Բաժիններ՝

Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու օրը փոխվել է. ո՞րն է պատճառը

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հերթական փուլ անցած հեղինակներն ապրիլի 21-ին ներկայացրել էին իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով և նոր լույսի ներքո: Նրանց մեկ ամիս ժամանակ էր տրվել՝ քանդակները կատարելագործելու կամ նորը կերտելու համար:

«Անկախ արդյունքներից՝ շնորհակալ եմ բոլոր քանդակագործներին սրտացավ և պատասխանատու մոտեցման համար»,- նշել էր ԲՀԿ առաջնորդ, մտահղացման հեղինակ Գագիկ Ծառուկյանը:

Ապրիլի 22-ին տարածված տեսանյութում հաղորդվել էր, որ լավագույն գործերը կդրվեն հանրային քննարկման՝ ապրիլի 25-ին:

Նշվել էր նաև, որ հանձնախումբը կարևոր առաքելություն ունի՝ մոտ երեք տասնյակից պետք է ընտրի լավագույններն ու ներկայացնի հանրությանը, որոնք էլ քվեարկելու համար 7 օր ժամանակ է տրվելու։ Զուգահեռ կաշխատի հանձնախումբը։

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշել էր, որ որոշումը կայացվելու է հետևյալ սկզբունքով. քվեարկության 50 տոկոսը հաշվի է առնվելու քաղաքացիների կարծիքը, իսկ 50 տոկոսը՝ հանձնախմբի։ Որոշվել էր մայիսի 5-ին հայտարարել հաղթող նախագիծն ու հեղինակի անունը:

Ապրիլի 25-ին կապ հաստատեցինք արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք մեկնարկել է հանրային քննարկումը: Մեր հարցին ստացանք պատասխանը, թե՝ «Օրը հետաձգվել է, կհայտարարենք: Վաղը-մյուս օրը կանենք նոր հայտարարություն: Հանրային քննարկման կդրվի վերջին փուլ անցած 21 նախագիծ: Հանձնախումբը դեռ աշխատանք է տանում, մասնագետներով համալրված քննարկումներ են գնում, դրանք դեռ չեն ավարտվել: Ավարտենք, օրը կհայտարարենք»:

Հարցին, թե հանրային քննարկումը լինելու է առցա՞նց, թե՞ կոնկրետ որևէ տեղ, մեր զրուցակիցը հայտնեց. «Լինելու է և՛ առցանց, և՛ մեր ցուցասրահում՝ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ցուցասրահում: Դռները բաց են լինելու, ցանկացողները կարող են գնալ, նաև այդտեղ տեսնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս