«Արցախի հարցի լուծման հանգրվանը պայքարն է,  Հայաստանում ոտքի ելած ժողովրդի ձեռքին է». Մարտին Եսայան

Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկած բողոքի ակցիաներն արցախցիների համար արժանապատիվ խաղաղությամբ  ապրելու հույսեր են ներշնչում։

168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն ասաց, որ ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, և իրենց եզրահանգումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա և իր թիմն այլևս ի վիճակի չեն երկրում որևէ բան փոխելու, նրանք պետք է հեռանան, որպեսզի արժանապատիվ խաղաղ ապրելու հնարավորություններ ստեղծվի։

«Տեսնում ենք, որ փողոցում օրեցօր ժողովրդի թիվն ավելանում է, կարծում եմ՝ առաջիկա 2-3 օրերում ժողովուրդը կկարողանա ավելի լուրջ փոփոխություններ մտցնել սկսած գործընթացներում։ Վստահ եմ՝ այսօր փողոցում պայքարի դուրս եկած մարդիկ հետքայլ չեն անելու, միայն մեկ խնդիր այստեղ կա՝ Արևմուտքի միջամտությունը։ Հնարավոր սցենար եմ համարում, որ Արևմուտքի հրահանգով Նիկոլը դիմի սադրիչ քայլերի, որովհետև Արևմուտքին Նիկոլի մնալը ձեռնտու է։ Արևմուտք ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Թուրքիային, այլև այն բոլոր երկրներին, որոնք օգտվում են Արցախում ու Հայաստանում ստեղծված վիճակից։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի ձգտումները միայն հայոց երկրի հիմքերի քանդումն է։

Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առումով ես լավատես եմ, գոտապնդվելու ենք, այս իշխանությունը փոխվելու է, դրանից հետո, անկախ նրանից, ով կգա իշխանության, պետք է ամեն ինչ անենք Արցախի ու Սյունիքի համար։ Լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ է, որ մենք կանգնենք իրար կողքի»,- նշեց Մարտին Եսայանը։

Ալիևն այսօր միջազգային մի քննարկման ժամանակ հայտարարել է,  թե «Ղարաբաղի հայերից դրական ազդանշաններ են ստանում, սկսվել են նախնական շփումներ», և հարցին՝  ի՞նչ է իրականում կատարվում Արցախում, հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի իշխանություններն ինչ -որ բանակցային շփումներ են փորձում սկսել Ադրբեջանի հետ, Մարտին Եսայանը կտրուկ պատասխանեց. «Ալիևի հետ շփվում են միայն Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը, Արցախում որևէ մեկը դրական ազդակ չի ուղարկում Ալիևին և նրա հետ չի շփվում։ Ադրբեջանը շան ու ստի երկիր է, նրանք ամեն ինչ կառուցում են մեր պատմության վրա, այսքանից հետո արցախցին Ալիևին դրական ազդակ կուղարկե՞ր, նրա հայտարարությունը սուտ է»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի, այսօր Երևանում Արցախի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, նախ նկատեց՝ արցախցիները Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի կառավարության անդամների հանդիպումն այդքան էլ լավ չեն ընդունում, որովհետև այսօր արցախցին մերժել է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը։

Հանդիպման մեկնարկին Փաշինյանն ասել էր, թե «Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգը», և նրա մեկնաբանությամբ՝ «խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, ես տեսնում եմ այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք խոսում, քննարկում ենք»:

Արցախի ժողովուրդը, որը Փաշինյանի  բնորոշմամբ՝ որպես թիվ մեկ շահառուն է, տեղյա՞կ է՝ որն է այդ ճանապարհն ու հանգրվանը, որը տեսնում է Փաշինյանը, մեր այս հարցին  ի պատասխան՝ Մարտին Եսայանն ասաց.

«Արցախի հարցի լուծման հանգրվանը պայքարն է, ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի Նիկոլն իր հայտարարությամբ, բայց հանգրվանը պայքարն է։ Այսօր նաև Արցախի հարցի լուծման հանգրվանը Հայաստանում ոտքի ելած ժողովրդի ձեռքին է։ Իսկ Նիկոլն ու թիմը կանգնելու են պատասխանատվության առաջ, հետևաբար՝ թող գնան, որ գոնե իրենց «կաշին» փրկեն»,- եզրափակեց Մարտին Եսայանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարության անդամները հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևան ժամանած Արցախի Հանրապետության կառավարության անդամների հետ: Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը՝ հավելելով, թե այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է։

«Ինչպես պատերազմից առաջ, հետո և ընթացքում աշխատանքները մշտապես կոորդինացվել են, կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը, ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս