Բաժիններ՝

«Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի «Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, եղբոր և նրա ընկերուհու հասցեին «Ինստագրամ» սոցիալական ցանցի համապատասխան էջից վիրավորական գրառումներ կատարելու համար 27-ամյա երիտասարդին և նրա ընկերներին պատժելու շուրջ նախնական համաձայնության գալով 31-ամյա համաքաղաքացու և մի խումբ անձանց հետ, 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:00-14:40-ի սահմաններում, հիշյալ գերեզմանատան ավտո­կայանատեղիում, ապօրինի ձեռք բերված և պահած «AK-47» տեսակի հրազենով կրակոցներ է արձակել «Mercedes G» և «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենաների մեջ գտնվող՝ վերոնշյալ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ իրական վտանգ ստեղծելով այնտեղ հավաքված այլ անձանց կյանքի համար:

Միևնույն ժամանակ 37-ամյա տղամարդն իր հանցակիցներին հրահանգել է ամեն կերպ կասեցնել վերոնշյալ ավտոմեքենաների ընթացքը: Վերջիններս կրակոցներ են արձակել «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով այն: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը, 27-ամյա երիտասարդի և նրա ընկերների փախուստը դեպքի վայրից կանխելու նպատակով, իր կողմից վարած «VAZ 21099» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ բախվել է «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենային, սակայն ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ 27-ամյա երիտասարդին և նրա ընկերներին հաջողվել է հեռանալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս