Բաժիններ՝

«Դատախազը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել է ևս 4 հաղորդում, և մեր բողոքն էլ կցվելու է այդ գործին». Ցորի զոհված զինծառայողի հարազատ

168.am-ը դեռ ապրիլի 18-ին տեղեկացրել էր՝ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն։

Լրագրողների հետ զրույցում նրանք մասնավորապես հայտնել էին, որ լսել են վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի» հայտարարությունը և այդ կապակցությամբ են բողոք ներկայացրել հանցագործության մասին։

168.amը Ցորի զորամասի զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ազգական Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է տրվել դատախազությանը ներկայացրած հաղորդմանը:

«4 ծնողների ընդունել է դատախազ Մուրադյանը և տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել է ևս 4 հաղորդում, որոնց վերաբերյալ վարույթ է իրականացվում, և մեր բողոքն էլ կցվելու է այդ գործին:

Մոտ օրերս մեր փաստաբանը բողոքարկելու է որոշումը, որ մեր բողոքը կցում են մյուս գործերին՝ պահանջով, որ առանձին վարույթ իրականացվի»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց Անահիտ Մանասյանը:

Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ այսօր 14։00-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատները հավաքվում են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, մեկնարկելու է բողոքի ակցիա` «իրենց երեխաների զանգվածային սպանության բոլոր մեղավորներին պատժելու համար» անհապաղ միջոցներ ձեռնարկել պահանջով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս