսի ակտիվների պահանջարկը բարձրանում է, երբ ֆինանսական համակարգում փողը շատ է և հիմնական ներդունային ոլորտներում եկամտաբերությունը մոտ է զրոյի: Նման դեպքերում ներդրողները փնտրում են նոր այլընտրանքային ներդրումային հանգրվաններ և իրենց փողը ուղղարկում այդտեղ:
Հիմա, երբ ավելորդ փողի մեծ զանգված դուրս է հանվելու շրջանառությունից և տոկոսների բարձրացումը բերելու է հիմնական ներդրումային հանգրվանների գրավչության ավելացմանը, ռիսկային ոլորտների պահանջարկը կտրուկ նվազելու է: Սովորաբար այսպիսի փուլերում բազմաթիվ ֆինանսական փուչիկներ անհետացել են և չի բացառվում, որ կրիպտոարժույթները ընդհանրապես վերանան»,- գրում է նա: