Ինչո՞ւ չի մակագրվում Նարեկ Մանթաշյանի գործը. ինչո՞ւ է աղմուկ բարձրացրել Մնացական Հարությունյանը

Այսօր «Հայաստան» դաշինքի կալանավորված անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր պաշտպանյալի գործը մակագրելուն, գրել է, որ Նարեկ Մանթաշյանի գործով ինքնաբացարկ հայտնած Ռուբիկ Մխիթարյանին կփոխարինի Արմեն Դանիելյանը։

«Երբեք չէի պատկերացնի, որ Ռուբիկ Մխիթարյանի հայտնած ինքնաբացարկն ինձ կտխրեցնի։ Այս գործընթացի արդյունքով պարզեցինք, որ կալանք տվող դատավորների որոշումների դեմ բերված բողոք մերժող դատավորներից 3-ը՝ Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը, ԲԴԽ-ի կողմից առանձնացվել են, և բացի մինչդատական կալանքների դեմ բերված բողոքներից՝ լսում են նաև դատարանների վարույթում ըստ էության քննվող գործերով բերված բողոքները։ Քաղաքական դատավարություններով այս երեքից բացի՝ այլ դատավորի հանդիպելու շանսերը բացառված են, քանի որ գործերի վերամակագրման ցանկացած հիմքի առկայության պարագայում գործը շրջանառվում է այս երեքի միջև (օրինակ՝ այդպես եղավ նաև Վահագն Վերմիշյանի բողոքի պարագայում։ Վ․ Վերմիշյանի բողոքների քննությանն հաստիքային դատավորն էլ Մնացական Հարությունյանն է)»,- գրել էր փաստաբանը:

168.am-ին այս մակագրումների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հասել: Պարզվում է՝ Նարեկ Մանթաշյանի կալանքի երկարացման դեմ բողոքը մարտի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը մակագրել է Մնացական Հարությունյանին:

Վերջինիս՝ արձակուրդում գտնվելու պատճառով ապրիլի 4-ին՝ առաջին մակագրումից շուրջ մեկ ամիս անց, այն դեպքում, երբ կալանքի հարցն անհապաղ քննվող գործերի թվին է պատկանում, վերամակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին: Ռուբիկ Մխիթարանը, ինչպես հայտնի է, այս գործով, ինքնաբացարկ է հայտնել: Եվս մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին արդեն, գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին: Մայիսի 5-ին առանց մակագրման, գործը կրկին վերադարձվել է արձակուրդից վերադարձած Մնացական Հարությունյանին, ով մեծ աղմուկ է բարձրացրել այդ առնչությամբ:

Մեր տեղեկությունների համաձայն, հիմա գործը գրասենյակում է. այն դեռևս չի մակագրվել:

Հիշեցնենք՝ երեկվանից վերագործարկվել է գործերի մակագրման էլեկտրոնային ավտոմատ համակարգը:

Տեսանյութեր

Լրահոս