Ալիևի առաջարկը ՀՀ-ում գործող ՀԿ-ներին. ինչ է հորդորել Փաշինյանը՝ մերժե՞լ, թե՞ բռնել իրենց մեկնված ձեռքը

Մի քանի օր առաջ 168.am-ի տեսախցիկը Կառավարության շենքի մոտ ֆիքսել էր, թե ինչպես են սորոսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները շտապում Փաշինյանի հետ հանդիպման:

Թե ի՞նչ հարցեր են քննարկել Փաշինյանի հետ Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Սոնա Այվազյանը, Ստեփան Գրիգորյանը ՀՀ-ում իրականացվող անհնազանդության ակցիաների և ընդդիմության հանրահավաքային պայքարի ֆոնին, չենք կարող ասել, թերևս, միայն ենթադրություններ կարող ենք անել, որոնք գուցե ինչ-ինչ հարցերում իրականությանը համապատասխանեն: Գուցե:

Օրինակ, վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է խոսում Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ առանց միջնորդի «բանակցությունների» մասին, հատկապես Եվրամիության՝ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու հայտարարություններից հետո:

Թեպետ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը տեղեկացրել է, որ այդ փաթեթը 6 առաջնահերթ ոլորտ է ընդգրկում:

«Դրանցից առաջինը՝ տնտեսությունը և 30000 ՓՄՁ-ների հիմնումն են: Այն, ինչ անում ենք, գործիքակազմի խառնուրդ է՝ կան դրամաշնորհներ, վարկեր ԵՄ-ից և ԵՄ կառույցներից, ինչպես նաև գործարարներից: Մի խոսքով՝ այն բավական ընդգրկուն է: Երկրորդ ուղղությունը հաղորդակցությունների խթանումն է՝ ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքը: Երրորդ ուղղությունը թվային փոխակերպումն է: Այն նաև ներառում է Սևծովյան տարածաշրջանի միջոցով կապի առաջմղումը: Չորրորդ ուղղությունը Հայաստանի հատկապես հարավային հատվածի զարգացումն է: Հինգերորդ ոլորտն ընդգրկում է Հայաստանի հարավի կրթական ոլորտի զարգացումը: Եվ, վերջապես՝ վեցերորդը, որն առավելապես կենտրոնանում է կանաչ զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ կունենանք գործնական արդյունքներ, օրինակ՝ Երևանի համար կանաչ էներգիայով աշխատող 100 ավտոբուս: Այն շատ կոնկրետ է»,- մանրամասնել է Լյուկ Դևինը՝ միաժամանակ նշելով, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքացիական հասարակությանը, և, որ արդեն տվել են քաղաքացիական հասարակության հարթակի մեկնարկը, որն ուղղված է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի իրականացման մշտադիտարկմանը:

Վերադառնալով Ալիևին, նշենք, որ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի շրջանակում քաղհասարակության հետ կապված, մասնավորապես, ասել է.

«Մենք մտածում ենք Հայաստանի ոչ պետական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների մասին: Ինչպես ես ասացի, դա կարող է ունենալ որոշակի տարածաշրջանային մասշտաբներ: Բացի այս, մենք պետք է տարածաշրջանային զարգացումները դիտարկենք ավելի լայն մասշտաբներում, որովհետև դուք գիտեք, որ ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի համար նախատեսված շատ խոշոր ֆինանսական փաթեթի մասին՝ 2.6 միլիարդ եվրո արժողությամբ: Իհարկե, նման փաթեթ նաև Ադրբեջանի համար է հայտարարված: Այդ միջոցներից որոշակի հատված կարող է ուղղվել կապերի և մարդկանց համար լավ հնարավորությունների ստեղծմանը: Հաշվի առնելով Հայաստանի բնակչության փոքրաթիվ լինելը, կարծում եմ, որ եթե այդ միջոցները ծախսվեն խաղաղ նպատակներով կամ խաղաղարար գործերի վրա, այլ ոչ թե ռևանշիստական փորձերի և հարևանների համար սպառնալիքների ստեղծման, ապա դա նրանց լիուլի բավարար է»:

Այս համատեքստում Ալիևը շարունակել է, թե քաղհասարակության մակարդակով պետք է կապեր ստեղծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ հասարակական կազմակերպություններ, լրագրողներ:

«Դա պետք է ֆունդամենտալ լինի (նկատի ունի հետագա հաշտեցմանը ուղղված,- Մ.Պ.): Այո, դա երկարատև գործընթաց է, որը այլընտրանք չունի»,- հավելել է Ալիևը:

Անցած տարի Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը 2021-ի նոյեմբերի 9-ին «Ինչ կտա Հայաստանի հետ խաղաղությունը Ադրբեջանին» վերտառությամբ հարցազրույցում նշել էր, որ հետխորհրդային երկրներում կամ այդ երկրների միջև կոնֆլիկտը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի, սկսվել են, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, այսինքն, այդ կոնֆլիկտները միջէթնիկ բնույթի են:

«Եվ այդ միջէթնիկ կոնֆլիկտների շրջանակում տեղի ունեցան շատ բաներ, որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների, 100 հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տները»,- նշել էր ադրբեջանցի դիվանագետը և հավելել.

«Հաշտեցնել երկու ժողովրդի, հասարակություններին, դա շատ ավելի բարդ խնդիր է, քան հաշտեցնել երկու պետությունների: Եվ այս գործընթացն անպայման պետք է տեղի ունենա: Մենք պետք է հասկանանք, որ հասարակությունների հաշտեցումը շատ ավելի բարդ խնդիր է, քան ինչ-որ համաձայնագրերի մշակումը: Այս ճանապարհը պետք է անցնել, վիրավորանքը շատ է երկու կողմից էլ, բայց այլ ճանապարհ պարզապես չկա: Հաշտությունից խոսել՝ չի նշանակում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք է մոռանա, որովհետև շատ բաներ, որոնք կատարվել են, հնարավոր չէ մոռանալ: Բայց սա չի նշանակում, թե չպետք է առաջ նայենք: Լեոպոլդ կատվի պես չպետք է ասել՝ եկեք ապրենք հաշտ, կատարվածը ողբերգություն է: Կոչը պիտի լինի հետևյալը՝ չպետք է մոռանալ, բայց եկեք գնանք առաջ»:

Այնուհետ Զուլֆուգարովը նշել էր, որ հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ բազա է պետք, այն է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Երկու կողմից չսպիացած վերքերի գաղափարը և դրանց ընկալելի լինելու գաղափարը 2022-ի փետրվարի 23-ին ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը շոշափել էին նաև Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած ՀԿ-ներին Ադրբեջանի հետ առանց միջնորդների խաղաղասիրական ակտիվ աշխատանք է սպասվում: Գուցե սրան միանա նաև Աննա Հակոբյա՞նը և վերականգնի՞ խաղաղության երբեմնի արշավը: Ի վերջո, կանանց դերը նման կարևոր հարցերում եվրոպական երկրները միշտ էլ բարձր են գնահատում: Իսկ գուցե արդեն սկսե՞լ է, և զոհվածների ծնողների հետ հանդիպումները, չսգալու կոչերը այս տրամաբանությա՞ն մեջ էին: Հնարավոր է:

Ի դեպ, հայաստանյան որոշ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ մեդիա կազմակերպություններ, իրենց քաղաքագետ, փորձագետ ներկայացնող որոշ անհատներ, որոնք տարիներ շարունակ սորոսական և այլ շրջանակներից ահռելի դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել, ավելի քան երկու տասնյակ տարիներ հենց այդ «առաքելությամբ» էլ զբաղված են եղել: Ալիևը պարզապես ցանկանում է պաշտոնական մակարդակի վրա դնել նրանց առաքելությունը:

Տեսանյութեր

Լրահոս