Ինչո՞ւ Բլինքենը խախտեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև չեզոքությունը. Հայաստանի ուղղությամբ արևմտյան ռևերանսները շարունակվում են
Մինչ հայաստանյան հանրությունն ու քաղաքական դաշտը կլանված է Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներով, որոնք ուղղված են Արցախի շուրջ սպասվող գործընթացների կանխմանը, աշխարհաքաղաքական կենտրոնները, մասնավորապես՝ Արևմուտքը, շարունակում է ուշագրավ ակտիվություն ցուցաբերել Հայաստանի շուրջ:
Օրերս ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ղեկավարը, հանդես գալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն էր, ասել է, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է: Այդ նպատակով, ըստ պետքարտուղար Բլինքենի, Միացյալ Նահանգները մշակում և առաջ է տանում հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխադարձ վստահության միջոցներ:
«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորումը»,- ասել է Բլինքենը:
Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին՝ նա նշել է գործընթացը խոչընդոտող վտանգի մասին: «Միացյալ Նահանգները դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից»,- ասել է Էնթոնի Բլինքենը սենատորներին:
Ըստ էության առաջին անգամ Միացյալ Նահանգները բարձրաստիճան դիվանագետի շուրթերով խախտեց անհասցե դիվանագիտական հայտարարությունների պրակտիկան, որը մշտապես ունեցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրների ներկայացուցիչները, դա պատճառաբանելով իրենց՝ միջնորդի կարգավիճակով: Եվ չնայած ԵԱՀԿ ՄԽ-ն եռանախագահության ձևաչափով այլևս չի գործում, միջնորդները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, պահպանում են իրենց համանախագահի դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ուստի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքն էական ու բացառիկ նշանակության դիվանագիտական հայտարարություն է, ինչպիսիք չեն եղել նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախը և հայ ժողովուրդը ենթարկվում էին թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային ու ամենաշատն ունեին դիվանագիտական աջակցության կարիք: Ուստի ներկայումս հարց է առաջանում, թե ինչու է ԱՄՆ պետքարտուղարը փոխում հռետորաբանությունը, շեշտադրումները՝ անելով հայանպաստ շեշտադրումներ:
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է փոխվել ԱՄՆ քաղաքական հայտարարությունների տոնայնությունը:
Նա նշեց, որ բոլոր գլխավոր միջնորդները, ԵՄ-ն, տարածաշրջանային երկրները, երկրները, որոնք հարաբերություններ ունեն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, սովորաբար պահպանել են չեզոքություն ԼՂ հակամարտության հարցում, չաջակցելով որևէ կողմի: Բնականաբար, ըստ նրա, միջնորդների դեպքում այդ հրապարակային չեզոքությունն էական նշանակություն է ունեցել, առանց որի` հնարավոր չէր լինի պահպանել միջնորդական դիրքորոշումը:
«Սակայն փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում, ամեն բան փոխվեց, ուստի կտրուկ փոխվում են նաև դիվանագիտությունն ու այն ուղերձները, որոնք սովորաբար ուղարկվել են տարբեր երկրներին, ռեգիոններին: Անհասցե, չեզոք, ոչինչ չասող հայտարարությունների ժամանակն անցել է, եթե կա փոփոխությունների ցանկություն, ապա հայտարարությունները, ըստ քաղաքականության, ևս փոխվում են: Ակնհայտ է, չէ՞, որ Արևմուտքը՝ հատկապես ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ավելի ակտիվ են աշխատում Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնցից էլ կախված է Հարավային Կովկասի ապագան, քանի որ միայն Վրաստանով ոչինչ չի որոշվում, հարավկովկասյան ռեգիոնը բոլոր կենտրոնների համար կարևոր է առաջին հերթին՝ հենց իր աշխարհագրական դիրքով և կարգավորված հարաբերություններով, որպեսզի ռեգիոնի միջոցով մեծ գեոտնտեսական պրոյեկտներ իրականացվեն: Ու հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն կարգավորել իրենց հարաբերությունները, պետք է խթանել հենց այս գործընթացը ճիշտ շեշտադրումներով, զուգահեռաբար ամենակարևոր թիրախն Արևմուտքի համար Ռուսաստանն է, ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանում այն ամենաուժեղն է՝ ելնելով օբյեկտիվ պայմաններից:
ԱՄՆ-ը ուղերձ է ցույց տալիս, որ աջակցում է Հայաստանին հակամարտության հարցում, որն ԱՄՆ-ի հետ աշխատելու հնարավորություն է տալիս Հայաստանին: Թե որքանո՞վ Հայաստանը կկարողանա օգտվել դրանից՝ այլ հարց է, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, և թե կոնկրետ կողմերն Արևմուտքի այս հետաքրքրությունը ինչպես կկարողանան օգտագործել, ևս քննարկման հարց է ու տեսանելի կլինի ժամանակի ընթացքում: Իհարկե, դա կախված է նաև Ռուսաստանի կամքից և նրանից, թե որքան կերկարաձգվի ուկրաինական պատերազմը, ինչ ընթացք ու արդյունքներ կունենա Ռուսաստանի համար»,- մեկնաբանեց Իրակլի Մենագարիշվիլին:
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն այցի վրա, որը տեղի է ունեցել օրերս Երևան ու Բաքու:
«Օրերս տարածաշրջանում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը, ով ևս կարծես կողմերին ուղերձ փոխանցեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Սա ևս չափազանց կարևոր ուղերձ է տարածաշրջանի համար, հաշվի առնելով նաև ներկայումս ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների գերլարված բնույթը: Նման այցերը, հայտարարություններն այս փուլում շատ են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական ծանր մրցապայքարով, որը նոր փուլ է մտել նաև Հարավային Կովկասում: Չեմ կարծում, որ հեշտ է լինելու, վերջին շրջանում ականատես եղանք Պուտին-Փաշինյան բանակցությունների, հասկանալի է, որ Ռուսաստանը շատ ամուր դիրքեր ունի, սակայն գուցե ուկրաինական պատերազմը ճեղքում մտցնի, որը կանդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա»,- նկատեց վրացի փորձագետը: