Ի՞նչ կշահի Հայաստանը գազի դիմաց ռուբլով վճարելուց, և ինչպե՞ս կազդի դա սակագնի վրա  

Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից կիրառվող համատարած պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը սկսել է հրաժարվել «անվստահելի» արժույթներից և ոչ բարեկամ երկրներից պահանջում է, որպեսզի մատակարարվող էներգակիրների դիմաց վճարեն ռուբլով։ Ոչ բոլորը, բայց կան երկրներ, որոնք արդեն համաձայնել են։ Մի մասը դեռ դիմադրում է, ու առայժմ հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի։

Ռուսաստանի և Արևմուտքի այս դիմակայությանը թեև Հայաստանը մասնակից չէ և չի համարվում ոչ բարեկամ երկիր, այնուհանդերձ դատելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունից՝ մենք ևս սկսել ենք ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։

«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները հենց ռուբլով են կատարվել, բայց ըստ համապատասխան փոխարժեքի»,- օրերս հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

Հայաստանի իշխանությունները վաղուց էին պայքարում գազի դիմաց ռուբլով վճարելու համար։ Թվում է, թե վերջապես հասել ենք մեր ուզածին՝ դոլարի փոխարեն ռուբլով կվճարենք։ Բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչ ենթադրվում էր։

Խնդիրը ոչ թե ռուբլով վճարելու, այլ գազի գնագոյացման արժույթի մեջ է։

Այնինչ՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը հիմա էլ շարունակում է հաշվարկվել դոլարով։ Գնագոյացումը կատարվում է դոլարով, ընդամենը վճարումն է իրականացվում դրան համարժեք ռուբլով։

Նախկինում ինչպես գնագոյացումը, այնպես էլ վճարումը դոլարով էր։

Ի՞նչ կարող է շահել սրանից Հայաստանը։

Հայաստանի շահը սրանից այն է, որ գազի դիմաց վճարվող դոլարը մնում է երկրում։

Ռուսաստանից ներմուծվող գազը տարեկան տատանվում է 2-2,2 մլրդ խորանարդ մետրի սահմաններում։ Եթե հաշվի առնենք, որ հազար խորանարդի գինը 165 դոլար է, ևս 10 դոլար՝ կալորիականության գինն է, ապա կստացվի շուրջ 350-360 մլն դոլար։

Ռուբլով վճարելու դեպքում այդքան տարադրամ կմնա Հայաստանում։

Սա, իհարկե, լավ է ֆինանսական շուկայի տարադրամային հագեցվածության համար։ Ըստ էության, նաև դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում արժութային շուկայում արձանագրվում է դոլարի պահանջարկի անկում, ինչն էլ հանգեցրել է ամերիկյան արժույթի արժեզրկման։

Բայց դեռ հարց է՝ այդ դոլարը երկարաժամկետում մեզ պե՞տք է, թե՞ ոչ։

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի է ունենում արժույթների վերաիմաստավորում, որն ուղեկցվում է դոլարի դիրքերի թուլացմամբ։ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պայմաններում շատ երկրներ սկսել են նախապատվությունը տալ ազգային արժույթներով առևտրային հարաբերությունների ձևավորմանը։ Դոլարը, որը տասնյակ տարիներ եղել է տարբեր երկրների տնտեսությունների վրա ազդեցության կարևորագույն գործիք, կարծես կորցնում է համաշխարհային արժույթի իր երբեմնի փառքը և աստիճանաբար զիջում է դիրքերը։

Դատելով նրանից, որ ռուսական գազի վճարումները սկսել են կատարվել ռուբլով՝ Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացներից, ինչն էլ ներքին շուկայում իր ազդեցությունն է թողել դոլարի պահանջարկի վրա։

Եթե նախկինում «Գազպրոմը Արմենիան» սպառողներից գումարները հավաքում էր դրամով, մի մասն օգտագործում ներքին կարիքների համար, իսկ մյուս մասը փոխարկում էր դոլարի և վճարում ներմուծվող գազի դիմաց, հիմա դոլարի փոխարեն՝ ռուբլի է գնում և ռուբլով է վճարում գազի դիմաց, բայց դոլարով արձանագրված գնին համարժեք չափով։

Գազամատակարար ընկերության համար ֆինանսական շահավետության առումով, սրանից, ըստ էության էական տարբերություն չկա։ Այն ժամանակ դոլար էր գնում, որի հետևանքով որոշակի ֆինանսական կորուստներ էր ունենում, հիմա էլ ռուբլի է գնում, էլի ֆինանսական կորուստներ է ունենում՝ դրամը տարադրամի փոխարկելու հետևանքով։

Թեև այդ կորուստները կամ դրանց առնվազն մի մասը կարող էին և չլինել։

Ինչպես հայտնի է, խոշոր սպառողների համար գազի սակագինը փոխկապակցված է դոլարի փոխարժեքի հետ։ Սակագինը հաշվարկվում է դոլարով, բայց վճարումը կատարվում է դրամով։ Ու երբ խոշոր սպառողը, որի հասույթները գոյանում են տարադրամով, պիտի վճարի օգտագործած գազի դիմաց, ստիպված է իր մոտ եղած տարադրամը փոխարկել դրամի և դրամով վճարել գազի գումարը։ Իր հերթին՝ գազամատակարար ընկերությունն այդ դրամը տանում, կրկին վերածում է տարադրամի, որպեսզի վճարի ներմուծված գազի դիմաց։

Ստացվում է անհասկանալի ու անտրամաբանական շղթա, որից շահում են բացառապես ֆինանսական շուկայի մասնակիցները։ Փոխարենը՝ դրա հետևանքով սակագները ծանրաբեռնվում են հարյուրավոր միլիոն դրամների հասնող չպատճառաբանված ծախսերով, որոնք առաջանում են դրամն այլ արժույթի փոխարկելու և ներմուծված գազի համար վճարելու ժամանակ։

Սա ոչնչով չհիմնավորված և անիմաստ ծախս է սակագների մեջ։ Բայց Հանձնաժողովը տարիներ շարունակ առաջնորդվում է նույն սկզբունքով ու կարծես միտք էլ չունի գտնել տարբերակներ՝ սակագների վրա այդպիսի անիմաստ ծախսերի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

Անկախ նրանից՝ ներմուծվող գազի դիմաց վճարումները կկատարվեն դոլարո՞վ, թե՞ ռուբլով, այս խնդիրը կա և շարունակելու է լինել այնքան ժամանակ, քան դեռ չեն վերանայվել օգտագործված գազի դիմաց վճարման սխեմաները։ Խոսքն ինչպես՝ խոշոր սպառողների, այնպես էլ՝ ընդհանրապես ներմուծվող գազի մասին է։

Այն, ինչ տեղի է ունենում գազի դիմաց ռուբլով վճարելու պարագայում, մեծ բան չի տալու։ Ընդամենը ներմուծվող գազի դոլարային գնին համապատասխան ռուբլի ենք վճարում։

Այլ բան, եթե ներմուծվող գազի պայմանագիրը լիներ ռուբլով, և վճարումներն էլ կատարվեին ռուբլով։ Այդ դեպքում Հայաստանը կարող էր շահել՝ հատկապես ռուբլու թուլացման ազդեցությունից։

Բայց քանի դեռ ռուբլին գտնվում է նման բարձր անկայունության գոտում, հազիվ թե Ռուսաստանը կհամաձայնի գազի պայմանագրում գինն ամրագրել ռուբլով։ Գուցե առաջիկայում հրաժարվեն նաև դոլարային գնագոյացումից, բայց առայժմ ցածր է ռուբլուն անցնելու հավանականությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս