Ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են. ինչպե՞ս է փոխանցվում և որո՞նք են ախտանշանները
Աշխարհում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտի դեպքերի աճ է նկատվում երեխաների շրջանում: Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, հիմք ընդունելով «Հերացի» վերլուծականի և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության համատեղ ամփոփումը՝ երեխաների շրջանում նկատվող նշված հիվանդության մասին ներկայում հայտնի փաստերը:
ԵՊԲՀ ռեկտորի փոխանցմամբ՝ 2022 թվականի «ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի մասին: Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրոպական Միության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել է Միացյալ Թագավորությունում: Հիվանդությունը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում»:
Նշված տիպի հեպատիտներին բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):
Գիտնականներն ուսումնասիրում են հիվանդության առաջացման մի քանի աշխատանքային վարկած, փոխանցում է Արմեն Մուրադյանը՝ թվարկելով դրանք.
1. զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա՝ ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա,
ա) ընկալունակություն վարակի նկատմամբ՝ պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ,
բ) նախկինում տարած կամ զուգորդված կորոնավիրուսային հիվանդություն,
գ) տոքսիններ, դեղեր կամ շրջակա միջավայրի գործոններ.
2. Ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն:
Քանի դեռ գիտնականները չեն ավարտել հիվանդության առաջացման վարկածների ուսումնասիրությունը, փորձեցինք մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից ճշտել, թե ինչպե՞ս է փոխանցվում հեպատիտը և ո՞ր օրգաններն են ախտահարվում: Մեր հարցերին ի պատասխան բժիշկը նախ տեղեկացրեց, որ հեպատիտը վիրուս է, որը ախտահարում է լյարդը:
«Հեպատիտ B-ի, C-ի փոխանցումը հիմնականում կամ արյան, կամ սեռական ճանապարհով է լինում: Իսկ, օրինակ, հեպատիտ A-ն փոխանցվում է թքի, կեղտոտ ձեռքերի միջոցով»,- մանրամասնեց մանկաբույժը:
Հավելենք, որ մայիսի 7-ին Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը հայտնել էր, որ Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք: Դեպքերը գրանցվել են մինչև 16 տարեկան երեխաների շրջանում: Արձանագրված դեպքերի զգալի մասը Իտալիայում և Իսպանիայում է՝ համապատասխանաբար՝ 35 և 22:
Դեպքեր են գրանցվել նաև Նիդեռլանդներում, Դանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Սլովենիայում:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր երկու տասնյակ երկրում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 230 դեպքի մասին: