Բացահայտվել են ամիսներ առաջ Կապանում կատարված ավազակության դեպքերը. կան ձերբակալվածներ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են ամիսներ առաջ Կապան քաղաքում կատարված ավազակության դեպքերը:
Նախնական տեղեկություններով, 2021թ. փետրվարի 27-ին առերևույթ հանցագործություն կատարած անձինք, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ապօրինի մուտք էին գործել Կապան համայնքի Չափնի բնակավայրի բնակչուհու տուն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան համայնքի երկու բնակիչներ:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջիններս 2022թ. ապրիլի 28-ին բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, ձերբակալվել՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում վերոհիշյալ անձանցից մեկը խոստովանել է իր կողմից կատարված երկու այլ հանցագործություններ ևս:
Պարզվել է, որ վերջինս 2021թ. փետրվարի 19-ին, գողություն կատարելու դիտավորությամբ, դեմքը քողարկված վիճակում, ապօրինի մուտք է գործել Կապան քաղաքի մեկ այլ բնակչուհու տուն, սակայն տան միջանցքում հանդիպելով տանտիրոջը, իրենից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի, որից հետո շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ նույն օրը դիմակավորված ապօրինի մուտք է գործել նաև Կապան քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատուն և դանակի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելով տանտիրոջը, հափշտակել է զգալի չափերով գումար:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նշված դեպքերի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: