Փաշինյանը փորձում է պարզաբանել ԶՊՄԿ բաժնեմասերի ձեռքբերման առեղծվածը, բայց ցայսօր չի հանրայնացնում նվիրատվության պայմանագրի պատճենը

Կառավարության նիստին քննարկման էր դրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:

Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը համոզում հայտնեց՝ նախագծերի փաթեթը մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգն ավելի արդար դարձնելու նպատակ ունի:

Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այդ ուղղությամբ երկար են աշխատել, ապա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերից արդեն սկսել է գործել արտահանման տուրքը:

«Տուրքը մինչև 2023 թ. հունվարի 1-ը շարունակելու է գործել և հունվարի 1-ից նոր սկսելու է գործել ռոյալթիի նոր համակարգը»,- տեղեկացրեց նա:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կողմից ԶՊՄԿ բաժնեմասի ձեռքբերման չքողազերծված դրվագին:

Նկատենք՝ շուրջ կես տարի է՝ անպատասխան է հարցը՝ ինչո՞ւ է կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ Արմենիան», որոշել բաժնեմասերի 15%-ը փոխանցել Հայաստանի կառավարությանը։

«Ես տեսնում եմ, որ մինչև հիմա էլ ժամանակ առ ժամանակ այդ թեման ծագում է, որ՝ կառավարությունը չի բացահայտում, թե ինչպես է դարձել ԶՊՄԿ սեփականատեր, ոմանք նույնիսկ այնքան են բան անում… կասկածելի գործարք, կոռուպցիոն գործարք… էս շատ զարմանալի բան է:

Էլի եմ ասում, որ եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով էդ սեփականության տերը դառնան, ոչ ոք չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչի՝ դա կասկածելի է թվում: Ի՞նչն է կասկածելի. ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, և ՀՀ-ն էլ, կառավարութունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է:

Ինչո՞ւ է ներդրողը որոշել նվիրատվություն անել. մի շատ պարզ պատճառով, որովհետև նախկինում ասել ենք, որ այստեղ սա մեկ գործարք չէ. այստեղ մենք նկատի ունենք մոտ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ: Խոսքը պղնձաձուլարանի կառուցման, նոր ատոմակայանի կառուցման մասին է»,- մասնավորապես նշեց գործադիրի ղեկավարը:

Անհասկանալի է միայն՝ եթե ամեն բան այսքան պարզ է, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ապա ինչո՞ւ է կառավարությունը ցայսօր թաքցնում համապատասխան նվիրատվության պայմանագրի պատճենը՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկությունն առևտրային գաղտնիք է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։

Հիշեցնենք նաև` «Սիվիլնեթ» լրատվականը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը, սակայն կառավարությունից մերժել էին լրատվամիջոցին։

Այնուհետև «Սիվիլնեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները վարչական դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը կառավարության աշխատակազմին պարտավորեցնի տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031