«Մեր բաժին պատասխանատվությունն ենք ստանձնում դեպի հավերժական Հայաստան տանող ճանապարհին»․ Ասպրամ Կրպեյանը միացել է Իջևանից դեպի Երևան քայլերթին
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզից դեպի մայրաքաղաք Երևան երթին միացել է նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Երթի ընթացքում հենց ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքով իրենց ուղղված հարցերին՝ պատգամավորն ասաց, որ մինչև Երևան շուրջ 150 կիլոմետր է, և շուրջ 7 օր քայլելու են։
«Ինձ համար սա բացառիկ խորհուրդ ունի, այստեղից մենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթն ենք սկսում։ Ես բազմիցս կրկնել եմ հաղթանակի բանաձևը և առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս պետք է կրկնեմ։ Չկա Հայաստան՝ առանց Արցախ, չկա Արցախ՝ առանց Հայաստան, ինչպես նաև չկա Տավուշ՝ առանց Հայաստան, և չկա Հայաստան՝ առանց Տավուշ։ Մեր հայրենիքի բոլոր հատվածները, բոլոր ամիսները մեզ համար սրբազան են, դրանք պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ մարդ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։
Բոլորս պետք է մեր բաժին պատասխանատվությունը ստանձնենք, այսօր ես և իմ գաղափարական ընկերները մեր բաժին պատասխանատվությունն ենք ստանձնում դեպի հավերժական Հայաստան տանող ճանապարհ, հանուն հավերժական Հայաստան ունենալու գաղափարի․․․
Ուզում եմ, որ հայ մարդը, արժանապատիվ հայ մարդը, իմ սիրելի հայրենակիցներն իրապես գիտակցեն պահի վճռականությունը և իրենց ընդվզումն ու դիմադրությունը հայտնեն, որովհետև մենք օր առաջ պետք է ազատվենք այս թուրքահպատակ կոլաբորացիոնիստների վարչախմբից և այս ճանապարհին մեր սրբազան քայլերթը պետք է միասնաբար անցնենք․․․»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Սաղաթելյանը նաև հայտնել էր, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն նաև Հայաստանի այլ մարզերից․
«Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ #զարթնիրլաո»»։