«Շշի Մելոն» Կառավարությունից հերթական արտոնությունը ստացավ
Կառավարության ապրիլի 28-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն տալու մասին հարցը. ընկերությունը կազատվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից:
Նշենք, որ «Սարանիստ» ապակե շշերի արտադրության գործարանի սեփականատերը Մելիք Մանուկյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի՝ «Շշի Մելո» մականունով։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ «ՍԱՐԱՆԻՍՏ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ապակու հալման վառարանի վերակառուցման համար։
«Արդեն իսկ իրականացվել է 400 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում՝ մինչև 2022 թվականի վերջ նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 663 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,- նշվում է հիմնավորման մեջ՝ վստահեցմամբ, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Ի դեպ, Մելիք Մանուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, 2019 թ. կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում հնարավորություն էր ստացել օգտվել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:
Այդ ժամանակ նշվում էր, որ ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Բալահովտում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան՝ կատարելով 2,8 մլրդ դրամի չափով ներդրում.
«Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թ.-ից: Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։ Արդյունքում՝ ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260.000 դրամ միջին աշխատավարձով»:
2021 թ. էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել Մելիք Մանուկյանի գործարաններ: