Վիճաբանություն՝ Արա Զոհրաբյանի և ոստիկանների միջև
«Ազատագրական շարժման» ներկայացուցիչներն այսօր ակցիա են իրականացրել Կառավարության մոտ՝ «Ազատագրում ստից և ստախոսներից» խորագրով: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ նպատակը հասարակությանը ևս մեկ անգամ իշխանությունների ստերի համաբույլը հիշեցնելն է, որի արդյունքում հայրենիքի զգալի հատվածը կորավ:
«Ակցիան չսկսած, խախտում չարած՝ մեր գործընկեր Վահագն Չախալյանին բերման ենթարկեցին: Նման բան չի կարող լինել: Երգիծական նկարը սխալ մեկնաբանելն ու վիրավորվելը կնշանակի, որ այստեղ ինչ-որ բան սխալ է»,- լրագրողներին ասել էր Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը:
Ակցիայի ընթացքում շարժման ղեկավար անդամ Արա Զոհրաբյանի և ոստիկանների միջև վիճաբանություն էր սկսվել: Զոհրաբյանը պնդել էր, որ ոստիկանները խախտում են իր իրավունքները, խոչընդոտում իր ազատ տեղաշարժը, իսկ ոստիկանները պնդել էին, որ իրենք իրավունք ունեն ժամանակավորապես սահմանափակելու քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, հղում կատարելով Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածին: https://www.youtube.com/watch?v=9ZXUWZqbUbA
Շարժման մեկ այլ անդամ՝ Նաիրի Հոխիկյանն էլ լրագրողներին տեղեկացրել էր, որ իրենց շարժման անդամներից 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ծաղրանկարով քայլելու պատճառով: