«Փաշինյանի ու նրա շրջապատի գործողություններն ունեն քաոտիկ և այսրոպեական տակտիկական բնույթ». Արեշև
«Տպավորություն է, որ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ, այդ թվում՝ նյութական, քաղաքական անկայուն դիրքերը խոստումներով և եվրոպական կառույցներից դրամական փոխանցումների միջոցով պահպանել կամ կայունացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բրյուսելյան և ռուսական հարթակներում քննարկելու ՀՀ իշխանությունների ու ԼՂ կարգավորման գործընթացում ԵՄ քաղաքականությանը:
«Հիշում ենք, որ ավելի վաղ խոսվում էր 2,6 մլրդ-ի մասին, իբրև թե ԵՄ-ն պատրաստ էր ներդնել, բայց այս առնչությամբ ես կցանկանայի նկատել, որ դրանք պետք է վարկային միջոցներ լինեն, որոնք Երևանին է՛լ ավելի մեծ կախվածության մեջ են գցելու Արևմուտքից: Փաշինյանի ու նրա շրջապատի գործողություններն ունեն քաոտիկ և այսրոպեական տակտիկական բնույթ, որը միտված է ընթացքում առաջացած «անցքերը փակելուն», խոսքը տնտեսական ու քաղաքական խնդիրների մասին է: Սակայն, կարծում եմ, վաղ թե ուշ նման քաղաքականությունը կհանգեցնի իր տրամաբանական ավարտին, թեև վերջին շրջանում կառավարության գործող ղեկավարին բավականին հաջող կերպով է ստացվել մանևրել, բայց դա հանգեցրել է լրջագույն ռեպուտացիոն հետևանքների Հայաստանի և հատկապես՝ ԼՂ-ի համար: Ինձ թվում է, որ նման քաղաքականության անելանելիության զգացումն էլ սնում է այսօր Հայաստանում բողոքական տրամադրությունները, քանի որ մարդիկ հասկանում են, որ երկար այսպես չի կարող շարունակվել»,- ասաց Արեշևը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս նշել էր, որ Վաշինգտոնն ու Փարիզը «փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից»:
«Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝ յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)։ Այս համատեքստում վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը հետևողականորեն կյանքի կոչելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները:
Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,- նշել էր Զախարովան։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Նիկոլ Փաշինյանի ապրիլի 19-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ու դրանից հետո Մոսկվան մի քանի դիվանագիտական ուղերձներ հղեց այն մասին, որ ինքն է զբաղվելու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացով ևս:
Արեշևը չի կարծում, թե պատահական են ռուսական կողմի դիվանագիտական շեշտադրումները:
«Եվրոպական կողմն ակնհայտորեն ձգտում է հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը վերցնել, որի վրա ուշադրություն էին հրավիրել մի շարք ռուս վերլուծաբաններ ևս: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ներկայիս եվրոպական կառույցները վերաբերվում Մոսկվային հետսովետական տարածքում: Բնականաբար, դա չի կարող ուրախություն և ոգևորություն առաջացնել, քանի որ, եթե նախկինում թեկուզ կար հարաբերական համագործակցություն նույն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում և գուցե մի շարք այլ ձևաչափերում, ապա ներկայումս մենք տեսնում ենք, որ եվրոպացիները պրակտիկորեն պահպանում են ծայրահեղ բացասական վերաբերմունք և սառեցնում են գրեթե բոլոր կարգավորման համագործակցությունները Մոսկվայի հետ: Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլև տարածաշրջանային այլ մեխանիզմների»,- ասաց նա:
Անդրեյ Արեշևի դիտարկմամբ՝ բացարձակ անհասկանալի է, թե եվրոպական կառույցները ինչպես կկարողանան օգնել հայ-ադրբեջանական սահմանազատմանն ու սահմանագծմանը, Ղարաբաղյան հարցի կարգավորմանը:
«Ինձ համար դա լիովին անհասկանալի է՝ հատկապես, երբ ռուս խաղաղապահները գտնվում են Ղարաբաղում»,- ասաց Արեշևը: