Ռուսաստանում ավելի քան 61 միլիոն ներքին զբոսաշրջիկներ են սպասվում 2022 թվականին
Ռուսաստանի ներսում 2022 թվականին տուրիստական հոսք է սպասվում 61,2 միլիոն զբոսաշրջիկի մակարդակով: Այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Չեռնիշենկոն՝ հանդես գալով «Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագծի արդյունքների ամփոփման շուրջ խորհրդակցության ժամանակ:
«Այս տարի մենք մեր առջեւ նպատակ ենք դնում ապահովել 61,2 միլիոն ցուցանիշի ձեռքբերումը, եւ առաջին երեք ամսում մենք տեսնում ենք, որ տեմպը շատ լավ է,-հայտարարել է Չեռնիշենկոն, հավելելով, որ եռամսյակի ընթացքում երկրի ներսում ճանապարհորդների թվաքանակն արդեն գերազանցել է 11,6 միլիոնը: Նրա խոսքով՝ 2021 թվականին հաջողվել է հասնել եւ գերազանցել պլանային բոլոր ցուցանիշները:
«Դրանց մեծ մասը գերակատարվել է, զբոսաշրջության հոսքը կազմել է 56,5 միլիոն մարդ՝ 52,2 միլիոն պլանային ցուցանիշի դեպքում»,-եզրափակել է նա:
«Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագիծը գործարկվել է 2021 թվականի ապրիլի 29-ին՝ Ռուսաստանի նախագահի աջակցությամբ:
Դրա նպատակների թվում է՝ մինչեւ 2030 թվականը Ռուսաստանում զբոսաշրջիկների հոսքի աճը 65 միլիոն ուղեւորություններից մինչեւ 140 միլիոնի հասցնելն է:
Փաստաթուղթը ենթադրում է միջոցների ձեռնարկում, մասնավորապես, նոր տուրիստական օբյեկտների ստեղծման համար, ենթակառուցվածքի զարգացում, ամբողջ երկրում տուրիստական մակրոտարածքների ձեւավորում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: