Ծանր վիրավորանքի տխրահռչակ հոդվածը ՍԴ-ն ճանաչել է սահմանադրական
Մարտի 21-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մեկ օր անց Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի կամ, ինչպես ընդունված է ասել, ծանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել:
«ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»,- պնդել էր նախկին ՄԻՊ-ը՝ ներկայացնելով իր այդ պնդման հիմնավորումները:
Վերջինս նախ տարակուսել էր, որ այդ օրենքի ընդունումից մի քանի ամիս առաջ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հայհոյանքն ու վիրավորանքը հասցվել էր ամենաբարձր «պիկի» ու գրեթե անմիջապես հետո սկսել էին Քրեական օրենսգրքով պայքարել դրա դեմ:
168.am-ը գրել էր, որ մարտի 22-ին, սակայն, 137.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով դատաքննություն տեղի չէր ունեցել: Նույն այդ օրը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատակարգային որոշում է ստորագրել, ըստ որի՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 26-ին` ժամը 11:00-ին:
Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել տխրահռչակ ծանր վիրավորանքի հոդվածը: Որոշումը, սակայն, կհրապարակվի երկուշաբթի օրը: ՍԴ 5 անդամներ կողմ են քվեարկել այդ որոշմանը: Հատուկ կարծիք են ներկայացրել Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը: