Այս պահին զրկված եմ սեփական ավտոմեքենան վարելու, աշխատասենյակ մտնելու, բանկային հաշվից օգտվելու հնարավորությունից, ձեռքիս տակ չունեմ անձնագիր, փող և հեռախոս. Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան ոստիկանությունը ապօրինի կերպով բերման ենթարկեց Ազատագրական շարժման մի խումբ անդամների, ապա՝ ավելի ուշ ինձ՝ Նաիրի Հոխիկյանին բառացիորեն առևանգեցին ոստիկանության կարմիր բերետավորները՝ ստանալով ցուցում վերադաս մարմնից։
Հրապարակային տեղեկացնում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ ժուռնալիստների միությանը, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, որ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնում քրեական հետախուզության բաժանմունքի պետը և պետի տեղակալը հայհոյախառն արտահայտություններով փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել ինձ վրա, սակայն տեսնելով, որ արդյունքի չեն հասնում՝ ոստիկաններին ցուցում տվեցին առգրավել իմ անձնական իրերը՝ դրամապանակը գումարով, բանկային քարտեր, անձնագիր, ավտոմեքենայի բանալիները, հեռախոսը։
Ինձ վրա փորձ է արվում բարդել ծանր վիրավորանքի քրեական մեղադրանք այն պարագայում, երբ ես որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ չեմ տվել։ Ամեն ինչ տեսագրված է։ Ոստիկանները ցուցում են ստացել պնդել, թե իբր ես իրենց անվանել եմ «թուրքի վիժվածք», այնինչ ես Նիկոլ Փաշինյանին պաշտպանող և համազգային շարժման դեմ կանգնած ոստիկաններին անվանել եմ «թուրքերին ծառայող», որը ծանր վիրավորանքի հատկանիշ չի պարունակում։
Շինծու գործեր կարելով՝ փորձ է արվում իմ նկատմամբ ճնշում գործադրել, սակայն հրապարակային տեղեկացնում եմ, որ ես ինքս եմ հաղորդում տալու հանցագործության մասին՝ ոստիկանության ծառայողների կողմից կատարված։ Ամեն փաստ կա։
Արդեն երկրորդ անգամ ՀՀ իշխանության ցուցումով ինձ մոտից խլվում է իմ հեռախոսը՝ փորձելով այդկերպ ինձ զրկել հանրային գործունեության հնարավորությունից։ Սակայն չի ստացվելու։
Պայքարը շարունակվում է։
Տեղեկացնում եմ նաև լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, որ ՀՀ իշխանությունները և նրանց ծառայող իրավապահ մարմինները գործում են ապօրինի, թույլ են տալիս հանցանքներ՝ փորձելով մարդուն զրկել խոսքի ազատությունից։
Զգուշացնում եմ, որ ես այս պահին զրկված եմ սեփական ավտոմեքենան վարելու, աշխատասենյակ մտնելու, բանկային հաշվից օգտվելու հնարավորությունից, ձեռքիս տակ չունեմ անձնագիր, փող և հեռախոս։ Ոստիկանության նշածս ծառայողները օրենքի ամբողջ խստությամբ պատասխան են տալու այս հանցագործության համար, և այդ ուղղությամբ ՀՀ Փաստաբանների պալատի ամբողջ թիմը գործի է դրել իր մասնագիտական ուժը»։