Անկումը խորանում է
Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում միլիարդավոր դրամներ է ծախսում՝ ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար, բայց արդյունք չկա։ Գյուղատնտեսությունը կրկին անկումային է։ Նախորդ 4 տարիներին միայն անկում է գրանցվել։ Այս տարվա սկզբին էլ անկումը պահպանվում է։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի օպերատիվ տվյալները, որոնց համաձայն՝ գյուղատնտեսության արտադրության ծավալները նվազել են 5,4 տոկոսով։
Անցած տարվա նույն ժամանակահատվածում անկումը 1 տոկոս էր։ Դրա վրա ոչ միայն անկում է գրանցվել, այլև անկման տեմպն ավելի է խորացել։ Թե ինչքանո՞վ են պետական բյուջեից հատկացվող միլիարդավոր դրամները նպաստում գյուղատնտեսության զարգացմանը, վկայում են՝ ինչպես այս, այնպես էլ՝ ընդհանրապես վերջին տարիներն արձանագրված միտումները։
Տասնյակ ծրագրեր են ընդունել, գումարներ են հատկացրել, իսկ արդյունք չկա։ Երեք տարի է, մեկնարկել է խելացի անասնագոմերի կառուցման ծրագիրը։ Թվում է, թե կառավարությունը բավական լավ պայմաններ է առաջարկում գյուղացուն՝ անասնապահություն զարգացնելու համար. ծախսերի կեսը վերցնում է իր վրա։ Բայց 3 տարվա ընթացքում ընդամենը չորս տասնյակ անասնագոմ է կառուցվել, այն դեպքում, երբ նախատեսվում էր կառուցել 230-ը։ Կառուցված անասնագոմերի մի մասն արդեն չեն էլ գործում։
Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե գյուղատնտեսության ոլորտում կառավարության ընդունած ծրագրերը որքանով են կյանքի կոչվում։ Այնպիսի մեխանիզմներ են դրել, որ դրանցից օգտվելը դառնա աննպատակահարմար։
Այսպիսի ծրագրերով էլ ուզում են գյուղատնտեսություն զարգացնել։ Հաշվարկել էին, որ 2 տարվա ընթացքում մի քանի անգամով պիտի ավելացնեն կովերի գլխաքանակն ու կաթի արտադրությունը։ Բայց չկա թե՛ մեկը, և թե՛ մյուսը։
Չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքները, որ առանց ավելորդ քաշքշուկների գյուղացին կարողանա օգտվել այդ ծրագրերից։
Այս տարի էլ որոշեցին սուբսիդավորված պարարտանյութ մատակարարել։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքները վաղուց մեկնարկել են, առանձին հատվածներում նույնիսկ ավարտվել են, իսկ շատերը դեռևս չեն կարողացել ստանալ սուբսիդավորված պարարտանյութը։
Մատակարարումներն ուշանում են, ու գյուղացին կրկին կանգնած է կոտրած տաշտակի առաջ։
Դեռ չհաշված, որ, պարարտանյութից բացի, մարդիկ բախվել են նաև սերմացուի պակասի ու վառելիքի կտրուկ թանկացման հետ։ Կառավարությունը համարել է, որ դրանց սուբսիդավորումը նպատակահարմար չէ՝ առանց մտածելու, որ այն բերելու է՝ ինչպես ցանքատարածությունների, այնպես էլ՝ արտադրության ծավալների կրճատման ու գյուղմթերքների գների բարձրացման։
Հետո էլ արդարանալու են, թե երկրում տիրող բարձր գնաճը բացառապես արտաքին շուկաների հետևանք է։ Էլ չեն ասում, որ դրան էապես նպաստում է նաև գյուղատնտեսության ոլորտում իրենց իրականացրած ապաշնորհ քաղաքականությունը, ինչը հանգեցրել է արտադրության ծավալների կրճատման։
Առաջին եռամսյակում գյուղատնտեսությունը կրկին անկումային է, և հույս չկա, որ հետագայում ևս այդ միտումը չի պահպանվելու։ Տնտեսության մյուս հատվածներում տարեսկզբին իրավիճակը համեմատաբար բարվոք էր, բայց ինչպես կանխատեսվում էր, աճի տեմպը գնալով նվազում է։ Եթե հունվարին տնտեսական ակտիվության աճը գրեթե 15 տոկոս էր, հունվար-փետրվարին՝ 12 տոկոս, ապա արդեն հունվար-մարտին իջել է 9,6 տոկոսի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի անկումից հետո։
Պատճառը ոչ միայն գյուղատնտեսությունն է, այլև արդյունաբերությունը։
Մարտին արդյունաբերությունը ևս անկումային է եղել։ Արտադրության ծավալները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Զգացնել է տվել պատժամիջոցների ազդեցությունը, որոնք գալիս են հատկապես Ռուսաստանի տնտեսությունից։
Մարտին արդյունաբերության անկում է գրանցվել ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ ամսվա նկատմամբ։
Տնտեսական իրավիճակի վատացումն արտահայտվել է նաև արտահանման ցուցանիշների վրա։
Մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանից ավելի քիչ ապրանք է արտահանվել։ Արտաքին շուկաների մատակարարումները կրճատվել են ավելի քան 12 տոկոսով։
Նվազել է նաև ներմուծումը՝ շուրջ 10 տոկոսի չափով։
Տնտեսության ակտիվության աճը նստած է եղել հիմնականում առևտրի և հատկապես՝ ծառայությունների վրա։
Առաջին եռամսյակի տվյալներով, ծառայությունների ոլորտում 22 տոկոսից ավելի աճ է արձանագրվել։ Դրան նպաստել է՝ ինչպես անցած տարվա ցածր բազան, այնպես էլ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Անցած տարվա նույն ժամանակահատվածում ծառայությունների ոլորտը շարունակում էր պասիվ լինել։ Առաջին եռամսյակում անկումը հասնում էր 8 տոկոսի։ Այդ ֆոնին այս տարի աճ է գրանցվել, որին մեծապես նպաստել է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ ներհոսքը։ Նրանց թիվը, պաշտոնական տվյալներով, անցնում է 75 հազարից։
Սա լրացուցիչ պահանջարկ է ձևավորել՝ ինչպես ծառայությունների, այնպես էլ՝ առևտրի ոլորտում։ Դրանով հանդերձ, առևտրի շրջանառությունը հազիվ հասցրել է վերականգնվել նախորդ տարվա անկումից հետո։
Անցած տարվա առաջին եռամսյակում առևտրի անկումը հասնում էր 5,6 տոկոսի։ Այս տարի աճը եղել է 7,6 տոկոս։
Բայց ինչպես առևտրի, այնպես էլ՝ ծառայությունների ոլորտի այս աճերը, որոնցով մեծամասամբ պայմանավորվել է տարեսկզբի տնտեսական ակտիվությունը, որակյալ չեն։ Ի տարբերություն դրանց, իրական հատվածում պատկերն այնքան էլ մխիթարական չէ. գյուղատնտեսությունը շարունակում է անկումային մնալ, իսկ արդյունաբերության աճը շատ ցածր է։
Շինարարության ոլորտում ևս թռիչքային զարգացումներ չկան։ Աճը երեք ամսում եղել է 6,2 տոկոս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ