Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները. Անդրեա Վիկտորին

«ՀՀ քաղաքացիական հասարակությունը ենթակվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները, խաղաղաշինությունը՝ դարձել են հարձակումների, մեղադրանքների ու ատելության խոսքի թիրախ»,- այս մասին այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի  շրջանակում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, խոսելով ժողովրդավարությունից ընդհանուր առմամբ, և ներկայացնելով իր տեսակետները Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ:

Դեսպան Վիկտորինն ասաց, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները փոխկապակցված են և միմյանց ամրապնդող:

Ըստ նրա, այդ ամենը չի իրագործվում միանգամից: «Մենք չենք ունենում ժողովրդավարություն ու դրանով գոհ լինում, դա ամենօրյա գործընթաց է, և մենք բոլորս պետք է պայքարենք դրա համար, հետևաբար՝ ի՞նչ է ժողովրդավարությունը՝ ժողովրդավարությունն ապահովում է այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, կարող են ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնն ունենալ որոշումների կայացման մեջ և ապահովել, որ որոշում կայացնողները հաշվետու լինեն: Ժողովրդավարություն նշանակում է՝ հասանելիություն ունենալ իշխանությանը և այն իրացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, ունենալ իշխանության ճյուղերի տարանջատում և անկախ դատական համակարգ, ունենալ բազմակարծություն քաղաքական կուսակցություններում և կազմակերպություններում և բազմակարծություն հասարակության մեջ և անկախ ԶԼՄ-ներում: Եվ, ի վերջո, ունենալ ուժեղ, թափանցիկ, հաշվետու պետական ինստիտուտներ:

Սա միանգամից տեղի չի ունենում, մենք դա գիտենք: Այն ենթադրում է տևական ջանք՝ առաջընթաց արձանագրելու համար: Հիմա կան զգալի նոր մարտահրավերներ, որոնք ազդում են ամբողջ աշխարհում ժողովրդավարության վրա: Մենք նկատում ենք, որ ամբողջ աշխարհում աճող ժողովրդավարացման շրջանից հետո շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում»,- նման կարծիք հայտնեց եվրոպացի դիվանագետը:

Նա արձանագրեց, որ Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են կորոնավիրուսային համավարակը, 44-օրյա պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը, վերջերս՝ նաև Ռուսաստանի պատերազմի ազդեցությունն Ուկրաինայում:

«Ես համամիտ եմ, որ չի լինի խաղաղություն և անվտանգություն՝ առանց ժողովրդավարության: Այս մարտահրավերներն ունեն կարևոր սոցիալական, հոգեբանական ու տնտեսական հետևանքներ, և դժվար է դրանք հաղթահարել՝ միևնույն ժամանակ պաշտպանելով մարդու իրավունքների արտահայտումը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք կարող ենք ասել՝ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները, հաշվի առնելով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը և Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ ազատ, մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2021 թվականին, չնայած նախապատրաստական կարճ ժամկետին և համաշխարհային առողջապահական ճգնաժամին:

Ընտրությունների ժամանակ ՀՀ-ն արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ շարունակելու ժողովրդավարության ուղին, շարունակելու իր բարեփոխումների ուղին, այս նպատակով Հայաստանին անհրաժեշտ է անկախ, բազմակարծիք վստահելի և պատասխանատու մեդիա ոլորտ, ինչպես վարչապետը նաև ասաց:

Խոսքի ազատության իրավունքի ամրապնդումը անկախ մեդիայի և պատասխանատու լրագրության զարգացումը խաղաղության և ժողովրդավարության կարևոր նախադրյալներն են, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենանք և ազդեցություն չկրենք ապատեղեկատվությունից: ԵՄ-ն պաշտպանում է ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծությունը՝ որպես ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներ և բաց ու ազատ բանավեճի հնարավորություն ստեղծողներ»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նա այն կարծիքին է նաև, որ Հայաստանին անհրաժեշտ է հզոր քաղաքացիական հասարակություն, որը ցանկացած ժողովրդավարական համակարգի առանցքային բաղադրիչն է:

Դեսպան Վիկտորինն ասաց, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները, խաղաղաշինությունը դարձրել են հարձակումների, մեղադրանքների ու ատելության խոսքի թիրախ:

«Նախորդ շաբաթ ես լսեցի բողոքներ ՀԿ-ներից, որոնք պաշտպանում էին կանանց իրավունքները ու խթանում էին երեխաների իրավունքները և պայքարում էին ընտանեկան բռնության դեմ, LGBT համայնքի աջակցությանն էին ուղղված, նրանք հարձակման էին ենթարկվել, և նույն խմբերը բողոքում են իրենց իրավունքների, իրենց ազատությունների սահմանափակումից: Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան ընտրովի չէ, դուք չեք կարող ընտրել այն, ինչ դուք հավանում եք: Այն ասում է, որ դուք պետք է ունենաք բոլոր ազատությունները՝ առանց խտրականության, առանց սահմանափակումների, ինչպիսիք են՝ ռասան, կրոնը, մաշկի գույնը, ազգային կամ սոցիալական պատկանելությունը կամ այլ ստատուսները, հետևաբար՝ մենք բոլորս պետք է աջակցենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ակտիվ են այս երկրում»,- ասաց դեսպանը:

Վիկտորինը նաև նշեց, որ 2020 թվականին ԱԺ-ի կողմից բռնության կոչերը ու բռնության արդարացումը քրեականացնող օրենքի ընդունումը դրական քայլ էր, մյուս կողմից՝ Զրպարտության մասին օրենքի հետ կապված կան որոշակի մտահոգություններ, որ զրպարտությունը կամ վիրավորանքը քրեականացնելը կարող է լուրջ խոչընդոտող ազդեցություն ունենալ խոսքի ազատության իրավունքի վրա:

«Կրկին՝ սա մի գործընթաց է, որը պետք է միասին առաջ մղվի»,- նշեց նա:

Ամփոփելով ելույթը՝ Անդրեա Վիկտորինն ասաց՝ որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա առանց պատժի ներկայացնել իր տեսակետները, պետք է լինի հանդուրժողականության ոգի ողջ բնակչության շրջանում:

«Սա նշանակում է, որ մենք պետք է լսենք միմյանց, մենք պետք է օգտագործենք փաստարկներ ու ոչ միայն կարգախոսներ և ագրեսիվ լեզու, մենք պետք է ձգտենք փոխհամաձայնության, կոմպրոմիսի և հանրային բանավեճի, հանրային քննարկման և միասին պետք է փնտրենք խաղաղ լուծումներ: Ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է, և CEPA-ի համաձայնագրով ԵՄ-ն աջակցում է Հայաստանին ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները և միասին ստեղծել բարեկեցիկ, անվտանգ խաղաղ միջավայր հայ բոլոր քաղաքացիների համար»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Տեսանյութեր

Լրահոս