Ալիևը կարող է փրկել Նիկոլ Փաշինյանին․ պատերազմով
«Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արսեն Թորոսյանը՝ անտաղանդորեն առաջ տանելով ընդդիմության գործողությունները որպես պատերազմի սպառնալիք ներկայացնելու իշխանական մանիպուլյատիվ քարոզչության թեզը։ Արսեն Թորոսյանի շուրթերով, իհարկե, խոսում է Նիկոլ Փաշինյանը, որը պետք է վտանգավոր համարել։
Խնդիրն այն է, որ իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ թե զգուշացնում է ընդդիմության գործողությունների հետևանքով պատերազմի վտանգի մասին, այլ անուղղակիորեն սպառնում է հանրությանը՝ եթե մասնակցեք ընդդիմության ակցիաներին, կստանաք պատերազմ։
Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը չի հրահրելու պատերազմ՝ հանուն իշխանության պահպանման։ Ճիշտ հակառակը՝ պատերազմ կարող է սանձազերծել Ադրբեջանը՝ կրկին նույն նպատակով՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար։ Պատահական չէ, որ Հայաստանի ընդդիմության գործողությունների և պատերազմի միջև կապի մասին խոսում է երկու սուբյեկտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և Իլհամ Ալիևը։ Որովհետև երկուսն էլ հայկական ընդդիմությունից ընդհանուր պաշտպանության առարկա ունեն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Վերջինիս համար սեփական իշխանությունը թանկ է ամենայնից, և նա բազմիցս ապացուցել է, որ հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ պատերազմի։ Իսկ Ալիևին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օդ ու ջրի պես անհրաժեշտ է սեփական նպատակները մինչև վերջ հասցնելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Հետևաբար՝ երկուսն էլ վտանգ են զգում հայաստանյան ընդդիմության գործողություններից, և երկուսն էլ սպառնում են նույն վտանգով՝ պատերազմով։
Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին և նրա քարոզչական սպասարկուներին այդքան վստահություն, որ հայկական ընդդիմությունն ուզում է պատերազմ, ո՞վ է նրանց պատերազմի երաշխիք տվել։ Տրամաբանությունն ասում է, որ նման վստահություն կարող են հաղորդել միայն «ադրբեջանցի գործընկերները»։ Այսինքն, եթե հայկական ընդդիմության գործողությունները թափ հավաքեն և իրական սպառնալիք դառնան Նիկոլ Փաշինյանի համար, Ալիևը կարող է «կազմակերպել պատերազմ»՝ բողոքի ալիքը ցրելու և փաշինյանական իշխանությանն ուղղված վտանգները չեզոքացնելու համար։
Առողջ բանականության համար անհավանական թվացող այս սցենարն ավելի քան իրատեսական է՝ հաշվի առնելով մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի «կառուցողականությունն» ու խաղաղության մտասևեռումը, մյուս կողմից՝ նրա իսկ իշխանության կարևորությունն Իլհամ Ալիևի համար։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմի համար, որով Նիկոլ Փաշինյանը վախեցնում է Հայաստանի քաղաքացիներին, բավարար է ընդամենը մեկ հեռախոսազանգ՝ ինտելիգենտ Ալիևին։
Զարմանալի «զուգադիպությամբ», ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի սպասյակներից մեկը սոցցանցում քաղաքացիներին սպառնում էր պատերազմով, մեկ այլ սպասյակ՝ Արարատ Միրզոյանը, հեռախոսազրույց էր ունենում Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
Պատահականությո՞ւն է։ Հազիվ թե։
Հարություն Ավետիսյան