Ովքե՞ր են հարստացել և ովքե՞ր ավելի աղքատացել. դեպի ո՞ւր է գնում կյանքի բարեկեցությունը

Հասարակությանը լավ ապրելու, պայծառ ապագա կառուցելու հույսեր տալով՝ չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Եկավ ու արեց ամեն ինչ, որպեսզի եղածն էլ փոշիացնի։ Չորս տարի  իշխանության է, և ի՞նչ է փոխվել այդ չորս տարում հասարակության կյանքում։

Գրեթե ամեն ինչ համատարած թանկացել է։ Քաղաքացիների մեծ մասի եկամուտները, եթե նույնիսկ ավելացել են, ապա անհամեմատ ավելի քիչ, քան թանկացումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերն են։ Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանակ առ ժամանակ փորձում են տպավորություն ստեղծել, որ աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գնաճը, բայց չեն ասում, որ թանկացումները, որին առնչվում են մարդիկ, միայն այն չէ, ինչ ներկայացվում է։ Կան գնաճի, այսպես ասած, պաշտոնական և իրական դրսևորումներ։

Իրական գնաճի ազդեցությունն է, որ մարդիկ զգում են իրենց վրա։ Իսկ այդ ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է, քան պարզապես գնաճն է։

Նախկինում, երբ դեռ իշխանության չէր, Նիկոլ Փաշինյանը լավ տարբերում էր գնաճի դրսևորումները։

Դժգոհում էր անգամ 1-2 տոկոսանոց գնաճից։ Հայտարարում էր, որ դա ստացվել է իշխանությունների մանիպուլյացիաների արդյունքում, որ լայն սպառման ապրանքների շուկաներում թանկացումները շատ ավելի մեծ չափերի են հասնում, քան իշխանությունների ներկայացրած գնաճի միջին ցուցանիշն է։

Սրա մեջ, անշուշտ, ճշմարտություն կա։ Միշտ էլ միջին գնաճն ավելի ցածր է եղել, քան առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել։

Այդպես էր՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում մարդկանց վրա գնաճի իրական ազդեցության մասին, որը թելադրված է ավելի հաճախ օգտագործվող ապրանքների կտրուկ թանկացումներից։  

Այդպիսի ապրանքները քիչ չեն։ Դրանք վերջին, հատկապես՝ 2 տարիներին հասցրել են էապես թանկանալ։

Թանկացել են՝ ինչպես անցած, այնպես էլ՝ այս տարի։ Ու երբ խոսում ենք գնաճի ու դրա իրական ազդեցության մասին, պետք է հաշվի առնել հենց այս հանգամանքը։

Թանկացումների այն ալիքը, որին առնչվում ենք այս տարի, տեղի է ունենում անցած տարվա բարձր գնաճի ֆոնին։ Անցած տարի բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքներ երկնիշ թանկացել են, այս տարի էլ շարունակել են նույնքան կտրուկ թանկանալ։

Օրինակները բազմաթիվ են։

Անցած տարվա մարտին ալյուրի և ձավարեղենի գները նախորդ տարվա համեմատ բարձրացել էին 15,5 տոկոսով։ Այսինքն՝ եթե նախկինում, պայմանական ասած՝ 1 կիլոգրամի արժեքը 100 դրամ էր, անցած տարի դարձել էր 115,5 դրամ։ Այս տարի 115,5 դրամի վրա բարձրացել է ևս 15,1 տոկոսով։

Կստացվի, որ նախկին 100 դրամից հասել է 133 դրամի. երկու տարում մեկ երրորդով ավելացել է։ Սա է գնաճի իրական ազդեցությունը, որը կրել են մարդիկ։

Մի քանի այլ օրինակ բերենք. բրնձի գնաճն անցած տարվա մարտին կազմել էր 13,5 տոկոս։ Այս տարի, նախորդ տարվա թանկացման վրա, գները բարձրացել են ևս 17 տոկոսով։ Մակարոնեղենն անցած տարի թանկացել էր 9,4 տոկոսով։ Այս տարի թանկացման տեմպը ոչ միայն չի թուլացել, այլև կրկնակի արագացել է. 9,4 տոկոս թանկացման ֆոնին գները բարձրացել են ևս 18,2 տոկոսով։

Խոզի մսի գնաճն անցած տարվա մարտին կազմել էր 13 տոկոս։ Այս տարվա մարտին այն թանկացել է ևս 26 տոկոսով։ Եթե սա բերենք գումարային տեսքի, ապա կստացվի, որ եթե նախկինում խոզի մսի 1 կիլոգրամի արժեքը, ասենք, 2 հազար դրամ էր, ապա 2 տարվա ընթացքում դարձել է 2850 դրամ կամ թանկացել է 850 դրամով։

Ձուկն անցած տարի շատ չէր թանկացել, ընդամենը 2,3 տոկոսով։ Բայց այս տարի ռեկորդ է խփել՝ նախորդ տարվա համեմատ գնաճն անցնում է 34 տոկոսից։

Անցած տարվա թանկացումից հետո այս տարի որոշ գնանկում է եղել ձվի դեպքում։ Բայց, որպեսզի պարզ լինի, թե այդ էժանացումից հետո ինչպես են փոխվել գները, բերեք անցած տարվա գնաճի ու այս տարվա գնանկման ցուցանիշները. անցած տարի ձուն թանկացել էր ավելի քան 78 տոկոսով, այս տարի նման թանկացումից հետո էժանացել է 12,5 տոկոսով։

Հիմա պատկերացրեք, թե 2 տարվա կտրվածքով, ձվի գնի ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել։ Չնայած այս տարի այն որոշ չափով էժանացել է, այնուհանդերձ շարունակել է անհամեմատ ավելի թանկ լինել, քան մինչև անցած տարվա կտրուկ գնաճը։

Սննդամթերքի և հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումների այսպիսի օրինակները շատ են։ Բայց այնպես չէ, որ դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների շուկաներում ևս գնաճի պակաս չկա։ Դրա հետ գուցե և կարելի էր համակերպվել, եթե գնաճին զուգահեռ՝ ունենայինք մարդկանց եկամուտների իրական աճ։ Շատ դեպքերում, անգամ իշխանությունների արձանագրած աշխատավարձերի բարձրացումներն ու աշխատավարձի ֆոնդերի ավելացումները, քիչ կապ ունեն եկամուտների իրական աճերի հետ։ Դրանք հաճախ պարզապես վիճակագրական աճեր են՝ կապված թաքնված աշխատավարձերի հայտարարագրվող չափերի և ոչ թե՝ մարդկանց իրական եկամուտների ավելացումների հետ։

Նորություն չէ, որ հարկային մարմինները պարբերաբար պարտադրում են տնտեսվարողներին բարձրացնել հայտարարագրվող աշխատավարձերը՝ լավ իմանալով, որ դրանք երբեմն ավելի ցածր են, քան փաստացի վճարվողը։

Արդյունքում ստացվում է, որ աշխատավարձերը վիճակագրությամբ բարձրանում են, բայց աշխատավարձի տեսքով մարդկանց ստացված փաստացի եկամուտները չեն փոխվում։

Թերևս, դա է պատճառներից մեկը, որ համատարած թանկացումների հետևանքով՝ աղքատանում են և՛ աշխատողները, և՛ չաշխատողները, և՛ սոցիալական մյուս խմբերը։

Կա, անշուշտ, հասարակության մեջ մի հատված, որի եկամուտները վերջին չորս տարիներին ավելի առաջանցիկ են աճել, քան գնաճը։ Դրանք ոչ միայն հարուստներն են ու բիզնեսի ներկայացուցիչները, այլև բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր, բարձր աշխատավարձից բացի, նաև բարձր հավելավճարներ ու պարգևավճարներ են ստանում։ Նրանց կյանքն իսկապես բարելավվել է։ Իսկ հասարակության հիմնական մասն էլի մնացել է ձեռնունայն։ Լավ ապրելու նրանց հույսերն այդպես էլ չարդարացան, ինչպես կարծում էին չորս տարի առաջ՝ հավատալով Նիկոլ Փաշինյանի կեղծ խոստումներին։

Իրականությունն այն է, որ հարուստներն ավելի են հարստացել, իսկ աղքատները՝ ավելի աղքատացել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս