Բուլլինգի մասին՝ մշակույթի և մեդիայի լեզվով. «Չուչել» ներկայացումը կհամալրի Դրամատիկական թատրոնի խաղացանկը
Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ՝ մայիսի 5-ին Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։
««Չուչել» ներկայացման բեմադրությամբ ցանկանում ենք մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող և շատերի համար դեռևս անծանոթ «բուլլինգ» երևույթի և դրա երկարատև բացասական հետևանքների մասին։ Ցանկացած ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում, որը կրում է շարունակական բնույթ մեկ երեխայի նկատմամբ իր համադասարանցիների կամ մեկ այլ խմբի կողմից, կարելի է անվանել «բուլլինգ»։ Անկախ տարածված կարծիքից, որ բուլլինգը հասունացման բնական գործընթաց է, գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բացասական երևույթի բոլոր գործող անձինք՝ նախաձեռնողները, նրանց սատարողները, զոհերը և անգամ պասիվ դիտորդները սոցիալական առողջ հարաբերություններ կառուցելու լուրջ խնդիրների են բախվում ողջ կյանքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է «Գլոբալ թու լոքալը» շվեդական կազմակերպության հիմնադիր և ղեկավար, «Չուչել» ներկայացման գաղափարի համահեղինակ Իրինա Ալեվերտը։
Դերասան Լևոն Հախվերդյանը, որը նաև «Գլոբալ թու լոքալի» մշակութային հարցերով խորհրդատուն է, մարմնավորում է Ռոմանի կերպարը։
«Այն իմ՝ երբևէ մարմնավորած կերպարներից ամենախորքայինն է։ Առաջին հայացքից տպավորություն է, որ հերոսս բացասական է, վատն է, սխալ քայլեր է կատարում, սակայն այս կերպարն իրոք չի հասկանում, թե ինչ է անում։ Նա իր կարիերայի ճանապարհին կանցնի ամեն ինչի և յուրաքանչյուրի վրայով։ Սակայն, կերպարիս գլխավոր թերություններից է վախկոտ լինելը. բարդույթներով հերոս է։ Շատ հաճախ, երբ երեխաներից որևէ մեկը ենթարկվում է բռնության, մյուսները վախենում են բարձրաձայնել խնդրի մասին, վախենում են պաշտպանել բուլլինգի ենթարկվողին, քանի որ ենթադրում են, որ այդպիսով կհայտնվեն այդ երեխայի տեղում։ Սակայն, սա շատ սխալ դիրքորոշում է, երեխային պետք է օգնել և մենակ չթողնել»,-ասում է Լևոն Հախվերդյանը՝ հավելելով, որ, եթե ինչ-որ երեխա տարբերվում է մյուսներից, ապա դա չի նշանակում, որ նա պետք է բուլլինգի ենթարկվի։ Եվ այս բոլոր ուղերձները փորձել են հանրությանը փոխանցել ներկայացման միջոցով։
Դերասանի խոսքով՝ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը հետաքրքիր լուծումներ է գտել ներկայացման համար։
«Երբ մենք այս գործը սկսում էինք, ես իսկապես չգիտեի, թե ինչ է բուլլինգ երևույթը։ Երբ ինձ բացատրեցին, հասկացա, որ անցել եմ այդ ամենի միջով, և ենթադրել եմ, որ սովորական բան է։ Սակայն, ծանոթանալով Իրինայի ուսումնասիրություններին և ինքս ուսումնասիրություններ կատարելով՝ հասկացա, որ չափազանց դաժան երևույթ է և բացասական հետևանք է թողնում ցանկացած մարդու կյանքում։ Գուցե մարդը բոլորովին այլ բնավորություն և սովորություններ ունենար, եթե ժամանակին բուլլինգի չենթարկվեր»,-նշում է Լևոն Հախվերդյանը՝ շեշտելով, որ ներկայացումն ավելի շատ մեծահասակների համար է և ոչ երեխաների։
Դերասանուհի Լիդիա Գրիգորյանն էլ փաստում է՝ իր մարմնավորած կերպարն առաջին հայացքից բացասական է թվում, չսիրվող, սակայն կերպարը բազում շերտեր ունի։ «Կերպարս ստանալու համար ուսումնասիրել եմ դպրոցականներին, խոսել եմ ուսուցիչների հետ։ Հասկացել եմ, որ իմ հերոսուհին տարբերվում է մտածելակերպով։ 12 տարեկանում կողմնորոշվել է, գիտի, ինչ է ուզում կյանքից։ Նրա կարծիքով՝ կան խաղի կանոններ, որոնք պետք չէ խախտել։ Նրա ամենամեծ կոմպլեքսը սխալվելն է, բայց մենք պետք է հասկանանք, որ սխալվելը բոլորովին էլ վատ չէ։ Որպես ծնող, կարծում եմ, որ երեխան չպետք է ապրի սխալվելու վախի մթնոլորտում։ Սխալվելը բնական գործընթաց է, որը բնորոշ է բոլորիս։ Ցանկացած երեխա պետք է սխալվի։ Եվս մեկ կարևոր ուղերձ ունեմ փոխանցելու՝ մենք բոլորս տարբեր ենք, սակայն չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը մեզնից տարբերվում է, ապա նրան պետք է բուլլինգի ենթարկել։ Մենք պետք է ընդունենք մեկս մյուսին մեր թերություններով ու առավելություններով հանդերձ ու հարգենք միմյանց»,-շեշտում է դերասանուհին։
Ներկայացման գաղափարի համահեղինակն է Իրինա Ալեվերտը։ Բեմականացման հեղինակներ՝ Գրիգոր Խաչատրյան, Էմմա Մանուկյան։ Ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան։
«Չուչել» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Լևոն Հախվերդյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանը, Մարիամ Ադամյանը: