Բիզնեսը թանկացնում է ապրանքը, ու որևէ կերպ պետական վերահսկողական մարմինները չեն զսպում այդ ախորժակը. Տնտեսագետ

ՀՀ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։ Այս մասին այսօր մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ քանի որ ներմուծող երկիր ենք, ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, ու շատ ապրանքներ եթե դրսում թանկանում են, ուրեմն ներմուծող ընկերությունը պետք է թանկացնի ապրանքը:

«Արտաքին շուկաներում գնաճը, ուզենք թե չուզենք, անդրադառնում է մեզ վրա: Հիմնական խնդիրն այն է, որ պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի գնաճային ալիքը երկրում մեղմվի: Որևէ մեկը չի ժխտում, որ ամբողջ աշխարհում գնաճ կա, բայց պետք է համաշխարհային գնաճը համադրել մեր երկրի գնաճի մակարդակի հետ, հասկանալ, թե որ մասն է պայմանավորված արտաքին շուկաներից եկող ազդակներով, չկա՞ն արդյոք ներքին խնդիրներ: Բացի այդ՝ պետական վերահսկողության բացակայությունը բերել է այն վիճակին, որ բիզնեսը թանկացնում է ապրանքը, ու որևէ կերպ պետական վերահսկողական մարմինները չեն զսպում այդ ախորժակը: Խոսքն այն շուկաների մասին է, որտեղ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ կան և այլն»,- մեզ հետ զրույցում նշեց Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով սոցիալական նշանակության Կառավարության ներդրած նոր համակարգին, ըստ որի՝ հանրապետության այն կենսաթոշակառուները, որոնք բանկային քարտով առևտուր կանեն, նրանց համար կկիրառվի մշակված զեղչային համակարգը, տնտեսագետը մեկնաբանեց.

«Ինչպես հասկանում եմ՝ կառավարությունն էլ մինչև վերջ չի ֆիքսել, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի, այդ 10 տոկոսն ո՞վ պետք է վճարի: Նյութից հասկացվեց, որ նախատեսվում են զեղչեր, գումարի մի մասը կառավարությունը կհամաֆինանսավորի, մի մասը՝ բանկային համակարգը, մի մասն էլ՝ բիզնեսը, սակայն պետք է հասկանանք, որ եթե բիզնեսի կամ բանկային համակարգի վրա բեռ է դրվում, ապա դա մեծացնելու է վերջինների ծախսերը, իրենք էլ փորձելու են մյուս առումներով գները բարձրացնել, և այլն: Այսինքն, միանշանակ չենք կարող պնդել, որ դա բացառապես լավացնելու է վիճակը: Գուցե էլի որոշակի գնաճ նկատվի: Ընդհանուր առմամբ առաջարկի միտքը հետաքրքիր է, բայց իրագործման մեխանիզմները քանի որ մինչև վերջ հստակ ներկայացված չեն, դրա ազդեցությունը թե՛ թոշակառուների կենսամակարդակի, թե՛ առհասարակ երկրում գնաճային ֆոնի տեսանկյունից այս պահին դժվար է գնահատել»:

Իսկ այն, թե մենք երբ կարող ենք ներկրող երկրից դառնալ արտահանող երկիր՝ Կառլեն Խաչատրյանը մեկ բացատրություն ունի: Ըստ նրա՝ նմանատիպ պայմաններ ունենալու համար պետք է հստակ նպատակներ սահմանվեն, դրան հասնելու գործողություններ մշակվեն: Անհրաժեշտ են նաև որոշակի երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս