«Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն է, որպեսզի այս խայտառակ հակապետական ծրագիրը կասեցվի». Տաթևիկ Հայրապետյան

«Օրակարգը, որը թելադրում է Ադրբեջանը, չի բխում Հայաստանի շահերից: Դրանից զատ՝ մի պարզ բան էլ կա. նախորդիվ, երբ մայիսի 12-ին հայտնի միջադեպը եղավ, և ադրբեջանական զորքերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, Հայաստանը հայտարարությամբ էր հանդես եկել, որ չի սկսի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման:

Եվ հիմա Հայաստանը հերթական հետքայլն է անում և դա սեփական հանրությանը ներկայացնում է՝ որպես կարևոր ձեռքբերում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու կողմերի հապճեպությանը՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Ադրբեջանագետի համոզմամբ՝ այս առնչությամբ խոստումները հնչել և պայմանավորվածությունները ձեռք են բերվել Բրյուսելում:

«Այսինքն՝ մեր իշխանությունները ցանկություն չունեն կամ ունակ չեն դիմադրելու Ադրբեջանի ճնշումներին և լիարժեքորեն մտել են պարտվածի կերպարի մեջ, իսկ Ալիևը հաղթողի դիրքերից թելադրում է իր պայմանները»,- հավելեց նա:

Ո՞րն է այս գործընթացների այլընտրանքը՝ հարցին ի պատասխան՝ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց.

«Ես կարծում եմ՝ պետք է հստակ աշխատանք տարվեր միջազգային գործընկերների հետ՝ ոչ թե գալ-ասել, որ՝ գիտեք, միջազգային հանրությունը (այն էլ հստակ չէ՝ թե ում նկատի ունի) սա է մեզնից ուզում, նա է մեզնից ուզում, այլ իրենք միջազգային հանրությանը ներկայացնեն, թե ինչ են ուզում իրենք և ինչի հիման վրա: Իրենք խոսում են, թե ինչ է ուզում Ադրբեջանը, միջազգային հանրությունը, մենք գիտենք, թե ինչ է ուզում Ռուսաստանը, Եվրոպան, Միացյալ Նահանգները, բայց չենք հասկանում՝ ինչ է ուզում ՀՀ-ն՝ որպես պետություն:

Սա ամենամեծ խնդիրն է. այսօր Հայաստանը չունի օրակարգ, չի հասկացվում՝ ինչ ասել է՝ խաղաղություն»:

Նա աբսուրդ որակեց խաղաղության մասին իշխանական ու մերձիշխանական շրջանակների շահարկումները՝ նկատելով, որ այսօր Հայաստանում չկա քաղաքական ուժ, որ պատերազմի կոչով է հանդես գալիս:

«Կա հետևյալ դիլեման՝ եթե մեզ վրա հարձակվեն, մենք պատրաստվում ենք պաշտպանվե՞լ, թե՞ հանձնվել. իրենք հանձնվելը ներկայացնում են՝ որպես խաղաղություն, իսկ մարդկանց մեծ մասն ուղղակի ասում է՝ դարերով ստուգված է, որ հանձնվելը երբեք չի բերելու խաղաղության. եկեք զինվենք և պատրաստվենք պաշտպանության:

Էլի բանակցել, խոսել. ոչ մեկը չի ասում՝ բանակցային սեղանը թող շուռ տան, բայց հասկանալ՝ ինչի շուրջ ես խոսում, որն է քո պետական և անվտանգային շահը, ինչն արտացոլված չէ՝ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում, և ո՛չ էլ՝ մեկ այլ մայրաքաղաքում»:

Իշխանական նախկին պատգամավորը շեշտեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը փոխկապակցված է Արցախի հիմնախնդրի հետ, ապա հավելեց՝ բանակցային հմտություններ են անհրաժեշտ՝ գործընթացները միմյանցից տարանջատելու համար:

«Բայց դե ինչի մասին է խոսքը՝ իրենք պարզ տեքստով ասում են, որ պատրաստվում են հրաժարվել Արցախից: Այստեղ անգամ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովը կապ չունի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցը համոզված է՝ «Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն է, որպեսզի այս խայտառակ հակապետական ծրագիրը կասեցվի», սակայն շեշտեց՝ պակաս կարևոր չէ, թե ինչ թիմ և ինչ ծրագրով է գալու իշխանության:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ:

Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնաց, Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևին ընդունելիս ասել է, որ Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին, ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։

Տեսանյութեր

Լրահոս