Բաժիններ՝

Ինչպե՞ս են շահագրգռելու բանկին և մասնավոր ընկերությանը. Տնտեսագետը՝ կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում զեղչեր կիրառելու մասին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը՝ նշելով, որ ներդնելու ենհամակարգ, համաձայն որի՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառեն զեղչեր:

«Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար: Այստեղ պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և արդեն մասնավորի կողմից: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև բանակցում ենք, նաև բանավոր խոսակցություններ ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ այս ծրագրում ներգրավելու համար, բայց, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում: Ես հիմա կառավարության նիստում բարձրաձայնում եմ, որ ահա այսպիսի նախագիծ կա, և հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց մենք, այսպես ասած, հասցեական չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կաշխատեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ողջունում է կառավարության կողմից կանխիկի կրճատման ուղղությամբ արվող քայլերը, սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, թե ինչպե՞ս է սա իրականացվելու:

«Միանշանակ պետք է ողջունել, որ կառավարությունը քայլեր է իրականացնում կանխիկի կրճատման ուղղությամբ: Որքան շատ են անկանխիկ գործարքները, այնքան երկրի տնտեսության ստվերայնության մակարդակն ավելի ցածր է: Խնդիրն այն է, թե դա ի՞նչ սխեմայով է իրականացվելու, ինչպե՞ս են շահագրգռելու բանկին և մասնավոր ընկերությանը, որպեսզի նրանք այդպիսի զեղչ տրամադրեն պետությանը: Ակնհայտ է, որ պետությունն ինչ-որ փոխհատուցում չի անելու 1-2 տոկոս անկանխիկ գործարքների դեպքում: Այստեղ գալիս է պետություն-մասնավոր համագործակցությունը, և մնում է հասկանալ, թե դա ի՞նչ ձևաչափով է արվելու և ի՞նչ զեղչեր կարող է ստանալ թոշակառուն՝ իր քարտով առևտուր անելու համար: Հիմա, օրինակ,բանկերն անկանխիկ գործարքներից բիզնեսներից կես տոկոսից մինչև 3 տոկոս միջնորդավճարներ են վերցնում:

Կառավարությունը կարող է բանկի հետ բանակցել, տոկոսը մի քիչ նվազեցնել, այդ 3 տոկոսը դառնա 2 կամ 1 տոկոս, բանկը 1 տոկոս զեղչ տրամադրի: Կառավարությունը կարող էնաև բանկերի առջև որոշակի պայմաններ դնել, օրինակ, եթե ցանկանում եք, որ թոշակառուների քարտերը սպասարկվեն ձեզ մոտ, ուրեմն 1 տոկոս զեղչ տրամադրեք:

Ուղղակի իրենց հայտարարածից պարզ չէ, թե դա ինչպես են իրականացնում»,-168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը նշեց՝ վստահաբար, սա բանկերին է վերաբերում:
«Բանկը, որ 2 տոկոս միջնորդավճար է վերցնում խանութից, ասելու են՝ կես կամ մեկ տոկոսը թող թոշակառուին:Ամենակարևորը՝ թոշակառուներին պետք է սովորեցնեն քարտով առևտուր անել, իրազեկեն»,- ընդգծեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս