Այդպիսի ողջույն ուղարկել էին Հրանտ Դինքին, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդին. Ռուբեն Մելքոնյան

Մինչ Հայաստանում իշխանական ու մերձիշխանական շրջանակները խաղաղության օրակարգի տեղապտույտում ինչ-ինչ անորոշ սպասումների մասին են բարձրաձայնում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին Ուրուգվայում՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառման մասնակիցներին ողջունում է «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության ժեստով:

Բայց սա դեռ ամենը չէ․ տեղեկանում ենք, որ Ստամբուլում կրկին արգելվել են Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները. 2010 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող ոգեկոչման երթը նախորդ երկու տարիներին արգելվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառաբանությամբ:

Եվ որքան էլ տարօրինակ է, այս աղմկահարույց դրվագներին շարունակում են հաջորդել Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղության ու բարեկամության մասին փոխադարձ վստահեցումներ:

Այսպես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապրիլ 24-յան իր ուղերձում հույս է հայտնում, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և հնարավոր կլինի դեպի խաղաղություն շարժվել, իսկ Թուրքիայի նախագահը կոչ է անում անցյալի վերքերը միասին բուժել և միասին կառուցել ապագան:

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց՝ Թուրքիայի արտգործնախարարի ողջույնի ժեստը ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպության սիմվոլն է, որն օգտագործում են ծայրահեղ ազգայնական ահաբեկիչները, ապա շեշտեց՝ հայերի հանդեպ այս ժեստը և այդ մտածողությունը դրված է Թուրքիայի պետական քաղաքականության ու գաղափարախոսության հիմքում:

«Երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները Թուրքիայից ինչ-որ մեսիջներ են տեսնում և դրանք անվանում դրական մեսիջներ, պետք է նաև քաջություն ունենան գնահատական տալ այս իրական մեսիջին, որը հենց թուրքական իրական քաղաքականությունն է Հայաստանի, հայության, Հայոց ցեղասպանության նկատմամբ: Այսինքն՝ ՀՀ օրվա իշխանությունների ձևակերպումները, ուղերձները փորձ են՝ ցույց տալ մի դրական Թուրքիա, որն իրականում գոյություն չունի, և սրանով իշխանությունները կամ ինքնախաբեությամբ են զբաղվում՝ անտեսելով թուրքական պետական մտածողության այս դրսևորումը, կամ խաբում են հասարակությանը և նաև այն հատվածին, որն իրենց հավատացել ու ձայն է տվել»,- նշեց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանն արձանագրեց նաև, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը որևէ կերպ չի փոխվել, շարունակում է մնալ ծայրահեղ թշնամական, և պատահական չէ, որ հայաստանյան իշխանությունների՝ նաև երեկվա ելույթներում հնչող լավատեսությունը թուրքական կողմից նման պատասխաններ է ստանում:

«Թող ժողովուրդն ինքը տեսնի, թե ինչ է նշանակում թուրքական դրական մեսիջ, թող նայի Թուրքիայի ԱԳ նախարարի ողջույնի ժեստին և հասկանա՝ որն է իրականությունը և որն է այն կեղծ իրականությունը, որ նրան է հրամցնում այս իշխանությունը»,- հավելեց նա:

Հարցին, թե ո՞րն է մեկնարկած գործընթացների այլընտրանքը, եթե, օրինակ, իշխանությունները որոշեն ընդունել սխալները և հետ կանգնել այս օրակարգից, թուրքագետը պատասխանեց.

«Այլընտրանքն իրատեսությունն է, որը միշտ ուղեկցել է մեր պետականությանը 30 տարիների ընթացքում: Գրեթե միշտ, երբեմն եղել են նման խաղաղասիրական տենդենցներ, բայց դրանք մարգինալ խմբերի են պատկանել, կամ այնպիսի խմբերի, որոնք հեռացել են իշխանությունից:

Բայց այժմ ողբերգությունն այն է, որ շատ նախկին իշխանության գաղափարախոսը, Թուրքիայի հետ ջերմացման կողմնակիցը դարձել է նաև այսօրվա իշխանությունների հոգևոր ուսուցիչը, և նրանց թեզերն են, որ այսօրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ տիրաժավորում են և բարձրաձայնում:

Այսինքն՝ այն թեզը, որ մենք Թուրքիայի հետ մենք պետք է գնանք խաղաղության, զիջումների և այլն, այսօր դարձել է ՀՀ պետական քաղաքականություն, բայց այդ թեզը չունի որևէ իրական հիմք. Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել Թուրքիայի հետ դրական հարաբերություներ հաստատել, բայց Թուրքիայի կողմից չի եղել համարժեք պատասխան, հիմա էլ դա չկա: Հետևաբար, Հայաստանը պետք է ընտրի կա՛մ ինքնախաբեության, կա՛մ իրատեսության մեջ»:

Նա վերահաստատեց՝ այս ամենի այլընտրանքն իրատես, արժանապատիվ քաղաքականությունն է՝ համոզում հայտնելով, սակայն, որ այս իշխանությունները երբևէ չեն կարող գիտակցել, որ իրենք սխալվել են և Թուրքիայի հարցում իլյուզիաներով են տարվել:

«Միակ ուղին, որը Հայաստանին թույլ կտա ուղղել իր մեջք և փորձել այս բարդ իրավիճակում վերամշակել իր գոյատևման մեխանիզմները, այս իշխանության հեռացումն է, որովհետև հենց միայն Ապրիլի 24-ը ցույց է տալիս, թե այս իշխանությունն ինչքան ոչ ադեկվատ է առկա մարտահրավերներին. երբ Թուրքիայի ԱԳ նախարարը գորշ գայլերի նշանով է մեզ ողջունում, որը նշանակում է՝ հայերի տոտալ ոչնչացում (այդ ողջույնն ուղարկում են նրան, ում պետք է սպանեն. այդպիսի ողջույն ուղարկել էին Հրանտ Դինքին, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդին՝ նրա դեմ մահափորձից առաջ), իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել գոյություն չունեցող, ինչ-որ դրական մեսիջներից և խաղաղությունից»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս