Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենք ընդունող իշխանությունը Վանաձորի համայնքապետ նշանակեց քրեական հարուստ անցյալ ունեցող Ակային
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով։
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Նիկոլ Փաշինյանի հրամանագրում:
Հիշեցնենք՝ ՏԻՄ օրենքում այդ փոփոխությունը կառավարող խմբակցությունը նախաձեռնեց ու անցկացրեց հենց այս նպատակով. Մամիկոն Ասլանյանն անմիջապես Վանաձորի ընտրություններում հաղթելուց հետո կալանավորվեց պաշտոնեական դիրքը չարաշահելու ու կեղծիք կատարելու մեղադրանքով, իսկ Նիկոլ Փաշինյանին պետք էր յուրային համայնքապետ: Հարցը որոշեցին լուծել այս ձևով:
Արկադի Փելեշյանը Վանաձորում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջին համարն էր, իսկ այս կուսակցությունն ընտրություններում զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ հավաքելով 4 810 ձայն։
Փելեշյանը Վանաձորի համայնքապետ փորձել էր դառնալ նաև 2016-ին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով, սակայն այդ ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։
Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Արկադի Փելեշյանը հայտնի է քրեական պատմություններով։ Մականուն էլ ունի՝ Ակա:
«Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Փելեշյանը 2008-ին դատապարտվել էր խուլիգանության համար։ Ըստ դատական գործի՝ նա հարբած վիճակում իր ընկերների հետ միասին մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները: Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքը ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150 000 դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։
Արկադի Փելեշյանը 2016-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ, ըստ Ազատություն ռադիոկայանի, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մեղադրելով վերջինիս ՏԻՄ ընտրություններում իրեն չաջակցելու մեջ։ Ռաֆիկ Գրիգորյանը պատմել էր՝ Փելեշյանը 15 հոգու ուղեկցությամբ մոտեցել էր իրեն, առանձնացել նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ու սկսել հարվածել։ Հարուցվել էր քրեական գործ, Փելեշյանը բերման էր ենթարկվել, սակայն գործը կարճվել էր, քանի որ տուժած հոգևորականը բողոքը հետ էր վերցրել։
Արկադի Փելեշյանի անունը փոխկապակցված է նաև ֆինանսական խառը պատմությունների հետ:
Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «ՍԵՖ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը քաղաքացի Աշոտ Մարկոսյանին տրամադրել էր 16 000 դոլար, սակայն վարկառուն պատշաճ չէր կատարել պարտավորությունները։ Վարկային գործարքի համար երաշխավորներից մեկը Փելեշյանն էր, և վարկային կազմակերպությունը նաև վերջինիցս պահանջել էր բռնագանձել 7 500 դոլար։
2016թ.-ին էլ Փելեշյանը «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկից ստացել էր 2 380 դոլար, սակայն Փելեշյանը պատշաճ չէր կատարել բանկային պարտավորությունները, ու դատարանը վճռել էր նրանից բռնագանձել 1 330 դոլար։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մտերիմն է։